«Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ ճիշտ որոշում է կայացրել։ Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սխալ էր 1994-ին հրադադար ստորագրելը, իրավիճակին չեն տիրապետում, ուղղակի մեծախոսությամբ են երեւի տառապում»,- Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա նշել է, որ 1993 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելի մեծ տարածք ունեինք մեր վերահսկողության տակ, քան 1994 թվականի փետրվարին կամ մարտին։ «1994 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մեր զրահատեխնիկան ԼՂ մի պաշտպանական հատվածից գիշերվա ընթացքում տեղափոխում էինք մեկ այլ հատված, որպեսզի հակառակորդին ցույց տանք, թե ինչքան շատ զրահատեխնիկա ունենք։ Ասածս հետեւյալն է, որ տեւական պատերազմից հետո մեր ուժերն էլ այդքան շատ չէին։ Բայց կա շատ ավելի կարեւոր հանգամանք․ ասում են՝ չդադարեցնեինք։ Լավ, չէինք դադարեցնում, որը պետք է լիներ նպատակը։ Այսինքն՝ մենք պիտի հասնեինք Բաքո՞ւ, գերի վերցնեի՞նք Ադրբեջանի ղեկավարությանը եւ ասեինք՝ ճանաչե՞ք։ Ի՞նչ եք կարծում, մենք ունեի՞նք այդպիսի հնարավորություն։ Ռազմական գործողությունների ժամանակ կարեւորը տարածք գրավելը չէ, որովհետեւ տարածք գրավելուց հետո անհրաժեշտություն կա այդ տարածքը պահել։ Մենք ի վիճակի՞ էինք այդ մեծ ռազմաճակատի գիծը երկու-երեք անգամ էլ մեծացնեինք ու էլի ամուր պաշտպանեինք։ Ոչ, իհարկե»,- հավելել է նա։
Կարդացեք նաև
Սերժ Սարգսյանի խոսքով՝ այն, ինչ տեղի ունեցել Արցախում, տեղի է ունեցել հայ ժողվորդի հավաքական կամքի շնորհիվ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ