Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմական փաստերի կեղծումն ու հորինումը այնպիսի անհեթեթ մակարդակի է հասել, որ Բաքվի կողմից առաջ քաշվող թեզերը հաճախ նույնիսկ հակասում են միմյանց․ «Փաստ»

Մայիս 03,2025 11:10

Ադրբեջանը միշտ էլ աչքի է ընկել կեղծարարությամբ, այդ թվում՝ չեղած պատմության հորինման ու այլ ժողովուրդների պատմության յուրացման առումով։

1918 թվականին տեղի ունեցավ «Ադրբեջան» անվամբ պետության ստեղծումը, որը նախկինում երբեք գոյություն չէր ունեցել, իսկ 1930-ական թվականների վերջում միայն խորհրդային իշխանությունների կողմից թյուրքախոս մահմեդական բնակչությունը ստացավ «ադրբեջանցի» ընդհանրական անվանումը, իսկ մինչ այդ նրանք երբեք որպես առանձին ժողովուրդ չեն դիտարկվել: Այդ 12 տարվա ընթացքում նրանց ընդունված էր անվանել «թաթարներ», «ադրբեջանական թաթարներ» կամ «կովկասյան թաթարներ», ինչպես, օրինակ՝ Ղրիմի թաթարներն էին։

Բայց ադրբեջանական ղեկավարությունը հետևողականորեն փորձում է «ապացուցել» անապացուցելին, այն է՝ իբր ադրբեջանցիները շատ «հինավուրց» ժողովուրդ են։ Տեսեք, նույնիսկ թուրքերն են ընդունում, որ իրենք տարածաշրջանում եկվոր են և 1071 թվականին Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի նկատմամբ սելջուկթուրքերի տարած հաղթանակի արդյունքում կարողացան հաստատվել, ապա հզոր պետականություն ստեղծել։ Ավելին, ամեն տարի նշում են այդ առիթը՝ չնայած թուրքական ցեղերի ներխուժումը դեպի տարածաշրջան կործանարար հետևանքներ ունեցավ տեղի ժողովուրդների՝ հայերի, հույների ու ասորիների համար։

Իսկ ահա Ադրբեջանը, որպեսզի ցույց տա, թե խորը պատմական հիմքերի վրա է հիմնված, ու դրանով կերակրի իր հասարակությանը, պատմական փաստերի կեղծումն ու հորինումը այնպիսի անհեթեթ մակարդակի է հասցրել, որ Բաքվի կողմից առաջ քաշվող թեզերը հաճախ նույնիսկ հակասում են միմյանց։ Այսինքն, մի սուտը արդարացնելու համար մեկ այլ սուտ են հորինում: Օրինակ՝ մեկ նշվում է, որ ադրբեջանցիները հենց կովկասյան աղվանների կամ ալբանացիների հետնորդներն են, իսկ մեկ այլ դեպքում՝ թե իրենք այն մահմեդական ցեղերի ժառանգորդներն են, որոնք իշխել են Իրանում։

Ու այս կեղծարարության շրջանակներում փորձ է կատարվում յուրացնել ու սեփականացնել շրջակա ժողովուրդների պատմությունն ու ժառանգությունը։ Օրինակ՝ ամբողջ աշխարհը գիտի, որ երբ հայերն ու պարսիկները հազարամյակներ շարունակ ապրում էին մեր տարածաշրջանում և պետականություն էին ստեղծել, Ադրբեջանի հետքն անգամ չկար։ Բայց սա չի խանգարում, որ Ադրբեջանում պարբերաբար Իրանի ու Հայաստանի որոշ տարածքներ «պատմական ադրբեջանական հողեր» հայտարարվեն։

Բայց ամենավտանգավորն այն է, որ Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացնելու (արբանյակային լուսանկարներով պարզ կարելի է տեսնել) ու յուրացնելու հետ մեկտեղ Ադրբեջանը սկսել է կեղծ նյութերի հիման վրա արտերկրում գիտաժողովներ ու ցուցահանդեսներ կազմակերպել։ Ի մասնավորի, ապրիլի 10-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Կովկասյան Ալբանիայի ժառանգությանը նվիրված միջազգային գիտաժողով էր կազմակերպել։ Միջոցառումը նպատակ ուներ Արցախի հայկական կրոնական ու մշակութային ժառանգությունը ադրբեջանական ներկայացնել, ինչը միտված է հայկական հետքը տարածաշրջանում ջնջելուն։ Իսկ որոշ ժամանակ անց էլ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Տվարդովսկի հրապարակում, կազմակերպվել է ցուցահանդես՝ «Արևմտյան Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը» խորագրով։

Պարզ է, որ այս նպատակի համար Բաքուն ահռելի ֆինանսական միջոցներ է ծախսում, բայց անհրաժեշտ է նախօրոք ամեն ինչ անել, որ այդ միջոցառումները ստվերվեն ու նույնիսկ չկայանան, այլ ոչ թե կայանալուց հետո արձագանքել դրանց, ինչպես ընդունված է մեզանում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031