Մանթաշյանց գործարարների ակումբը՝ համագործակցելով «Իմ անտառ Հայաստան» h/կ-ի հետ, մեկնարկել է կարևոր նախաձեռնություն՝ նոր անտառտնկման ծրագիր Գեղարքունյաց լեռներում, Ծաղկունք գյուղի տարածքում։
Այս քայլով դրվել է համայնքային ու բնապահպանական նշանակություն ունեցող նախագծի հիմքը՝ բիզնեսի մասնակցությամբ՝ դեպի կայուն և կանաչ Հայաստան։
Ակումբի գործարարները այս ներդրման միջոցով միացել են մի կարևոր առաքելության՝ վնասակար արտանետումները փոխարինել թթվածնով ու մաքուր օդով։ Ակումբական Սոնա Եղիազարյանը վստահ է՝ այս նախաձեռնությունը միանվագ քայլ չէ․ նրա խոսքով՝ նպատակը շարունակականությունն է, և առաջիկա տարիներին նախատեսվում է տնկել մինչև 1 միլիոն ծառ։
Կարդացեք նաև
«Իմ անտառ Հայաստան» հ/կ ներկայացուցիչ Հեղինե Արմենյանը, ծառատունկից առաջ, Մանթաշյանց ակումբի գործարարներին ներկայացրեց անտառատնկման մի շարք կարևոր սկզբունքներ։ Նա նշեց, որ տարածքի ընտրությունն իրականացվում է գիտական մեթոդաբանությամբ՝ հաշվի առնելով հողի կառուցվածքը, տեղանքի ռելիեֆը, տեղումների քանակը, ինչպես նաև տարածաշրջանի ֆլորան, ֆաունան և այլ էկոլոգիական գործոններ։
Ծառատունկի ընթացքում մանթաշյանականները կիսվեցին իրենց տպավորություններով՝ պատմելով այն յուրահատուկ զգացողությունների մասին, որ ապրեցին ծառ տնկելիս։ Ակումբականների համար սա պարզապես էկոլոգիական ակցիա չէր, այլ գիտակցված մասնակցություն մի գործին, որն ուղղված է ապագա սերունդների համար ավելի առողջ միջավայր ստեղծելուն։
Ակումբականները վստահեցնում են՝ «Մանթաշյանց անտառը» միանգամյա նախաձեռնություն չէ։
Նրանք շարունակելու են հետևողականորեն աջակցել դրա աճին ու կայացմանը՝ դարձնելով այն երկարաժամկետ հանձնառության խորհրդանիշ համայնքի ու բնության հանդեպ։
Մանթաշյանց գործարարների ակումբ