«Ես չեմ համարում, որ ՀՀԿ-ից որեւէ մեկը կամ 2018 թվականին, կամ 2025 թվականին զոհ է դարձել որեւէ մեկին։ Բոլոր այն բռնաճնշումները, որոնք եղել են, եղել են ի պատասխան մեր գործողությունների, որոնց գնացել ենք գիտակցաբար։ Մենք երբեք մեզ զոհի կարգավիճակում չենք պատկերացրել եւ չենք էլ պատկերացնելու»,- Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն զոհի կարգավիճակո՞ւմ հայտնվեց, երբ 2018-ին որոշեց կողմ քվեարկել գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությանը։
«Մանվել Գրիգորյանն ազգային հերոս է, նրա վաստակը շատ մեծ է։ Ես շատ մոտիկից եմ շփվել Մանվել Գրիգորյանի հետ, ես չեմ ասի, որ նա ամեն ինչում իդեալական է, բայց չգնահատել նրա վաստակը, ուղղակի ապերախտություն է»,- ասել է Սարգսյանը։
Կարդացեք նաև
Նա հիշեցրել է, որ Մանվել Գրիգորյանին ձերբակալումից անմիջապես հետո ՀՀԿ խմբակցությունը հայտարարություն արեց եւ ասաց՝ սխալ բան եք անում, այ երկրի կառավարիչներ։ «Բայց եղել է Մանվել Գրիգորյանի խնդրանքը՝ կողմ քվեարկել այդ որոշմանը, որպեսզի հերքվեին այն հերյուրանքները, որոնք հնչում էին նրա հասցեին։ Միամտություն ուներ կարծելու, որ արդարադատություն էր իրականացվելու։ Եվ ԱԺ պատգամավորները հակված են եղել կատարել Մանվելի խնդրանքը։ Ինչքան էլ ժողովրդի ու իշխանությունների ճնշումը լիներ, որեւէ մեկը չէր կարող ինձ համոզել, որ Մանվել Գրիգորյանը տուշոնկա ուտող ա, էն էլ զինվորի տուշոնկա, էն էլ տանը՝ տնային պայմաններում։ Մանվել Գրիգորյանն այնքան մեծ հեղինակություն է ունեցել զինվորականների շրջանում, որ երբ ապրիլյան պատերազմի առաջին կամ երկրորդ օրը մի քանի հազար երկրապահներով գնացել հասել էր Ստեփանակերտ, ինձ պարբերաբար զեկուցում էին, որ զորքում ոգեւորություն էր տիրում, ուղղակի տարածվում էր՝ տղերք, Մանվելը հասել է։ Դրանից ավելի մեծ վաստակ ո՞վ է ունեցել»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ