«ՀՀ-ում քաղաքական պատասխանատվության ինստիտուտը չի գործում։ Այս արարքը գործած պաշտոնյան մինչ օրս պաշտոնավարում է՝ չնայած նրան, որ իրավական գործընթաց է սկսել։ Այդ մարդը դեռ իր պաշտոնին է, շփվում է քաղաքացիների հետ, ընդունում նրանց, կատարում իր լիազորությունները, մինչդեռ վստահ եմ, որ նման անձինք պետք է օր առաջ հանրային պաշտոնից զրկվեն»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Երբ թաղապետարանը դառնում է մարտադաշտ. Նոր Նորքի ծեծկռտուքն ու դրա հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը՝ անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին։
Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայտարարությունը Գրիգոր Երիցյանը համարեց անողնաշար․ «Այն չէր քննադատում բռնությունը և միտված էր պաշտպանելու բռնարարին։ Իրական հայտարարությունը պետք է լիներ դատապարտումը։ Քաղաքապետը մեկ ժամ առաջ պետք է հայտարարությամբ հանդես գար ու ստորագրեր պաշտոնից ազատելու հրամանը, պետք է սկսվեր այն ավագանու անդամներին մանդատից զրկելու գործընթաց, որոնք բռնության մեջ են ներգրավված եղել, կամ արդարացրել են բռնությունը։ Դրանցից և ոչ մեկը տեղի չի ունեցել։ Նշանակում է, որ և′ Տիգրան Ավինյանը, և′ իրենց քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանը լիովին կիսում են այս մոտեցումը և արդարացնում բռնությունը»։
Հարցին՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն ինչո՞ւ է դեռ պաշտոնավորում և ինչո՞ւ ՔՊ-ն որոշում չի կայացնում, Գրիգոր Երիցյանը պատասխանեց․ «Հստակ է, որ քաղաքական առումով Տիգրան Ավինյանը պատանդ է այս կուսակցության ձեռքերում։ Այն պահին, երբ այս կուսակցության ներկայացուցիչներն իրենց մանդատները վայր դնեն, կավարտվի Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը Երևանում։ Գիտեք, որ նա Երևանի ավագանիում մեծամասնություն չունի, անգամ «Հանրապետություն» կուսակցության հետ մեծամասնություն չունեն։ Կոալիցիոն գործընկերոջը չեն ցանկանում կորցնել։ Պետք է հիմա հասկանալ՝ պաշտպանե՞լ այն արժեքները, որոնցով 2018-ին եկել են իշխանության, թե՞ պաշտպանել ներխմբակային թիմային շահերը, ամեն գնով պահել իշխանությունը։ Իշխանությունը այս խմբակի համար շատ ավելի թանկ է, քան այն արժեքները, որոնք իրենք հայտարարում են, քան բռնության դեմ, քրեական մշակույթի դեմ պայքարը։ Ուստի պարզ է, որ որևէ քաղաքական պատասխանատվություն չի լինելու, և անձը շարունակելու է իր պաշտոնում մնալ մինչև իրավական գործընթացը տարիներ կշարունակվի։ Թե ինչ ելք կունենա, դա էլ պարզ չէ։ Եթե կուսակցությունում կան ադեկվատ մարդիկ, եթե ներսից այդ ճնշումը լինի, գուցե ինչ-որ պայմանավորվածության կարողանան գալ «Հանրապետության» հետ և գոնե այդ մեկ պաշտոնը իրենցից վերցնեն»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի