Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե հայ հրատարակիչները հնարավորություն ունենան անձամբ այցելել ցուցահանդես, ապա դա ավելի արդյունավետ կլինի, թե նրանց, թե տաղավարի բովանդակության համար»

Մայիս 06,2025 15:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ADNEC էքսպո կենտրոնում օրերս փակվեց ավելի վաղ մեկնարկած, Աբու Դաբիի 34-րդ գրքի միջազգային տոնավաճառը, որին տաղավարով ներկայանալու հրավեր էին ստացել հայաստանյան «Էջ» հրատարակչությունը և «ԱՐԻ» գրականության հիմնադրամը։ Տոնավաճառին մասնակցում էր 96 երկիր, որոնցից 20-ը՝ այդ թվում Հայաստանը՝ առաջին անգամ։

Հայկական տաղավարում ներկայացված էին «Էջ», «Վերնատուն», «Զանգակ», «Արևիկ» հրատարակչությունները, ինչպես նաև «ԱՐԻ» գրական գործակալությունը և նույնանուն գրականության հիմնադրամը։ Հայկական տաղավարում ցուցադրված էին վերոնշյալ հրատարակչությունների գրքերը, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ և Արտաքին գործերի նախարարությունների կողմից տրամադրված Հայաստանի մշակութային ժառանգությունը ներկայացնող գրքեր և պատկերագրքեր։

Տոնավաճառի ընթացքում կնքվեցին մի շարք գործարքներ, որոնց շնորհիվ նախատեսվում է հայերենից արաբերեն և արաբերենից հայերեն գրքերի թարգմանություն, տարածվեցին հրատարակչությունների կողմից տրամադրված կատալոգներ, բուկլետներ և կոնտակտային տվյալներ՝ հետագա համագործակցության և կապերի ընդլայնման համար։

Աննա Բաղրամյանն ու Աննա Հաջի-Հակոբյանը

«Մենք միշտ պատրաստ ենք ներկայացնել հայ հրատարակիչներին նման միջոցառումների ժամանակ հայկական տաղավարի շրջանակներում, սակայն մեր այս այցելությունից հետո պարզ դարձավ, որ եթե հայ հրատարակիչները հնարավորություն ունենան անձամբ այցելել ցուցահանդես, ապա դա ավելի արդյունավետ կլինի, թե նրանց, թե տաղավարի բովանդակության համար», – մեզ հետ զրույցում հավաստիացրեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի ներկայացուցիչ Աննա Բաղրամյանը։

«Էջ» հրատարակչության ներկայացուցիչ Լիանա Շիրոյանը գործընկերոջ խոսքին հավելեց. «Փոքր հրատարակչության համար անհնարին կլիներ նման ցուցահանդեսի մասնակցությունը, եթե չլիներ Աբու Դաբիի ցուցահանդեսի կողմից հրավերը և ամբողջությամբ ծախսերը հոգալու պայմանը: Նշեմ, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի և նոր երկրների մասնակցությամբ, քանի որ ցանկություն ունեն ընդլայնել մասնակիցների աշխարհագրությունը: Եվ եթե Հայաստանի կառավարությունը նույնպես ցուցաբերի որոշակի աջակցություն նման միջոցառումներին ներկայանալու համար, ապա արդյունքները կլինեն ավելի տեսանելի մեր երկրի գրահրատարակչական ոլորտի համար»:

Մեր զրուցակիցները տեղեկացրին, որ հայկական տաղավարի բազմաթիվ այցելուների թվում էր նաև ԱՄԷ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կարեն Գրիգորյանի տիկին Աննա Հաջի-Հակոբյանը, որի հետ շատ բովանդակալից և արդյունավետ զրույցի արդյունքում որոշվեց, որ հաջորդ ցուցահանդեսին մասնակցելու դեպքում անպայման կկայանա համագործակցություն դեսպանության հետ՝ Հայաստանի ներկայությունն առավել տեսանելի դարձնելու, մշակութային արժեքների առավել ընդգծված ներկայացման և համայնքի ներգրավման նպատակով։

Ի դեպ, տոնավաճառի՝ այս տարվա կարգախոսն էր «Գիտելիքը լուսավորում է մեր համայնքը», իսկ պատվավոր հյուր ծրագիրը լուսաբանում էր «Կարիբյան ավազանի մշակույթը»: 11-րդ դարի փիլիսոփա-բժիշկ Իբն Սինան (Ավիցեննա) ներկայացված էր որպես տոնավաճառի կիզակետային անձնավորություն, իսկ «Հազար ու մի գիշերը»՝ որպես այս տարվա աշխարհի գիրք։

Տոնավաճառի օրերին տեղի ունեցավ Շեյխ Զայեդ գրքի մրցանակաբաշխությունը՝ նվիրված արաբական աշխարհի գրական նվաճումներին: Հատուկ մրցանակի արժանացավ ճապոնացի հանրահայտ գրող Խարուկի Մուրակամին՝ արժանանալով Տարվա մշակութային մարդ մրցանակին։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում` Աբու Դաբիի գրքի միջազգային տոնավաճառում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031