Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը

Մայիս 06,2025 17:23

Հայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը:

Առաջնությանն ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը:

Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է մայիսի 7-11-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան կժամանեն մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և պատվավոր հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։

Ընդգծելով, որ միջազգային խոշոր մրցաշարերի հյուրընկալումը շարունակական քաղաքականություն է` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը նշել է. «Հայաստանի մարզաշխարհի, մասնավորապես՝ կարատեի պատմության մեջ պատմական պահ է. Եվրոպայի 60-րդ առաջնությանը 54 երկրից հյուրընկալելու ենք ավելի քան 1000 մարզիկ և պատվիրակ: Սա պարտավորեցնող իրադարձություն է մեր երկրի համար, և ՀՀ կառավարությունը ջանքեր չի խնայում լավագույնս ներկայանալու և առաջնությունը հավուր պատշաճի անցկացնելու նպատակով»:

Նա առանձնակի ընդգծել է, որ Հայաստանում միջազգային առաջնությունների անցկացումը պետական քաղաքականության առանցքային ուղղություններից և սպորտի ռազմավարության թիրախներից է:

«Այս քաղաքականության նպատակն է հնարավորինս նպաստել սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը: Նա  շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին արդյունավետ համագործակցության համար՝ առաջնությանը մասնակցող բոլոր մարզիկներին մաղթելով տեսարժան մրցելույթներ:

Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը ևս շնորհակալություն է հայտնել գործընկեր կառույցներին, մասնավորապես՝ ՀՀ կառավարությանը, որի անմիջական աջակցությամբ են կյանքի կոչվում առաջնության կազմակերպման աշխատանքները:

«Կարատեն համընդհանուր սպորտաձև է, և ամեն անգամ այն հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ նպաստ կարող է բերել տվյալ երկրի սպորտային կյանքի զարգացմանը: Վստահ եմ՝ մարզասերները կվայելեն Հայաստանում անցկացվող այս մրցաշարը»,- ասել է նա:

Կարևորելով մայիսի 7-11-ն անցկացվող առաջնության ընթացքը` բանախոսները շեշտել են նաև այն հանգամանքը, որ Հայաստանը հյուրընկալելու է նաև 2027 թ. Եվրոպայի պատանիների և երիտասարդների կարատեի առաջնությունը, ինչն առավել կնպաստի Հայաստանում այս մարզաձևի զարգացմանը:

Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը ևս ողջունել է ներկաներին և հաջողություն մաղթել մասնակիցներին: Նա տեղեկացրել է, որ այսօր անցկացվելու Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը, որի ընթացքում ընտրվելու է նոր ղեկավար կազմը:

Բանախոսները ազնիվ պայքար և արդար հաղթանակ են մաղթել առաջնության բոլոր մասնակիցներին:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031