Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողներ առանց սահմանների» վարկանիշների համաձայն՝ Հայաստանում մամուլի ազատության վիճակը բավարար է․ Բորիս Նավասարդյան

Մայիս 04,2025 16:20

Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ֆեյսբուքյան գրառումը

Համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» վարկանիշների, աշխարհում մնացել են ընդամնեը 6 երկրներ, որտեղ մամուլի ազատության վիճակը լավ է՝ Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Դանիա, Նիդերլանդներ, Էստոնիա։ Հայաստանը եվրոպական երկրների մեծամասնության, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Կանադայի եւ Հարավաֆրիկյան հանրապետության հետ պատվավոր երկրորդ խմբում է (բավարար իրավիճակ)՝ առաջ անցնելով, օրինակ, ԱՄՆ-ից, որտեղ «նկատելի խնդիրներ կան» (երրորդ խումբ)…

Մեր հարեւաններից Վրաստանը չորրորդ խմբում է (ծանր իրավիճակ), իսկ Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, ինչպես եւ Ռուսաստանը, ամենացածր դասակարգմանն են արժանացել՝ «շատ լուրջ իրավիճակ»։ RSF-ի վարկանիշները, իմ կարծիքով, շատ են կախված սուբյեկտիվ գնահատականներից, մանավանդ թվանշային արտահայտմամբ, սակայն միտումները բավականին ճշգրիտ են նկարագրում։

Այս առումով Հայաստանի դասակարգումը մեծապես հակասական է՝ մի կողմից առկա են բազմաթիվ դժվարություններ (քաղաքական բևեռացում, մամուլի նկատմամբ ցածր հանրային վստահություն, նեղ շահեր հետապնդող շրջանակների ազդեցություն, անկախ լրագրությանը դավանող մեդիաների շատ փոքր սեգմենտ…), որոնք արտացոլված են կազմակերպության զեկույցի վերլուծական մասում։ Եվ այդ իմաստով մենք պիտի հայտնվեինք «նկատելի խնդիրներ կան» (երրորդ) խմբում։

Բայց միեւնույն ժամանակ բուն լրատվամիջոցների ազատության վրա այդ դժվարությունները որոշիչ ազդեցություն դեռ չեն ունենում։ Ի վերջո, մեզանում ամեն մեկը ինքն է ընտրում, դաշտի որ մասում է ցանկանում գտնվել՝ այս կամ այն քաղաքական բեւեռին կի՞ց, սոսկ առեւտրային շահեր հետապնդողների շարքերո՞ւմ, թե՞ լայն հանրության տեղեկատվական պահանջարկը բավարարելու առաքելության ներքո։

Որտեղ ենք հայտնվելու հաջորդ տարի, կախված է նրանից, ինչպես թվարկածներից վերջին «տեսակը» կդիմանա անկախ մամուլին արտասահմանից ֆինանսական աջակցության կտրուկ նվազմանը, կգտնվե՞ն արդյոք այն փոխհատուցելու ճանապարհները։ Գալիք համապետական ընտրությունները եւ դրանց ընդառաջ ձեւավորվող հանրային մթնոլորտը, պետական քաղաքականությունը լավատեսության համար քիչ հիմքեր են թողնում, ցավոք… Երեկ հույսեր փայփայողներով հավաքվել էինք «Մամուլի ազատության համաշխարհային օրվա» եւ մեր ավանդական մրցանակաբաշխության առիթով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031