Լրահոս
Օրվա լրահոսը

«Չինաստան մեկնած «Հաջողակից սկսնակին» ծրագրի շահառու կին գործարարները կիսվում են իրենց փորձով»

Մայիս 06,2025 15:15

Այսօր Սփյուռքի հանձնակատարի գրասենյակում տեղի ունեցավ մտերմիկ հանդիպում, որին մասնակցում էին «Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակից սկսնակին» ծրագրի 2024թ շահառու կին գործարարները: Նրանցից երկուսը (Էմիլյա Միրզոյանը Տավուշից և Լիանա Մելքոնյանը Լոռիից) «Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեսպանության համագործակցության շնորհիվ շաբաթներ առաջ գտնվում էին Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ մասնակցելու միջազգային կրթական ծրագրին՝ Seminar on Innovation and Development of Cultural Trade for Developing Countries: Այսօր նրանք Երևանում էին ՝ ծրագրի մյուս շահառուների հետ կիսվելու փորձով, գիտելիքներով ուձեռք բերած ոգեշնչմամբ։

Լիանան և Էմիլյան փաստեցին՝ նման ճանաչողական այցելությունները բիզնես մտածողության զարգացման կարևոր խթան են․ «Երբ տեսնում ես ուրիշ մշակույթ, գործելաոճ ու մոտեցումներ, սկսում ես նորովի ընկալել քո սեփական բիզնեսը և միանգամից ուզում ես նոր գաղափարներ բերել սեփական համայնք», – ասաց Էմիլյան։ Լիանան հավելեց, որ չնայած ծրագիրը հիմնականում ճանաչողական և մշակութային այցեր էր իր մեջ ընդգրկում, ինքն արդեն ունի իր համար սահմանած հստակ գաղափարներ, որոնք հուսով է շուտով կկարողանա ներդնել իր թեյերի արտադրության բիզնեսում:

Հանդիպմանը ներկա էին նաև հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ծրագրի ղեկավար Անահիտ Խալաթյանը և «հաջողակ կին գործարարից սկսնակ կին գործարարին» նախագծի շահառուները։

Փոխտնօրենը նշեց. «Մեզ համար չափազանց կարևոր է, որ ծրագիրը չսահմանափակվի դրամաշնորհի տրամադրմամբ։ Մենք կապ ենք պահում շահառուների հետ ոչ միայն մշտադիտարկումների շրջանակում, այլև կարևորելով նրանց շարունակական զարգացումն ու ինքնակրթությունը, ներգրավում ենք նրանց միջազգային վերապատրաստման ամենատարբեր դասընթացներում։ Մեր նպատակը նրանց լիարժեք առաջընթացը, զարգացումն ու ողջ ներուժի բացահայտումն է»։

Էմիլյայի և Լիանայի պատմությունները ոգեշնչեցին նաև մյուս ներկաներին, որոնցից 12-ը հիմնադրամի ֆինանսավորմամբ ևս շուտով կմեկնեն Չինաստան փորձի փոխանակման ծրագրով։

Նրանց բիզնեսները ամենատարբեր ոլորտներից են, ուստի փորձի փոխանակման նմանօրինակ ծրագրերից մասնակիցներից յուրաքանչյուրն իր ուրույն ձեռքբերումներն է ունենում և յուրովի կիրառում իր բիզնեսում: Հիմնադրամը ջանք չի խնայում, որ միջազգային կրթական հնարավորությունները հասանելի դառնան ծրագրի բոլոր շահառուներին:

Հիշեցնում ենք, որ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի նոր` «Ստեղծենք միասին» փուլը արդեն մեկնարկել է, որի հայտադիմումները բաց են: Իսկ մայիսի 28-ին տեղի է ունենալու բարեգործական ընթրիք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, որի ողջ հասույթը կուղղվի նորաստեղծ ընտանիքների բիզնես ծրագրերի աջակցմանը։

«Իմ քայլը» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031