Լրահոս
Օրվա լրահոսը

Թեհրանը փոխում է «նախկին երկակի քաղաքականությունը ԼՂ-ի հարցում». Բաքվում գոհ են

Մայիս 07,2025 12:00

«Ադրբեջանի ժողովրդի իրավունքները պետք է հարգվեն, Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին». Փեզեշքիանի դիրքորոշումը Բաքվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրեթե լիովին վստահ է, որ իր վարչակազմը կկարողանա Իրանի հետ համաձայնության գալ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին նա նշել էր մեկ շաբաթ առաջ. «Ինչ վերաբերում է Իրանի հետ կապված իրավիճակին, կարծում եմ՝ մեզ համար ամեն ինչ շատ լավ է ընթանում։ Ես հավատում եմ, որ համաձայնության կարելի է հասնել: Դա տեղի կունենա, ես գրեթե վստահ եմ, որ դա տեղի կունենա։ Մենք ինչ-որ բան կունենանք, եւ մենք ստիպված չենք լինի սկսել ամեն ինչ ռմբակոծել»։

ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնությունների վերաբերյալ լավատեսական հայտարարությունների ֆոնին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանեց Ադրբեջան։ Ադրբեջանում մի քանի օր է, ինչ վերլուծում են այս այցը, եւ ընդհանուր գնահատականները բավական լավատեսական են, եթե չասենք` որոշակի ոգեւորություն կա: Պետական քարոզչություն իրականացնող լրատվականների վերլուծություններն ազդարարում են Իրան-Ադրբեջան հարաբերություններում «հնարավորությունների նոր բացված պատուհանի» մասին:

Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը եւ Իլհամ Ալիեւը երկկողմ բանակցություններից հետո հայտարարեցին, որ Բաքուն եւ Թեհրանը կողմ են, որ տարածաշրջանային խնդիրները լուծեն տարածաշրջանի երկրները։ «Զրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային կազմակերպությունների շրջանակներում մեր երկրների միջեւ համագործակցության հարցերի շուրջ։ Եվս մեկ անգամ ընդգծվել է, որ Ադրբեջանն ու Իրանը կողմ են, որպեսզի տարածաշրջանային խնդիրները լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից։ Այս առումով կարեւորվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության ձեւաչափը»,- ասվում էր Ադրբեջանի նախագահականի հաղորդագրությունում։

Մենք կարող ենք միասին լուծել մեր խնդիրները, Բաքվում մամլո ասուլիսում նշեց Իրանի նախագահը։ Մասուդ Փեզեշքիանը կարծիք էր հայտնել, որ հարգելով տարածքային ամբողջականությունը՝ կարելի է տարածաշրջանում լուծել խնդիրները տարածաշրջանի երկրների հետ. «Մենք կարող ենք ճանապարհներ եւ միջանցքներ բացել հյուսիսից հարավ, արեւելքից արեւմուտք: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր միջեւ տարաձայնություն սերմանվի: Մեր երկրների միջեւ կան նաեւ կապեր, որոնք ոչ ոք չի կարող խզել: Մենք կարող ենք լավ ապագա ստեղծել ինչպես Իրանի, այնպես էլ Ադրբեջանի համար»:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա Իրանի նախագահի գնահատականը հստակ էր` Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է: Մասուդ Փեզեշքիանն ընդգծել էր, որ Թեհրանն ու Բաքուն մշտապես աջակցել են միմյանց տարածքային ամբողջականությանը: «Մենք պնդում ենք, որ Ադրբեջանի ժողովրդի իրավունքները պետք է հարգվեն, եւ Ղարաբաղը պետք է պատկանի Ադրբեջանին», – ըստ իրանական «Մեհր» գործակալության՝ նշել է Փեզեշքիանը, ընդգծելով, որ իր այցը Բաքու կամրապնդի Իրանի ու Ադրբեջանի կապերն ու միասնությունը։

Նկատենք, որ 44-օրյա պատերազմից հետո Թեհրանը բազմիցս հրապարակավ հայտարարել է, թե դեմ է տարածաշրջանում սահմանների փոփոխությանը, սակայն նախագահ Փեզեշքիանն այս հարցը չհիշատակեց Բաքվում։ Փոխարենը խոսեց իսլամական երկրների միջեւ հնարավոր փոխգործակցության մասին. «Եթե իսլամական երկրները եւ նրանց տարածաշրջանային հարեւանները միավորվեն, նրանք կկարողանան ապահովել ավելի հաջողակ մոդել, քան այն, ինչ մենք տեսնում ենք այսօր Եվրոպայում»։

«Նախագահ Փեզեշքիանի այցը՝ այսքան մեծ պատվիրակությամբ, ինչպես նաեւ բազմաթիվ կարեւոր փաստաթղթերի ստորագրումը, այդ թվում՝ նախագահների մակարդակով, եւս մեկ անգամ ի ցույց է դնում բոլոր ոլորտներում մերձենալու մեր կամքն ու հաստատակամությունը», իր հերթին շեշտեց Ալիեւը։ Նա հավաստիացրել է, թե իրենց համար մշտապես առաջնային են եղել տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը. «Այսօր մենք որպես երկու անկախ պետություններ կարեւոր դեր ենք խաղում մեր տարածաշրջանում, եւ երկուսս էլ համակարծիք ենք եւ հավատարիմ այն քաղաքականությանը, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների կողմից»։

Իրանը կառուցում է ճանապարհ Ադրբեջանի եւ Նախիջեւանի կապի համար՝ շրջանցելով Հայաստանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը AzTV-ի հարցազրույցում խոսել է ճանապարհի կառուցման մասին, որը թույլ կտա Ադրբեջանի քաղաքացիներին անվտանգ եւ հարմարավետ երթեւեկել երկրի հիմնական հատվածի եւ Նախիջեւանի միջեւ։ «Մենք հանդես ենք եկել Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ ցամաքային հաղորդակցություն ապահովելու նախաձեռնությամբ: Այսօր այս նախագիծն իրականացվում է շատ արագ տեմպերով, դա արդեն համաձայնեցված է, եւ խնդիրներ չեն լինի»,- ասել է Փեզեշքիանը: Նա ընդգծել է, որ ցամաքային հաղորդակցություն է հաստատվելու Իրանի հողերի՝ Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ։ «Մենք Իրանը համարում ենք ադրբեջանցիների երկրորդ հայրենիքը»,- նկատել է նա։

Այնուհետեւ նա հավելել է. «Մենք աշխատում ենք կապն ավելի անվտանգ ավարտելու ուղղությամբ… Հուսով եմ, որ այս նախագիծը կապահովի անվտանգ հաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ եւ միեւնույն ժամանակ կհեշտացնի կապը Ադրբեջանի եւ Թավրիզի, Արդաբիլի եւ Արեւմտյան Ադրբեջանի միջեւ», – նշել է Փեզեշքիանը:

Associated Press-ի մատուցմամբ` սա Իրանի նախագահի եզակի այցերից է հարեւան երկիր, որի հետ Թեհրանի հարաբերությունները տարիներ շարունակ լարված են եղել, հիմնականում՝ Իրանի ոխերիմ թշնամի Իսրայելի հետ Ադրբեջանի սերտ կապերի պատճառով։ Լարվածությունն էլ ավելի խորացավ երկու տարի առաջ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա կատարված հարձակումից հետո։ Վերջին շրջանում, սակայն, կողմերը հրապարակավ ջերմացման նշաններ են ի ցույց դնում, անցած նոյեմբերին, օրինակ, կողմերը Կասպից ծովում համատեղ զորավարժություններ անցկացրին, այժմ էլ համագործակցության մասին 7 համաձայնագիր ստորագրեցին, այդ թվում՝ երկու երկրների արտգործնախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու, տրանսպորտի ու հաղորդակցության ոլորտում կապերն ընդլայնելու վերաբերյալ։

Հայտնի է, որ նախագահները քննարկել են նաեւ էներգետիկ հարցեր։ «Ընդգծվել է Արազ գետի վրա հիդրոէլեկտրակայանի շինարարության եւ Աղբանդ-Քալալա ավտոմոբիլային կամրջի նախագծի ավարտը»,- նշում է ադրբեջանական կողմը:

Ինչու Ալիեւը Փեզեշքիանին հրավիրեց պատշգամբ

Քաղաքագետ, «Ատլաս» քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլուի կարծիքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Ադրբեջան կարելի է դրական գնահատել աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում, սակայն նա չի բացառել, որ Իրանի պահպանողական ուժերը կշարունակեն հակաադրբեջանական սադրանքները։

Քաղաքագետը նկատել է, որ Իրանի նախագահի այցի վերաբերյալ երկու մոտեցում կա. «Առաջին մոտեցման համաձայն՝ Փեզեշքիանը, լինելով ազգությամբ ադրբեջանցի, շահագրգռված է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման մեջ եւ այդ ուղղությամբ հնարավոր է զգալի առաջընթաց։ Երկրորդի համաձայն՝ թեկուզ Փեզեշքիանը ունենալով բարի մտադրություններ, Իրանի պահպանողական ուժերը կխոչընդոտեն հարաբերությունների զարգացմանը եւ չեն հրաժարվի սադրանքներից։ Ժամանակը ցույց կտա՝ որ տարբերակը կփաստարկվի»։

Մեկնաբանելով «Զանգեզուրի միջանցքի» նախագծի շուրջ Թեհրանի դիրքորոշումը՝ փորձագետը նկատել է, որ Արաքս գետի վրայով կամրջի շինարարությունը մոտենում է ավարտին։ «Արաքսի միջանցքը կարեւոր է թե՛ Ադրբեջանի, թե՛ Իրանի համար։ Այս միջանցքը կդառնա Չինաստանից մեկնարկող Միջին միջանցքի մի մասը։ Սա չի նշանակում, թե Ադրբեջանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի նախագծից։ Սակայն Հայաստանի կառավարությունը ձգձգում է դրա իրականացումը, այդ պատճառով պաշտոնական Բաքուն գերադասում է այլընտրանքային ուղիները»,- նկատել է Շահինօղլուն։

Նա նաեւ կարեւորել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով բեռնափոխադրումները. «Երբ Արաքսի միջանցքը պատրաստ լինի, դրա միջոցով եւս բեռնափոխադրումներ կիրականացվեն։ Ի տարբերություն իրանցի այլ պաշտոնյաների, այդ թվում՝ իր նախորդի՝ նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Մասուդ Փեզեշքիանը երբեք չի արել հայտարարություններ ընդդեմ Զանգեզուրի միջանցքի»։

«Ադրբեջանական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Փեզեշքիանը նշեց, որ Իրանի դիրքորոշումն այն է, որ եթե Հայաստանից դեպի Ադրբեջան անցուղին չի խախտում միջազգային իրավունքները եւ տարածքային ամբողջականությունը, ապա խնդիր չկա։ Զանգեզուրի միջանցքը չի խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ խնդիր չի ստեղծում Իրանի համար։ Դա պարզապես տրանսպորտային ուղի է, որից կարող են օգտվել բոլորը, ներառյալ Հայաստանը։ Իրանում որոշումներ կայացնող կենտրոնները պետք է վերջապես հասկանան դա»,- իր հերթին մեկնաբանել է Շահինօղլուն։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կկարողանա տարեկան 55 միլիարդ խմ գազ արտահանել Իրան Ադրբեջանի տարածքով, փորձագետը նշել է, որ դա այս փուլում իրականանալի չէ:

Ամփոփելով Իրանի նախագահի այցն Ադրբեջան՝ Շահինօղլուն հավելել է. «Մասուդ Փեզեշքիանի այցը կարելի է դրական գնահատել։ Չնայած Բաքվում հանդիպումների եւ ելույթների ժամանակ նա հիմնականում խոսում էր Իրանի պաշտոնական լեզվով, Փեզեշքիանը նաեւ ելույթներ ունեցավ ադրբեջաներեն եւ ընթերցեց հայտնի ադրբեջանցի բանաստեղծ Շահրիարի բանաստեղծությունները։ Ամեն անգամ, երբ նա ընթերցում է Շահրիարի բանաստեղծությունները, այն դրականորեն է ընկալվում ինչպես Իրանում, այնպես էլ Ադրբեջանում ապրող ադրբեջանցիների կողմից։ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո Իլհամ Ալիեւը մի քանի րոպեով նրան հրավիրեց նախագահական նստավայրի պատշգամբ, որտեղ երկու երկրների առաջնորդները զրուցեցին ադրբեջաներեն։ Սա հմուտ քայլ էր Իլհամ Ալիեւի կողմից»,- նկատել է Շահինօղլուն։

Փորձագետն, այսպիսով, եզրակացնում է, որ Փեզեշքիանի այցը խորհրդանշական ու դրական քայլ էր, սակայն Իրանի ներսում առկա պահպանողական ուժերը կարող են պահպանել հակաադրբեջանական դիրքորոշումը՝ խոչընդոտելով հարաբերությունների խորացմանը։

«Նոր փուլ ադրբեջանա-իրանական հարաբերություններում»

Trend գործակալության հեղինակ Էլչին Ալըօղլուն Իրանի նախագահի պաշտոնական այցով նշանավորում է երկկողմ հարաբերությունների նոր փուլ։ Նա այսպես է մեկնաբանում. «Թեհրանը, գիտակցելով Ադրբեջանի աճող դերը եւ այլընտրանքային գործընկերների առկայությունը (օր.՝ Թուրքիա, Չինաստան), ընտրում է պրագմատիկ համագործակցության ուղի։ Երկու պետությունները նպատակ ունեն առաջիկա հինգ տարում ապրանքաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի՝ խթանելով ենթակառուցվածքային ծրագրերը, մասնավոր ներդրումները եւ էներգետիկ ու տրանսպորտային կապերը։ Կան կարեւոր նախագծեր, ինչպիսիք են Ռաշտ-Աստարա երկաթուղին եւ Արազ գետի հիդրոհանգույցները։ Իրանը ձգտում է փոխել իր նախկին երկակի քաղաքականությունը Ղարաբաղի հարցում եւ դառնալ հուսալի գործընկեր՝ առաջարկելով ավելի հստակ եւ շահեկան նախաձեռնություններ։ Սակայն վստահությունը կառուցվում է ժամանակի ընթացքում։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը խորացնում է համագործակցությունը Չինաստանի հետ եւ ամրապնդում իր անկախությունն ու ազդեցությունը։ Նոր աշխարհակարգի ձեւավորման ճանապարհին Բաքուն դառնում է տարածաշրջանային նախաձեռնությունների առանցքային դերակատար»։

Էլչին Ալըօղլուն, այսպիսով, եզրակացնում է. «Ադրբեջան-Իրան հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ՝ հիմնված փոխադարձ շահերի, տնտեսական ինտեգրման եւ տարածաշրջանային համագործակցության վրա»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031