Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոոլորտի մասնագետներին առաջարկում ենք միավորել ուժերը․ հայտարարություն

Մայիս 03,2025 15:58

2025 թվականի ապրիլի 30-ին Երևանում Հայաստանի կինոգործիչների միությունում կայացել է կինոոլորտի մի խումբ գործիչների հանդիպում, որի արդյունքում հրապարակվել և սոց ցանցերում տարածվել է «Բաց նամակ»` ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Բաց նամակում» հավաքի մասնակիցները իրենք իրենց ներկայացրել են որպես «կինոգործիչների համայնք», շարադրել են իրենց «լուրջ մտահոգությունները»՝ կապված «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգ» փաստաթղթի հետ և նշել են, որ «կինոոլորտի բոլոր փաստաթղթերը պետք է ընդունված լինեն կինոոլորտի մարդկանց մեծ ներգրավվածությամբ և հնարավորինս փոխհամաձայնությամբ»։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան» ողջունում է կինոգործիչների ակտիվ մասնակցությունը կինոոլորտի զարգացման խնդիրներին առնչվող փաստաթղթերի քննարկումներին և կիսում է նամակում հիշատակվող փաստաթղթի վերաբերյալ հավաքի մասնակիցների որոշ մտահոգություններ։

Այդուհանդերձ, նամակում տեղ են գտել կեղծ պնդումներ և ապատեղեկատվություն, որի վերաբերյալ Ֆեդերացիան չի կարող չհայտնել իր դիրքորոշումը։

1. Ֆեդերացիան զգուշացրել է կինեմատոգրաֆիական տարբեր խմբերին՝ զերծ մնալ սեփական շահերը կինոհամայնքի շահի տակ քողարկված ներկայացնելու փորձերից։ Ցանկացած հրապարակում, որի հեղինակները փորձում են հանդես գալ որպես «կինոգործիչների համայնք», զուրկ է լեգիտիմությունից, եթե այն չի քննարկվել «Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ ներկայացուցիչների հետ և եթե հայտարարության տակ առկա չէ ֆեդերացիայի անունը։ Փորձե՛ք ուժ գտնել ձեր մեջ և ինքներդ առաջինը կիրառեք «կինոոլորտի մարդկանց մեծ ներգրավվածության և հնարավորինս փոխհամաձայնության» սկզբունքը, եթե իսկապես կարևորում եք այն։

2. «Բաց նամակի» բյուջեի բաշխման հատվածում նշված «կինոգործիչների համայնքը երկարատև քննարկումների արդյունքում հանգել էր կոնսեսուսի, այն է՝ խաղարկային կինո՝ 40%, վավերագրական կինո՝ 30%, անիմացիոն կինո՝ 30%» պնդումը և «Բաշխման հետևյալ տրամաբանությունը կապահովի ոլորտների համաչափ զարգացումը», եզրահանգումը ակնհայտ սուտ է։ Ֆեդերացիան ծանոթ չէ, չի համաձայնել և երբեք չի համաձայնի կինոոլորտների միջև բյուջեի բաշխման այսպիսի առաջարկի, որովհետև դա կնշանակի վերջին տարիների խաղարկային կինոյի ֆինանսավորման կտրուկ նվազեցման կործանարար քաղաքականութան օրինականացում։ Չի կարող խաղարկային կինոն, որը բաղկացած է կարճամետրաժ և լիամետրաժ երկու տարբեր ձևաչափերից, ֆինանսավորվել բյուջեի ընդամենը 40%-ով։

Նախորդ 8 տարիներին խաղարկային ֆիլմերի ֆինանսավորման էական նվազեցումը արդեն հանգեցրել է խաղարկային հայկական կինոյի խորը ճգնաժամի և ֆեդերացիան երբեք չի մասնակցի այս հանցավոր քաղաքականության լեգիտիմացմանը։

Բաց նամակի տակ ստորագրած բազմաթիվ կինոգործիչներ մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հարկի ներքո կազմակերպված՝ իրենց կողմից քննադատվող փաստաթղթի տևական քննարկումներին։ Ավելին, այդ նույն կինոգործիչները նախորդ ութ տարիներին բազմակի ֆինանսավորում են ստացել ազգային կինոկենտրոնից՝ մասնակցելով գործող, շատ ավելի վատթար կանոնակարգով անցկացվող մրցույթների, առանց որևէ մտահոգությունների։
Նոր կանոնակարգի դեմ ծավալված այս արշավը, ֆեդերացիայի կողմից գնահատվում է որպես կինոյի բարեփոխումներին ընդիմանալու, կինոյի նորաստեղծ հիմնադրամի բնականոն աշխատանքները սաբոտաժի ենթարկելու և ազգային կինոկենտրոն կոչվող տխրահռչակ կառույցի կողմից կիրառվող հովանավորչության, զոռբայության, կոռուպցիայի ավանդույթների ռեինկարնացիայի վատ քողարկած փորձ։

Մենք չենք կարող թույլ տալ, որ նոր կանոնակարգի շուրջ հրապարկվող «լուրջ մտահոգությունները» որևէ կերպ խոչընդոտեն Կինոյի հիմնադրամի կողմից մրցույթի բնականոն անցկացմանը։

Փոխարենը, առաջարկում ենք կինոոլորտի մասնագետներին միավորել ուժերը՝ ֆիլմերի ֆինանսավորման մրցութային հանձաժողովների մասնագիտական ցենզը ապահովելու, դրանց գործունեության թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմները մշակելու վրա, որպեսզի ֆիլմերի ֆինանսավորման մրցութային հանձնաժողովները համալրված լինեն ոլորտի մասնագետներով և որպեսզի բացառվեն ազգային կինոկենտրոնի հանձնաժողովների կողմից տարիներ շարունակ կիրառվող ապօրինի որոշումների խայտառակ դեպքերը։

ՖԱՀՖ խորհուրդ
Սաթիկ Ստեփանյան | պրոդյուսեր, Խորհրդի քարտուղար
Մերի Ադամյան | կինոդրամատուրգ, Խորհրդի անդամ
Արամ Մանուկյան| կինոռեժիսոր, պրոդյուսեր, Խորհրդի անդամ
Կարեն Ծատուրյան| պրոդյուսեր, Խորհրդի անդամ
Հովհաննես Գալստյան | կինոռեժիսոր, պրոդյուսեր, ՀԿ Խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031