Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կենսաբազմազանությունը տեսնելու լավագույն վայրերից է, նաև ցորենի և գարու 8 համաշխարհային կենտրոններից մեկը. Ռուբեն Հարությունյան

Մայիս 06,2025 16:59

Սույն թվականի մայիսի 5-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Կենսաբազմազանություն, պահպանություն և կլիմայի փոփոխություն» միջազգային գիտաժողովը, որը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը և Երևանի պետական համալսարանը։

Գիտաժողովը համախմբել է 100-ից ավել գիտնականների և մասնագետների շուրջ 20 երկրներից, ովքեր քննարկում են  կենսաբազմազանության պահպանության և կլիմայական փոփոխություններին առնչվող հիմնախնդիրներն ու գործնական լուծումները:

«Այս միջոցառումը նպատակ ունի զարգացնելու միջազգային և միջգիտակարգային համագործակցությունը։ Այստեղ մենք կլսենք նոր հետազոտությունների մասին։ Գիտաժողովն ունի ավելի քան 100 մասնակից, որոնց շուրջ 50 տոկոսը երիտասարդ գիտնականներ են», – ասաց ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանն ասաց․ «Հայաստանը կենսաբազմազանությունը տեսնելու լավագույն վայրերից մեկն է, նաև ցորենի և գարու 8 համաշխարհային կենտրոններից մեկը։ Կա տեսություն, որ հրաբխային և սեյսմիկ գոտիներն էվոլյուցիայի օրրաններ են եղել»:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին դոնոր կազմակերպությունների՝ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանը, Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) տնօրեն Լևոն Աղասյանը, «BirdsLink Armenia» կազմակերպության նախագահ Կարեն Աղաբաբյանը։

Գիտաժողովում ներկայացված են զեկուցումներ Հայաստանի թռչնաշխարհի պոպուլյացիաների, չզջիկների, սարդերի և մողեսների բազմազանության, մարդ-վայրի բնության հակամարտության, անողնաշարավորների և մակաբույծների, բույսերի և սնկերի կենսաբազմազանության, Սևանա լճի ճահճացման դինամիկայի, ջրային կենսաբազմազանության պահպանման, Հայաստանի անտառների, կլիմայական գործընթացների, ինչպես նաև կենսաբազմազանության և կայուն զարգացման վերաբերյալ։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև մայիսի 7-ը ներառյալ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031