Լրահոս
Օրվա լրահոսը

Մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը․ Անահիտ Մանասյան

Մայիս 03,2025 10:50

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

«Զանգվածային լրատվության միջոցների սիրելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։

Այս օրը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ձեր բարդ ու պատասխանատու առաքելության կարևորությունը և վերահաստատելու ձեր աշխատանքի բացառիկ նշանակությունը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում:

Մարդու իրավունքների պաշտպանի 2024 թվականի տարեկան հաղորդման շրջանակներում հատուկ ընդգծել եմ լրատվական համայնքի ներկայացուցիչների անխոչընդոտ գործունեության կարևորությունը։

Այդ առումով մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը։ Ընդգծում եմ, որ պետությունը պետք է հստակ և նպատակային քայլեր ձեռնարկի՝ լրատվամիջոցների բնականոն գործունեության համար բարենպաստ միջավայրի և լրագրողների անվտանգության լիարժեք ապահովման ուղղությամբ։

Մասնավորապես, անհրաժեշտ է մշակել և գործադրել այնպիսի կառուցակարգեր, որոնք կերաշխավորեն լրատվամիջոցների ազատ և անվտանգ գործունեությունը, ինչպես նաև կկանխարգելեն լրագրողների իրավունքների խախտումները և կապահովեն պատասխանատվության անխուսափելիությունը նման դեպքերում։

Միևնույն ժամանակ, լրագրողական մասնագիտական գործունեությունը ևս պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին և պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ բացառելով ատելության խոսքն ու խտրականությունն իր բոլոր դրսևորումներով։

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հավաստիացնում եմ իմ պատրաստակամությունը` անելու առավելագույնը ձեր ազատ և անխոչընդոտ աշխատանքի պաշտպանությունն ապահովելու համար։

Կրկին շնորհավորում եմ տոնի կապակցությամբ և մաղթում ձեզ արդյունավետ, ստեղծագործ և արգասաբեր գործունեություն՝ ի նպաստ իրավունքի գերակայության ու ժողովրդավարության ամրապնդման»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031