Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե չկան բացարձակ արժեքներ, մնում է «երջանկության ձգտումը»

Մայիս 07,2025 14:00

Ինչու Կրեսոսն աշխարհի ամենաերջանիկ մարդը չէր

Որտեղի՞ց է աշխարհում հայտնվել չարիքը: Քրիստոնյա փիլիսոփաները դարերի ընթացքում այդ հարցին տալիս էին տարբեր պատասխաններ, կրքոտ վիճում էին իրար հետ: Բայց նրանք, իհարկե, չէին կարող շրջանցել այդ ուսմունքի հիմնական դոգմատներից մեկը, որը կապված է «ադամական մեղքի» հետ:

18-րդ դարում, սակայն, ֆրանսիական «լուսավորիչները» (որոնք, իմ կարծիքով, որոշ բաներ «լուսավորեցին», մի մասն էլ «խավարեցրին») հայտարարեցին, որ «ադամական մեղքը» հեքիաթ է: Ըստ այդմ՝ բնությունն ասում է մարդուն՝ «իզուր ես դու փնտրում քո երջանկությունն այն աշխարհից դուրս, որտեղ ես քեզ տեղադրել եմ»: «Բնությունը, – գրում էր Դիդրոն, – քո սիրտը կազատի քեզ տանջող վախերից եւ անհանգստություններից»:

Քանի որ «ադամական մեղքի» գաղափարը մերժվել էր, իսկ չարիքը մնում էր, պետք էր որոշակի բանական բացատրություն կամ գուցե, այսպես ասած, «արդարացում»:

Եվ ահա Դիդրոյի գաղափարակից Վոլտերն առաջարկում է հետեւյալ «մխիթարանքը». կյանքն ամբողջությամբ կլճանար առանց մարդկային թուլությունների, քանի որ ամենաուժեղ ազդակները մեր կյանքում գալիս են բնազդներից եւ կրքերից, որոնք, ենթադրաբար, հաճախ էթիկապես այնքան էլ ընդունելի չեն:

Զուտ գիտական առումով այդ պնդումը դժվար է գյուտ համարել. այո, բնության մեջ սա էլ կա, նա էլ: Հետո՞ ինչ: Այդ անորոշ ենթադրությունները փորձեց հստակեցնել նույն դարաշրջանում ապրող փիլիսոփա եւ մաթեմատիկոս Պիեռ Մոպերտյուին: Նա գտնում էր, պետք է հաստատել որոշակի սանդղակ, որը երջանկության տեսանկյունից կհաշվարկի հաճույքների եւ տհաճությունների փոխհարաբերությունը:

Աստվածաբանական մոտեցումների, բացարձակ արժեքների մերժումը հանգեցնում է նման, բավականին զավեշտալի, հաշվարկների:

Դրանց 18-րդ դարի երկրորդ կեսին հակադրվում էր Իմանուել Կանտը, որն իրավացիորեն նկատել էր, որ կշռել, հաշվարկել կարելի է միատարր, համանման երեւույթներ: Եթե կենցաղային օրինակ բերենք, պաղպաղակ ուտելը, ընդունենք, երջանկություն է, կյանքի ընկերուհուն հանդիպելը նույնպես երջանկություն է: Քանի՞ հատ պաղպաղակ պետք է ուտել, որպեսզի մեկը մյուսին հավասարակշռի:

Իսկ ո՞վ ասաց, որ մարդու գլխավոր ձգտումը պետք է երջանկությունը լինի:

Ֆրանսիական «լուսավորիչների» ազդեցության տակ գրված ԱՄՆ անկախության հռչակագրում հենց դա է գրված, բայց որեւէ տեքստ, որքան էլ այն ազդեցիկ ու պատմական առումով նշանակալից լինի, չի կարող ընդունվել հալած յուղի տեղ: Ի՞նչ է ստացվում՝ ուրեմն իմ ուշքն ու միտքը որքան հնարավոր է՝ շատ երջանկություն, այսինքն՝ հաճույքներ (ինչ էլ հասկանանք դրա տակ) «կորզելն» է: Բա պա՞րտքը, ծառայությո՞ւնը, առաքելությո՞ւնը, այլ մարդկանց հետ համերաշխությո՞ւնը: Դրանք երբեմն հակասում են երջանկությանը եւ հաճույքներին: Կամ, համենայնդեպս, այն պատկերացումներին, որոնք սովորաբար գոյություն ունեն երջանկության մասին:

…Լիդիայի թագավոր Կրեսոսը հյուրընկալել էր հույն փիլիսոփա Սոլոնին: Ցույց է տալիս իր հսկայական հարստությունները եւ հարցնում է փիլիսոփային՝ «դե, ասա, խնդրեմ, ո՞վ է աշխարհի ամենաերջանիկ մարդը»՝ հույս ունենալով, իհարկե, որ Սոլոնը կտա իր անունը: Բայց փիլիսոփան, որպես երջանկության լավագույն օրինակ, պատմում է աթենացի Թելլոսի մասին՝ նա ապրել է իր հարազատ քաղաքում, սնվել է իր աշխատանքի պտուղներով եւ զոհվել պատերազմում՝ հանուն հայրենիքի:

Նման օրինակներից հետո Կրեսոսն այլեւս չի դիմանում եւ հարցնում է. «Ուրեմն, դու ինձ երջանիկ չե՞ս համարում»: Փիլիսոփայի պատասխանը հետեւյալն էր. «Աստվածները մեզ հնարավորություն չեն տվել իմանալու մեր կյանքի սահմանները: Երջանիկ հայտարարել դեռեւս ապրող մարդուն նույնն է, ինչ որ՝ հաղթող հայտարարել առայժմ կռվող զինվորին»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Գեղանկարում՝ Լիդիայի թագավոր Կրեսոսը: Կլոդ Վինյոն՝ յուղաներկ, կտավ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031