ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամներից մեկը՝ գործարար Կարեն Բադալյանն, ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, սակայն փոշմանել է՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ օրենքով սահմանված ժամկետն արդեն լրացել է․ իր լիազորությունները դադարեցվել են։ Նա հաշվի չի նստել նաև դաշինքի հետ ու որոշել հրաժարականի մասին դիմումը հետ վերցնել։
Այսօր աղմուկ էր բարձրացել այս թեմայի շուրջ․ «Մեր քաղաքը» դաշինքի անդամները փաստաբան Սոս Հակոբյանի հետ եկել էին թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ պարզաբանում ստանալու, թե ինչո՞ւ հանձնաժողովը չի արձանագրել Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցնելու փաստը։
Կարդացեք նաև
Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Գյումրիում տեղի ունեցան ընտրություններ, ձևավորվեց ավագանի, ընտրվեց համայնքի ղեկավար, և կարծես թե աշխատանքը սկսում էր ընթանալ։ Բայց կային կանխատեսումներ, որոնք արդարանում են վատ իմաստով․ որևէ մի կերպ, ինչ-որ մի գործիքով, ապօրինի ձևով իշխանությունները կփորձեն կամաց-կամաց մանդատները գողանալ ընդդիմադիր խմբակցություններից, որպեսզի կարողանան այստեղից էլ զավթել իշխանությունը։ Եվ կարծես դրա ծիծեռնակներն արդեն կան «Մեր քաղաքը» դաշինքի պարագայում։
Ի՞նչ է տեղի ունեցել, ապրիլի 21-ին Կարեն Հրայրի Բադալյան անուն-ազգանունով ավագանու անդամը, որը վեց հոգանոց խմբակցության թիմի մեջ էր՝ ընտրված, ստանձնած լիազորությունները, հրաժարականի դիմում է ներկայացնում համայնքի ղեկավարին։ Գրում է, որ կան պատճառներ, որ անցնում եմ այլ աշխատանքի, դրանով պայմանավորված՝ չեմ կարող լինել ավագանու անդամ, խնդրում եմ հրաժարականի դիմումն ընդունել։
Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը արձանագրություն է կազմում, որ Կարեն Բադալյանի լիազորությունները համարվում են դադարած՝ իր իսկ հրաժարականի դիմումի հիման վրա։ Հաջորդ օրը՝ ապրիլի 22-ին, համայնքի ղեկավարը ուղարկում է գրություն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին։ Ուղարկում է, որ այս արձանագրությունը կազմած է, սա էլ հիմքը, դիմումը, խնդրում եմ դուք էլ ձեր արձանագրությունը կազմեք, որովհետև ըստ օրենքի՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն էլ պիտի արձանագրի, որ ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, որպեսզի ֆիքսվի թափուր տեղը և ըստ ցուցակի՝ հաջորդ ավագանին գա և զբաղեցնի լիազորությունները դադարեցրած ավագանու տեղը։
Դրանից շուրջ երկու օր հետո՝ ապրիլի 23-ն, աշխատանքային օրվա ավարտին՝ 17․50 րոպեին, Կարեն Բադալյանը նոր դիմում է ուղարկում էլեկտրոնային փոստի միջոցով համայնք՝ ասելով, որ հրաժարվում է իր դիմումից, ցանկանում է շարունակել պաշտոնավարումը և երկրորդ մասը կամ երկրորդ դիմումը, որ ցանկանում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից։
Նորից հիշեցնեմ՝ արդեն լիազորությունները դադարած վիճակում։ Ոչ մի իրավական ասպեկտ չկա․ ո՛չ ՏԻՄ օրենքով, ո՛չ Ընտրական օրենսգրքով, ո՛չ էլ այլ իրավական ակտերով հնարավորություն հրաժարվելու սեփական դիմումից, հատկապես, երբ որ արձանագրվել է դիմումը, լիազորությունները դադարել են»։
Ըստ փաստաբանի, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընդամենը յոթ օր ունի, որ համայնքի ղեկավարից ստանալով արձանագրությունը՝ կազմի իր արձանագրությունը։ Ժամկետները լրացել են, սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի կատարել իր գործառույթը, արձանագրություն պիտի կազմեր, որ Կարեն Բադալյանի լիազորությունները դադարել են, որը չի արել։
Փաստաբանը նաև նշեց՝ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկացել են, որ Կարեն Բադալյանը հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան․ մուտք եղել է մայիսի 2-ին՝ խնդրելով անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի արձանագրությունը, որով ֆիքսվել է իր հրաժարականը։
«Քանի որ մենք վատ իմաստով ունենք շատ հարուստ փորձ՝ վանաձորյան, որտեղ դատարանները ինչեր ասես, որ չեն արել, կապ չունեն իրավունքի հետ, որով սառեցվել է իրավիճակը և ըստ էության՝ խեղվել է տեղական ինքնակառավարման ժողովրդավարական ընթացքը, կա մտավախություն, որ այսօր էլ այստեղ կա այդ հույսը, որ հայցի ապահովման միջոց կիրառելու կամ մեկ այլ եղանակով կփորձեն դատարանի որոշման միջոցով անվերջ ձգել այս վիճակը։ Այսինքն՝ պատկերացրեք երեք տարի հետո վարչական դատարանը գտնի, որ համայնքը ճիշտ էր, Կարեն Բադալյանը՝ սխալ, ո՞ւմ է պետք լինելու այդ որոշումը, ոչ մեկին, քան թղթի վերամշակմամբ զբաղվողներին»,- ասաց Սոս Հակոբյանը։
Փաստաբանը փորձում էր պարզաբանում ստանալ՝ ինչու հանձնաժողովը չի կատարել իր պարտականությունները, արձանագրություն չի կազմել, որ տվյալ անձի լիազորությունները դադարեցվել են։ Նա խոսքերով՝ փորձում էր հասկանալ, թե ինչ բացատրություն կա հանձնաժողովի ապօրինի անգործությանը։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը տեղում չէր, նրա հետ կապ հաստատվեց հեռախոսազանգի միջոցով, որը, սակայն, նշեց, որ նիստ նշանակված չէ, նա ուղղորդեց դիմել ԿԸՀ-ի լրատվական բաժին։
Դիմեցին ԿԸՀ-ի լրատվական բաժին, որից հետո նոր միայն որոշվեց, որ նիստը տեղի կունենա այսօր ժամը 18․00-ին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ