Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ից չեն մեկնաբանում, թե ինչու են հենց Մայր բուհում Ռոմանոս Պետրոսյանին «Տավուշ» հայրենակցական միության նախագահ ընտրել

Մայիս 05,2025 16:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Aravot.am-ը ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանից հետաքրքրվեց, թե որն է հիմնավորումը, որ ԵՊՀ գիտխորհրդի դահլիճում, որը նախատեսված է ակադեմիական, գիտակրթական նպատակների համար՝ անցկացվել է «Տավուշ» հայրենակցական միության համագումարը, որի ընթացքում նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Հայաստանի պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, որը ծնունդով Չինարի գյուղից է:

Կատարվածը հարուցել էր ակադեմիական շրջանակների դժգոհությունը:

Ժամեր շարունակ լռելուց եւ զանգերին տեւական ժամանակ չպատասխանելուց հետո մայր բուհի լրատվականից պատասխանեցին, որ այդ հարցի վերաբերյալ մեկնաբանություն չունեն:

Ի դեպ, անցյալ տարվա դեկտեմբերին էլ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն էր ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ԵՊՀ ղեկավար կազմի, աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների եւ ուսանողների հետ քննարկել է «Կրթվելը նորաձեւ է» գաղափարը, իր ձեւակերպմամբ՝ «կրթվելը հանրային առավել լայն միջավայրում նորաձեւ, ապա նորմա դարձնելու ճանապարհները»։

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ՔՊ-ական Արայիկ Հարությունյանն իր նախարարության տարիներին հայտարարում էր, թե հովանավորչությունը զրո տեղ է ունենալու իրենց գործունեության մեջ, քանի որ պայքարում են բուհերի, տարբեր հաստատությունների խորհուրդների ՀՀԿ-ացման դեմ, սակայն իրենց իշխանության օրոք նույն խորհուրդները անխնա ՔՊ-ացվեցին, ՀՀԿ-ականները փոխարինվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ գործող իշխանության ներկայացուցիչներով, իսկ ԵՊՀ-ն մղվեց քաղաքական, կուսակցական, հիմա էլ համայնքային դաշտ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն է, իսկ Փաշինյանի կառավարության նախարարները, փոխնախարարները, գլխավոր դատախազը եւ այլք՝ խորհրդի անդամները, ինչը 2018-ին իշխանության եկած ՔՊ-ականների խոստումների հակառակն է փաստում:

 Հավելենք, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին էլ ստիպված ֆեյսբուքով հաղորդագրություն ուղարկեցինք՝ մեկնաբանության համար, քանի որ նրա հետ այլ կերպ կապվելն անհնար է, նա, սակայն, չի պատասխանել մեր հաղորդագրությանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031