Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում աճել են հացահատիկի, մսի և կաթնամթերքի գները, շաքարի գները` նվազել

Մայիս 03,2025 21:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ուրբաթ օրը հայտնել է, որ ապրիլին համաշխարհային պարենային ապրանքների գնային ինդեքսը բարձրացել է՝ պայմանավորված հիմնական հացահատիկային մշակաբույսերի, մսի և կաթնամթերքի գների բարձրացմամբ։

ՊԳԿ սննդամթերքի գնային ինդեքսը, որը հետևում է համաշխարհային առևտրի ենթակա մի շարք սննդամթերքների միջազգային գների ամսական փոփոխություններին, ապրիլին միջինում կազմել է 128.3 միավոր, ինչը 1.0 տոկոսով ավելի է մարտ ամսվա համեմատ և 7.6 տոկոսով ավելի, քան նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը մարտ ամսվա համեմատ աճել է 1.2 տոկոսով: Ցորենի համաշխարհային գները փոքր-ինչ բարձրացել են՝ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման մատակարարումների կրճատման պատճառով, մինչդեռ ՊԳԿ բրնձի բոլոր տեսակների գնային ինդեքսը բարձրացել է բուրավետ տեսակների նկատմամբ պահանջարկի աճի հետևանքով: Եգիպտացորենի միջազգային գները բարձրացել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում սեզոնային պաշարների ավելի սահմանափակ քանակով պայմանավորված: Արժույթի տատանումները հանգեցրել են համաշխարհային շուկայում գների փոփոխության, մինչդեռ սակագնային քաղաքականության ճշգրտումները մեծացրել են շուկայում տիրող անորոշությունը:

ՊԳԿ մսի գնային ինդեքսն ապրիլին մարտի համեմատ աճել է 3.2 տոկոսով, բարձրացել են մսի բոլոր տեսակների գները, հատկապես՝ խոզի մսի գինը։ Տավարի մսի գները նույնպես աճել են, մասնավորապես Ավստրալիայում և Բրազիլիայում՝ համաշխարհային ներմուծման կայուն պահանջարկի և արտահանման սահմանափակ հասանելիության պայմաններում։

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսն ապրիլին նախորդ ամսվա համեմատ աճել է 2.4 տոկոսով և հասել է տարեկան կտրվածքով 22.9 տոկոս աճի։ Գների բարձրացումը հիմնականում պայմանավորված է կարագի միջազգային գների աճով, որոնք հասել են նոր պատմական առավելագույնի Եվրոպայի պաշարների նվազման հետևանքով:
Ի հակադրություն, ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը նվազել է 2.3 տոկոսով, թեև նախորդ տարվա համեմատ մնացել է 20.7 տոկոսով ավելի բարձր: Արմավենու յուղի գները զգալիորեն նվազել են Հարավարևելյան Ասիայի խոշոր արտադրող երկրներում սեզոնային արտադրության աճով պայմանավորված, մինչդեռ սոյայի և կանոլայի (սևուկի) յուղի համաշխարհային գները բարձրացել են համաշխարհային ներմուծման մեծ պահանջարկի շնորհիվ: Արևածաղկի յուղի գները մեծամասամբ կայուն են մնացել:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նույնպես մարտ ամսվա համեմատ նվազել է 3.5 տոկոսով, հիմնականում պայմանավորված համաշխարհային տնտեսական անորոշ հեռանկարով և դրա հնարավոր ազդեցությամբ շաքարի պահանջարկի վրա ըմպելիքների և սննդի վերամշակման ոլորտներում, որոնք միասին կազմում են շաքարի համաշխարհային սպառման հիմնական մասը։

Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ։

Հացահատիկի առաջարկը և պահանջարկը առաջիկա տարում

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) ուրբաթ օրը նաև հրապարակել է հացահատիկի առաջարկի և պահանջարկի նոր համառոտ զեկույցը, որը ներառում է 2024 թվականի վերանայված գնահատականները և 2025 թվականի բերքահավաքի պայմանների և հեռանկարների վերաբերյալ թարմ դիտարկումներ:

ՊԳԿ վերջին կանխատեսմամբ՝ 2025 թվականի ցորենի համաշխարհային արտադրությունը կկազմի 795 միլիոն տոննա, որը համարժեք է նախորդ տարվա ցուցանիշին։ Հեռանկարները կանխատեսում են ռեկորդային բերք Ասիայում՝ հատկապես Հնդկաստանում և Պակիստանում, բարելավված պայմաններ Հարավային Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում, ինչպես նաև կայուն արտադրություն Կանադայում և Ռուսաստանի Դաշնությունում։ Այնուամենայնիվ, տեղումների պակասը Հյուսիսային Եվրոպայում և Մերձավոր Արևելքում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում երաշտի վերաբերյալ մտահոգությունները որոշ չափով ազդում են ընդհանուր հեռանկարի վրա։

2025 թվականի ամբողջահացահատիկի բերքահավաքն արդեն սկսվել է Հարավային կիսագնդում, իսկ Բրազիլիայում և Հարավային Աֆրիկայում եգիպտացորենի արտադրության աճ է սպասվում: Հյուսիսային կիսագնդում, նախնական կանխատեսումներով, Ամերիկայի Միացյալ Նահանգներում ակնկալվում է կոշտ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների 5 տոկոս աճ:

ՊԳԿ-ն փոքր-ինչ նվազեցրել է 2024 թվականի համաշխարհային հացահատիկային արտադրության իր գնահատականը՝ սահմանելով այն 4848 միլիոն տոննայի չափով, այդուհանդերձ 2024/25 թվականների բրնձի համաշխարհային արտադրությունը, ամենայն հավանականությամբ, կաճի 1.5 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 543.6 միլիոն տոննայի։
ՊԳԿ նոր կանխատեսմամբ՝ 2024/25 թվականների հացահատիկի համաշխարհային օգտագործումը կկազմի 2870 միլիոն տոննա՝ 1.0 տոկոսով բարձր նախորդ տարվա համեմատ։ Այս աճը պայմանավորված է Չինաստանում և Ռուսաստանի Դաշնությունում եգիպտացորենի կերային օգտագործման աճով, ինչպես նաև մի շարք աֆրիկյան երկրներում բրնձի սպառման աճով։

Կանխատեսումների համաձայն՝ հացահատիկի համաշխարհային պաշարները 2025 թվականի սեզոնների ավարտին կնվազեն 1.9 տոկոսով՝ հասնելով 868.2 միլիոն տոննայի: Դրա արդյունքում 2024/25 թվականների հացահատիկի պաշարների և օգտագործման հարաբերակցությունը կնվազի՝ հասնելով 29.9 տոկոսի, որը դեռևս համարվում է կայուն բավարար մակարդակ։

ՊԳԿ նաև փոքր-ինչ նվազեցրել է 2024/25 թվականների հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առևտրի իր կանխատեսումը՝ սահմանելով այն 478.6 միլիոն տոննա, ինչը նշանակում է 6.8 տոկոս նվազում՝ համեմատած 2023/24 թվականների հետ և ամենացածր մակարդակը 2019/20 թվականներից ի վեր։ Կանխատեսվում է, որ կոշտ հացահատիկի համաշխարհային առևտուրը նույնիսկ ավելի արագ է կրճատվելու՝ հիմնականում պայմանավորված Չինաստանից պահանջարկի նվազումով և Բրազիլիայից արտահանվող եգիպտացորենի պաշարների կրճատմամբ։
Ըստ կանխատեսումների՝ բրնձի միջազգային առևտուրը կաճի 1.2 տոկոսով՝ հասնելով նոր ռեկորդային 60.4 միլիոն տոննայի։

ՊԳԿ-ի կողմից կազմակերպվող Գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական համակարգը (AMIS) ուրբաթ օրը նույնպես հրապարակել է ամսական «Շուկայի դիտարկման» իր նոր թողարկումը։ Շուկայական վերլուծության հիմնական բաժիններից բացի, նոր համարում տեղ է գտել նաև թեմատիկ հոդված՝ նվիրված պարարտանյութերի շուկաներին և համաշխարհային առևտրին, որոնք վերջին տարիներին ենթարկվել են բազմաթիվ աշխարհաքաղաքական ազդեցությունների և այժմ կանգնած են աճող անորոշությունների առջև՝ պայմանավորված առևտրային քաղաքականության փոփոխվող դաշտով։

ՊԳԿ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031