Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնյակ, բամբաներկով չեմ շնորհավորել, բայց բոլորս էլ գյումրեցի ենք»․ ջերմ շփում Սարիկ Մինասյանի և Վարդան Ղուկասյանի միջև

Մայիս 02,2025 16:13

Գյումրու նորընտիր ավագանու նիստին առաջին անգամ մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, թե այն բոլոր նիստերին, որոնք կարևոր կլինեն Գյումրու բնականոն զարգացման համար՝ ՔՊ-ն կմասնակցի։ Նա նաև հիշեցրեց, որ իրենք ամենամեծ խմբակցությունն են և իրավունք ունեն արտահերթ նիստեր հրավիրելու․ հետևողական են լինելու, որ իրականանան իրենց նախընտրական ծրագրում տեղ գտած դրույթները։

«Մենք գյումրեցիներից չենք խռովում, ծառայելու ենք մեր քաղաքին և բնակչությանը», -ասաց Սարիկ Մինասյանը։

Դիտարկմանը՝ այսօրվա ավագանու նիստից այնպիսի տպավորություն ստացանք, որ կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի եք եկել, Սարիկ Մինասյանը ժպտալով պատասխանեց․ «Կոմունիստների հետ ընդհանուր հայտարարի չգիտեմ ինչպես պիտի գանք, ճիշտն ասած՝ այնքան ծանոթ չեմ էլ եղել, հոկտեմբերիկ էլ չեմ եղել, պատիվ չեմ ունեցել հոկտեմբերիկ լինելու, բայց ասենք՝ անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ընտրվելուն, ուղղակի պոպուլիզմ է կամ ցուցադրություն, որին ես դեմ եմ»։

Սարիկ Մինասյանն ասաց, որ այն հարցերը, որոնք կլինեն խնդրահարույց և քաղաքի շահերին հակառակ, բնականաբար իրենց խմբակցությունը դեմ կքվեարկի։

«Ինչպես ընկեր Ղուկասյանը նշեց, ասաց, որ մենք ընկերով պիտի խոսենք, ինչպես ինքն է խիստ լինելու, կրկնակի անգամ մենք ենք խիստ ու հետևողական լինելու, որպեսզի պաշտոնյաները իրենց լիազորությունները և պարտականությունները իրականացնեն պատշաճ՝ օրենքին համապատասխան և ծառայեն գյումրեցիներին»,-ասաց Սարիկ Մինասյանը։

Սարիկ Մինասյանից հետաքրքվեցին, թե որևէ պաշտոն զբաղեցնելո՞ւ է․ մամուլում տարբեր պաշտոնների մասին է գրվում, որին ի պատասխան՝ նա ասաց․ «Հիմա էստեղ եմ, ասել եմ՝ իմ մանդատը վերցնելու եմ, որևիցե պաշտոնի չեմ հավակնում: Ամենամեծ պաշտոնը Գյումրի քաղաքում ունեմ ես․ 17 հազար 200 ձայն ունեցող խմբակցություն և անձնավորություն եմ: Ինձ համար դա Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պաշտոնն է»։

Սարիկ Մինասյանը բացառեց Կոմունիստական կուսակցության հետ կոալիցիա կազմելն՝ ասելով․ «Ես ուր, կոմունիզմը ուր»։

Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների օրակարգը կլինի այն ժամանակ, երբ տվյալ ձևաչափով ձևավորված իշխանությունը սկսի «ճաքեր տալ ու կբախվեն անձնական ու քաղաքական շահերը»։

Եվ մինչ Սարիկ Մինասյանը հարցազրույց էր տալիս քաղաքապետարանի միջանցքում, Վարդան Ղուկասյան իր տեղակալների ուղեկցությամբ բարձրացավ երրորդ հարկ՝ լրագրողներին կոչ անելով․ «Սարիկ Մինասյանին շատ վրա չտաք», որի ի պատասխան՝ Սարիկ Մինասյանն ասաց․ «15 րոպե է՝ չեն թողնի, զգացված եմ, ընկեր Ղուկասյան»։

Նա ասաց, որ գժտված չի եղել Վարդան Ղուկասյանի հետ, շատ նորմալ բարևել են։

«Կոնյակ, բամբաներկով չեմ եկել շնորհավորեմ, բայց մենք բոլորս հայ ենք, գյումրեցի ենք, ո՞նց կարող ենք չբարևել»,-ասաց Սարիկ Մինասյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031