Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծով առաջարկվում է փոփոխել նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը

Մայիս 02,2025 15:21

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել լիցենզիայի տրամադրման կարգերում փոփոխություն և լրացում կատարելու նախագիծը։

Առաջարկվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ կատարել խմբագրումներ՝ փոփոխելով նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը, ինչպես նաև նշված հաստատություններում իջեցնելով հիմնական աշխատողների տոկոսային շեմը։

Ըստ հիմնավորման՝ փոփոխությունը կնպաստի, որպեսզի զարգացման կենտրոնների անվան տակ գործող, սակայն ըստ էության  նախադպրոցական  ծառայություններ մատուցող կազմակերպությունները կարողանան առանց խոչընդոտների լիցենզավորվել։

Ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջի վերաբերյալ տարբեր քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ նախադպրոցական մի շարք ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար լիցենզավորման ժամանակ կարող է խնդիր առաջանալ, քանի որ դեռևս կան մեծ թվով ուսումնական հաստատություններ, որոնք գործունեություն են իրականացնում բնակելի նշանակության տարածքներում: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինել հասարակական և բնակելի նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախադպրոցական ծառայություն մատուցող կազմակերպություններն իրականացնում են նաև մինչև 4 ժամ տևողությամբ ծառայություն, առաջարկվում է վերանայել մանկավարժական կազմի հիմնական աշխատողների պահանջը, քանի որ օրվա մի մասը նշված մասնագետներն աշխատում են այլ հաստատություններում: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախատեսվում է հիմնական աշխատողների 80%-ի շեմն իջեցնել 50%-ի։

Նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր և նախադպրոցական ծառայություններ իրականացնող ոչ պետական կենտրոնները, լիցենզավորվելով և գործելով լիազոր մարմնի վերահսկողության ներքո, կապահովեն երեխաների առողջության և անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ և սանիտարահամաճարակային, հակահրդեհային անվտանգության և այլն), ինչպես նաև կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները։

Նախագծի քննարկումն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև մայիսի 13-ը: Քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպություններն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031