Լրահոս
Ջրի ճամփան
Օրվա լրահոսը

Մակերեսային ու խաբուսիկ առաջընթաց, այլ ոչ թե երկարաժամկետ կայուն զարգացում․ «Փաստ»

Մայիս 03,2025 10:40

2025 թվականի առաջին եռամսյակի տնտեսական տվյալները, որոնք հրապարակել է վիճակագրական կոմիտեն, մտահոգիչ ազդակ են Հայաստանի տնտեսության կայունության և զարգացման հեռանկարների առումով։ Թեև պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է 4,1% աճ համախառն ներքին արդյունքի մակարդակում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, սակայն խորքային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ոչ թե բազային՝ արդյունաբերական կամ արտաքին տնտեսական ակտիվությամբ, այլ գյուղատնտեսության, շինարարության, ծառայությունների և առևտրի շրջանառության ոլորտներում արձանագրված աճով։

«Լույս» հիմնադրամն իր վերլուծության մեջ, անդրադառնալով 2025 թ. հունվարմարտ ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալտնտեսական զարգացումներին, նկատել է, որ նախորդ տարվա ցուցանիշներում առկա են ոսկերչական իրերի վերաարտահանման ազդեցությունները, որոնք նույնպես չեզոքացել են՝ էապես նվազեցնելով հատկապես արտաքին առևտրի և արդյունաբերության ցուցանիշները։ Եվ, իսկապես, տնտեսական զարգացման ողջամիտ գնահատականը պահանջում է ուշադրություն դարձնել ոչ թե միայն մակերեսային տոկոսային աճին, այլև այն ոլորտներին, որոնք համակարգային ազդեցություն են ունենում երկրի տնտեսական դիմադրողականության և աճի որակի վրա։

Այդ տեսանկյունից հատկապես մտահոգիչ է արդյունաբերական արտադրության կրճատումը 18,5 %-ով։ Արդյունաբերությունը, որպես կանոն, Հայաստանի տնտեսական կայունության հիմքն է, որը նպաստում է նաև առևտրային հաշվեկշռի բարելավմանը։ Իսկ արդյունաբերական ոլորտի անկումը վկայում է ոչ միայն արտադրական հզորությունների թուլացման, այլև ներդրումային միջավայրի լրջագույն խնդիրների մասին։

Ինչ վերաբերում է արտաքին առևտրին, ապա առաջին եռամսյակում այս ոլորտը կրճատվել է շոկային չափով՝ 54,2 %-ով։ Արտահանումը նվազել է գրեթե 62 %-ով, իսկ ներմուծումը՝ մոտ 48 %-ով։ Արտաքին առևտրի այսպիսի անկումը նշանակում է միջազգային մակարդակով տեղական արտադրողների մրցունակության նվազում, մյուս կողմից էլ՝ ներմուծման նվազումը խոսում է բնակչության սպառման հնարավորությունների ու տնտեսական ակտիվության սահմանափակման մասին։ Քաղաքացիների եկամուտները, մեծ հաշվով, չեն ավելացել, բայց կտրուկ աճել են ապրանքների ու ծառայությունների գները, այդ թվում՝ հարկերի բարձրացման արդյունքում։ Այս պայմաններում, բնականաբար, նվազում է նաև սպառումը՝ ազդեցություն ունենալով տնտեսական աճի պայմանների վրա։

Եթե մի կողմից՝ արդյունաբերությունը, իսկ մյուս կողմից՝ արտահանումը և ներմուծումը կարող են դիտարկվել տնտեսության «մկանային» բաղադրիչները, ապա գյուղատնտեսությունը և ծառայությունների ոլորտը հանդես են գալիս որպես «փափուկ հյուսվածք»։ Երբ տնտեսությունը հիմնականում աճում է փափուկ հատվածների հաշվին՝ առանց արդյունաբերության և առևտրային ներգրավման, ապա դա նշանակում է մակերեսային ու խաբուսիկ առաջընթաց, այլ ոչ թե երկարաժամկետ կայուն զարգացում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031