Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը՝ ՄԱՊ-ի Ալիկը, դատարանում հաղթել է ՀՀ գլխավոր դատախազությանը։ Ավելի քան 1 տարի Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը` դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, քննել է նախկին պաշտոնյային եւ նրա կնոջը՝ Լուսիկ Պետրոսյանին վերագրվող ապօրինի գույքի ծագման հարցն ու որոշել դատախազության պահանջը մերժել՝ հայցային վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ Դատարանը վճիռը հրապարակել է 20 օր առաջ՝ ապրիլի 15-ին։
Դատախազությունն Ալեքսան եւ Լուսիկ Պետրոսյաններին պատկանող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի մի հսկայական ցուցակ էր ներկայացրել դատարան։ Հայցով պահանջում էր բռնագանձել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի արտադրամասը (ապօրինի է ճանաչվել արտադրամասի 79.6%-ը): Արտամետ գյուղում գտնվող 2 հողակտոր, անհնարինության դեպքում՝ դրանց շուկայական արժեքը: Տալվորիկ գյուղում գտնվող 4 հողակտորի տարբեր մասնաբաժիններ, անհնարինության դեպքում՝ դրանց շուկայական արժեքը։ Լենուղի գյուղում գտնվող 2 հողակտոր, անհնարինության դեպքում՝ դրանց շուկայական արժեքը: Ալեքսան Պետրոսյանին պատկանող «ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ 19.914 հատ բաժնետոմսերը։ 61 մլն 93 հազար 284 դրամ գումար, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում եւ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել։ 1 մլրդ 298 մլն 273 հազար 905 դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ։ Փորձեցինք զրուցել Ալեքսան Պետրոսյանի եւ նրա փաստաբանի հետ, սակայն կապ հաստատել չհաջողվեց։
Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք՝ բողոքարկելո՞ւ են դատարանի որոշումը։ Մեզ պատասխանեցին՝ վճիռն արդեն բողոքարկել են Վերաքննիչ դատարան։
Աննա Պապիկյան
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Կարդացեք նաև