«Իմ խորին համոզմամբ՝ մենք 2018 թվականին ունեինք բանակցային շատ լավ իրավիճակ։ Եվ այդ իրավիճակի մասին բազմաթիվ ապացույցներ կան, իմ կարծիքով՝ մենք հասել էինք մեր ժողովրդի, մեր երկրի համար բավականին բարենպաստ հանգուցալուծման։ Բայց, ցավոք սրտի, տեղի ունեցան իրադարձություններ, որոնք բերեցին ողբերգության»,- Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Նա հիշեցրել է, որ, օրինակ, 2016 թվականին Ադրբեջանի ղեկավարը հրապարակավ հայտարարեց, որ համանախագահներն իրեն ստիպում են, որպեսզի Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ «Դրանից ավելի ի՞նչ պետք է լիներ։ Երկրորդ անգամ, արդեն 44-օրյա պատերազմից հետո նա Քաշաթաղից ի լուր աշխարհի հայտարարեց, որ եթե բանակցություններով շարժվեինք, ապա այս հողը եւ կողքի շրջանը կմիանար հայերին։ Էդ հո ես չեմ ասել, դա ասել է այն մարդը, ում հետ ես բանակցել եմ, ինքը մազոխիստ չի, չէ՞, որ ինքն իրեն խարազանի»,- ասել է նա։
Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ իր հրաժարականից հետո՝ 2019 թվականից սկսած, իրենք գոռում-գոչում էին, ասում էին, որ այսօրվա Հայաստանի կառավարիչներին համանախագահներն առաջարկություն են արել։ Իսկ իրենք հրաժարվում էին դա ընդունել, մի ամբողջ տարի հրաժարվում էին, ասում էին՝ նոր փաստաթուղթ չկա։
Կարդացեք նաև
«Մենք գիտեինք, թե մեզ ինչ էին առաջարկում, դա, իհարկե, մեր երազած փաստաթուղթը չէր, բայց ուներ բոլոր հնարավորությունները բանակցությունների միջոցով նորից հասնել այն նույնին, ինչին մենք էինք հասել։ Բայց փոխարենը ի՞նչ արեցին էս մարդիկ, գնացին Մյունխենում ինչ-որ մի տեղ նստեցին եւ իրենց արեւին նոր սկզբունքներ սկսեցին խզբզել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ էդ ինչ է նշանակում։ Սկսեց պայմաններ դնել համանախագահների առաջ, որ ԼՂ ղեկավարությունը եւս պետք է մասնակցի բանակցություններին, որ որոշումը պիտի լինի այնպիսին, որ ընդունելի լինի եւ Հայաստանի, եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Կարո՞ղ եք բերել մի օրինակ, երբ մեր չափի եւ հնարավորությունների նման որեւէ երկիր միանգամից պայման դնի եւ ԱՄՆ-ի եւ ՌԴ առաջ։ Եթե այդպիսի մի օրինակ բերեք, ես շնորհակալ կլինեմ»,- ասել է Սերժ Սարգսյանը։
«2021 թվականի ընտրությունների նախընտրական փուլում ես հայտարարեցի, որ մի սենսացիոն ձայնագրություն եմ հրապարակելու։ 99 տոկոսը կարծում էր, թե ես ինչ-որ պոռնոմատերիալ պետք է հրապարակեմ՝ իրեն վարկաբեկելու համար։ Այնինչ, շատ կարեւոր բան էր, երբ այդ մարդն ասում էր՝ ես ինձ գժի տեղ եմ դնելու, որպեսզի այս բանակցությունները վարի տամ։ Դե եթե այդպիսին է քո վերաբերմունքը այդ հզոր կառույցի նկատմամբ, պատասխանն այդպես էր լինելու։ Այսինքն՝ դա մտածել է, որ ինչպես կարող է նայել ՀՀ քաղաքացիների աչքերին ու ստեր խոսել, պայմաններ թելադրել, նույնը կարող է անել համանախագահների հետ։ Արդյունքը տեսանք, թե ինչ ողբերգական եղավ»,- հավելել է Սարգսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ