Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից հետո զորամասի հրամանատարն ընկած հարակից տներով տեսախցիկ է փնտրել, որ գոնե այդ կերպ հասկանա՝ դեպքից առաջ ինչ շարժ է եղել դեպի կացարան:
Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով դատական նիստում խոստովանեց 55. 705 զորամասի մարտական հերթապահության գծով տեղակալ, գործով վկա Ռադիկ Գեւորգյանը:
Նա պատմեց, որ իր փնտրտուքի ընթացքում կացարանից 4 տուն այն կողմ ապրող մի բնակիչ հայտնել է, որ տեսախցիկ ունեն, բայց արդեն վեց ամիս է՝ չի աշխատում:
«Ինձ հետաքրքրում էր՝ մինչեւ հրդեհը ինչ շարժ է եղել, տարբեր տեղերից ճշտել եմ, ամեն ինչ անում էի՝ հանգամանքներն իմանանք, ով է եկել, գնացել: Ախր էդ զինվորների մի ծնող էլ ես եմ»,- ասաց հրամանատարը:
Կարդացեք նաև
Նրան հարց ուղղվեց՝ կոնկրետ էդ օրը որեւէ մեքենայի շարժի մասին իրեն զեկուցե՞լ են, պատասխանեց. «Ասել են մեքենա եկել է, բայց իրենց մոտ չէ, փողոց, հարց ու փորձից իմացա: Սովետական մեքենա է եղել: Խաչմերուկում գտնվող խանութի մոտից եմ սկսել հարցուփորձը: Ասել են մի քանի ժամ առաջ ավտո է մտել, գնացել, 22:00-ի սահմաններում»:
Հրամանատարը մի ուշագրավ տեղեկություն էլ հայտնեց: Ըստ նրա՝ դեպքից երկու օր առաջ ռազմական ոստիկանությունը կացարանում հայտնաբերել է սմարթֆոն, պարզել, որ զինվորները թմրանյութերի առք ու վաճառքի տելեգրամյան ալիքով են հետաքրքրված: Այդ բացահայտումից հետո, ըստ հրամանատարի, բոլորի հեռախոսները հավաքել են, որոշում է ընդունվել, որ հաջորդ օրը կամազով բոլոր զինծառայողներին դատաբժշկական փորձաքննության կտանեն:
Հրամանատարը նաեւ պատմեց, որ Եղիշե Հակոբյանը ընտանեկան խնդիրներ է ունեցել, եղել է խառը, թափթփված, շեղված: Վկայի խոսքով, այլ անձանցից լսել է, որ Եղիշեն հաշիշ էլ է օգտագործում, բայց ինքն անձամբ չի տեսել:
Հրամանատարի խոսքով, Եղիշեն զորացրվելու զեկուցագիր է գրել՝ հայտնելով, որ չի կարող այլեւս ծառայել, խառն է, ու որոշվել էր՝ դեպքից մի հինգ օր առաջ պետք է տեղափոխվեր կամ զորացրվեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ