ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամներից մեկի՝ Կարեն Բադալյանի ավագանու մանդատից հրաժարվելու, այնուհետ փոշմանելու շուրջ աղմուկ է բարձրացել ։
Բանն այն է, որ նա փոշմանել է այն ժամանակ, երբ իր լիազորությունների դադարումն արդեն արձանագրված է եղել․ ապրիլի 21-ին դիմում է ներկայացրել համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին, ապրիլի 22-ին համայնքի ղեկավարը արձանագրությունը ուղարկել է թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որպեսզի վերջինս արձանագրություն կազմի նրա լիազորությունները դադարեցնելու մասին ու մանդատը փոխանցի մյուս ավագանու անդամին, սակայն ապրիլի 23-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Կարեն Բադալյանը էլեկտրոնային փոստի միջոցով համայնքի ղեկավարին տեղեկացրել է, որ հրաժարվում է դիմումից, ցանկանում է մնալ որպես ավագանու անդամ ու դուրս գալ «Մեր քաղաքը» դաշինքից։
«Մեր քաղաքը» դաշինքի շահերը պաշտպանող փաստաբան Սոս Հակոբյանի համոզմամբ՝ Կարեն Բադալյանի վրա եղել են ճնշումներ։ Ըստ փաստաբանի, ոչ մեկը տեղյակ չէ, թե այդ անձը ուր է, դաշինքի ավագանու անդամները մի քանի օր է՝ նրա հետ չեն կարողանում կապ հաստատել։
Կարդացեք նաև
«Հիմա ես հայտարարություն չանեմ, թե որտեղ է, որովհետև չգիտենք, կարող է՝ այլ տեղում է, կարող է՝ ինչ-որ այլ անձանց շրջապատում է»,- ասաց փաստաբանը։
Նա համոզված է, որ այս միջոցով իշխանությունները փորձում են մանդատ խլել ընդդիմադիրներից ու իշխանազավթում իրականացնել Գյումրիում։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն էլ, ըստ նրա, մատնված է հանցավոր անգործության․ նա համայնքապետի գրության հիման վրա՝ արձանագրություն չի կազմել, իր լիազորությունները չի իրականացրել։
«Ո՞րն է այստեղ ամենամեծ մանիպուլյացիան․ ավագանու անդամի լիազորությունների դադարումն արձանագրելու հիմքը տվյալ անձի դիմումն է՝ ուղղված համայնքի ղեկավարին և համայնքի ղեկավարի արձանագրությունն է, որի հանձնաժողով հասնելը ու մուտք լինելը, ոչ մեկը չի հերքում։ Հաջորդ օրը՝ ապրիլի 22-ին ուղարկվել է, և մեր տեղեկությամբ, հենց ապրիլի 22-ին մուտքագրվել է հանձնաժողովում, որի հիմքով էլ պիտի արձանագրությունը կազմվեր։
Հետո էդ մարդը գնացել է տուն, սուրճ է խմել, մի երկու օր անցել է, ճնշումների է ենթարկվել, թե այլ մոտիվացիա ունի նամակներ գրելու, թե ցանկանում է խմբակցությունից դուրս շարունակել ավագանի լինել, այդ ամենը օրենքից դուրս է։
Ի տարբերություն Ազգային ժողովի պատգամավորի՝ ավագանու անդամը չի կարող փոշմանել լիազորությունները դադարելն արձանագրվելուց հետո, չի կարող փոշմանել, ասել, թե ոնց որ ամեն դեպքում կարամ լինեմ ավագանի, ուզում եմ լինել ավագանի։ Չկա էդպիսի իրավական մեխանիզմ։ Օրենքից դուրս ստեղծել են արհեստական մի իրավիճակ, ձգձգում են արձանագրության կազմումը, տրամադրումը, որն ունի մեկ նպատակ․ ինչ-որ մի իրավական, դա կլինի դատարանի որոշում, թե այլ հանգամանք, ունենալ մի փաստաթուղթ, որի հիման վրա իրենք հետո դատվելու են, այդ որոշում կայացնողները, և արհեստականորեն զրկել «Մեր քաղաքը» դաշինքին իր մանդատից, քանի որ ակնհայտ է՝ Կարեն Բադալյանի վրա եղել է ճնշում», -ասաց Սոս Հակոբյանը։
Ըստ նրա, այսօր այդպես էլ ոչ մեկը իրավաչափ բացատրություն չտվեց, թե ինչու 7 օր անց արձանագրությունը, դիմումը ստանալուց հետո, Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցնելու արձանագրությունը կազմված չէ։
Սա, ըստ փաստաբանի, ոչ թե անփութության հետևանք է, այլ հանձնաժողովի հանցավոր անգործության։ Այս իրավիճակը, ըստ նրա, ապօրինի է, առաջացնում է հակասահմանադրական հետևանքներ, որն ունի նպատակ «Մեր քաղաքը» դաշինքին զրկել մանդատից՝ ճնշում գործադրելով Կարեն Բադալյանի վրա, իբր թե ավագանու անկախ օղակ ստեղծելու, որը բնականաբար ջուր է լցնելու իշխանությունների ջրհորը։
Թե ով է Կարեն Բադալյանը, «Մեր քաղաքը» դաշինքի անդամներից մեզ պարզաբանեցին, որ գործարար է, ինչքան տեղյակ են՝ զուգարանի թղթի արտադրությամբ է զբաղվում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ