«Իմ բոլոր ստեղծագործություններում ուղղակի և անուղղակի ձևերով ինձ տանն եմ փնտրում։ Գրքում տեղ գտած ստեղծագործությունները 2022-2023 թվականներին եմ գրել։ Այստեղ իմ զգացածն ու վերապրածն է։ Միշտ ասում եմ՝ հիշողությունը չպետք է մարդուն մենակ թողնի։ Այդ հիշողությունը պետքական է դարձնում մարդուն»,-իր «Ինձ տանն եմ մոռացել» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց արցախցի գրող, սցենարիստ, դրամատուրգ Վովա Արզումանյանը:
Նրա գրքում տեղ է գտել մեկ վիպակ եւ 2 թատերկ:
«Վովա Արզումանյանի «Ապրող, մեռնող գիշեր» վիպակը բավարար էր ինձ հասկանալու, որ իմ առջև գրող է։ Նրա տեքստը ոչ միայն վավերագրված է, այլև գեղագրված է, որը գեղարվեստական գրականության առաջին հատկանիշն է։ Վովան ունի մետաֆորային մտածողություն և պատահական չէ, որ գիրքը սկսվում է ինքնազրույցով։
Կարդացեք նաև
Գործ ունենք բացառիկ երևակայություն ունեցող հեղինակի հետ, որը կարողանում է ոչ միայն բերել արդեն ստեղծված իրականությունը, այլ ստեղծել իր իրականությունը, փորձել իր եսը ճանաչել։
Հեղինակը կարողացել է ցավը վերածել պայծառ թախիծի, շատ լուսավոր կարոտի։
Մենք ունենք հեղինակ, որը կարողանում է ոչ միայն տեսնել եռաչափ գոյաբանական՝ առարկայական աշխարհը, այլ ոչ առարկայական, որը գրող լինելու թիվ մեկ ցուցիչն է»,-ասաց գրքի խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սաթենիկ Ավետիսյանը:
Սորբոնի համալսարանի դոկտոր, գրականագետ Լուսինե Աբգարյանի խոսքով, առաջին բանը, որ մտածել է գիրքն ընթերցելուց հետո՝ այն էր, թե մարդն ինքն իր հետ ինչպես է կարողանում այսքան համարձակ երկխոսել եւ ինքն իրեն ասել «Ես ջան»: «Ամբողջ ստեղծագործությունը ներհուն պատում է։ Ամբողջ գրքում տեսնում ենք ամենուր արձագանքող պատերազմ, նույնիսկ եթե մենք այս բառը չենք հանդիպում։ Հեղինակն իր ստեղծագործություններում շատ է խոսում հեռանալու և վերադարձի երևույթի մասին։ Յուրաքանչյուր հերոսի հեղինակը ներկայացնում է որպես ճամփորդ։ Նաև ներքին լռություն կա հեղինակի գործերում, և ինչպես ասում էր Ազնավուրը՝ մեղմ շշուկով ասված ստեղծագործություն է»,-ասում է Լուսինե Աբգարյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Բանաստեղծ, թատերագետ, վիպասան, սցենարիստ, պիառշիկ, թե՞ ուսանող: Վովան պետք է կողմնորոշվի: Դեռ թոթովանքներ են, կարդացել ենք: