Պերուի մայրաքաղաք Լիմայում ավարտվեց ծանրամարտի երիտասարդների եւ պատանիների աշխարհի առաջնությունը: Մրցումային վերջին օրը Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ. երիտասարդների պայքարում՝ 81 կգ քաշային Էմմա Պողոսյանը եւ պատանիների մրցաշարում՝ գերծանր՝ +102 կգ, քաշային Հարություն Հովհաննիսյանը:
Առաջինը պայքարի մեջ մտավ Էմման, որը պոկում վարժության առաջին մոտեցմամբ բարձրացրեց 95 կգ-ն, սակայն հրաժարվեց հաջորդ երկու մոտեցումներից: Ավելի ուշ պարզվեց, որ նա ցավեցրել էր ծունկը: Հայ մարզուհին մեկ մոտեցում էլ կատարեց հրում վարժությունում՝ ցույց տալով 120 կգ, ու կրկին չշարունակեց պայքարը:
Այս ամենով հանդերձ, Էմմա Պողոսյանը երկամարտում արձանագրեց 215 կգ, ինչը 4-րդ ցուցանիշն էր 81 կգ քաշայինների պայքարում:
Կարդացեք նաև
Ավելի ուշ մրցահարթակ մտավ Հարություն Հովհաննիսյանը, որը 150 կգ-ով նվաճեց պոկում վարժության փոքր ոսկին, հրումում ցույց տվեց 173 կգ եւ երկամարտի 323 կգ արդյունքով դարձավ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































