Լրահոս
Օրվա լրահոսը

Նովոռոսիյսկի պաշտպաններից էր սակրավոր Սերգո Գրիգորի Լալայանը

Մայիս 07,2025 13:30

1978 թվականին Սերգո Լալայանի կինը՝ Հայկանուշ Լալայանը, եւ «Առավոտի» խմբագրություն եկած տարեց զրուցակիցը՝ Սերգոյի որդին՝ Արամայիս Լալայանը հրավիրվել էին մասնակցելու Նովոռոսիյսկի ազատագրման 35-ամյակին նվիրված հանդիսությանը: 36 տարի հետո միայն Հայկանուշ Լալայանը կարողացավ գնալ ամուսնու գերեզմանին, իմանալ եղբայրական հուշակոթողի մասին, որտեղ ամուսնու անունը նույնպես կար…

Ալբերտ Հովհաննիսյանն իր ռազմապատումներից մեկում՝ «Արցունքոտ ծաղիկներ», Հայկանուշ Լալայանի ապրումներն էր ներկայացրել, որպես հավաքական կնոջ կերպար, ով ամուսնուն ռազմաճակատ է ուղարկել, սպասել է, փնտրել, փնտրել իր ամուսնու հետ նաեւ նրա երկու եղբայրներին՝ Արմենակին ու Շամիրին, իր եղբայրներին՝ Արտեմին ու Համազասպին. «Հայկանուշ կինը փնտրում էր, Արամայիս որդին փնտրում էր:

Փնտրում էին սիրեցյալ ամուսնուն, հարազատ հորը: Տեղեկությունը մեկն էր. «Սերգո Գրիգորի Լալայանը 1943թ. փետրվարի 18-ին անհայտ կորել է հյուսիս-կովկասյան ռազմաճակատի Սեւծովյան հատվածում, դեսանտային մարտերի ժամանակ»:

 

82-ամյա Արամայիս Լալայանը ցույց տալով բազմաթիվ արխիվային թղթեր, ձեռագրեր, նկարներ, պատմում է, որ մոր հետ շրջել են ողջ Ղրիմը, Կերչը, Անապան, Նովոռոսիյսկը:

Հուշասյունը, որը գտան ի վերջո, Կունիկովկա ավանի հյուսիսային դարավանդի մոտ էր, այն հիմնադրվել էր 1947-ին, վրան գրված էր. «Լալայան Սերգո Գ»:

«Մալայա Զեմլյա» ֆիլմի 3-րդ սերիայում հայազգի ընտանիքի մասին էլ կա, ընտանիք, որի մասին գրվեցին այդ ժամանակ բազմաթիվ հրապարակումներ, կազմակերպվեցին հանդիպումներ:

«Անկախությունից հետո ես այլես չեմ կարողացել գնալ Նովոռոսիյսկի հուշահամալիր, պատերազմ, երկրաշարժ, դժվարություններն ինձ խանգարեցին»,-ասում է Ա. Լալայանը, նաեւ տխրում, հուզվում, երբ երկրի այսօրվա ղեկավարներն իրենք չգնալով հայրենական պատերազմում ընկածների եղբայրական գերեզմաններ, Հաղթանակի ամենամյա միջոցառումներին, ներկայացուցչություն չեն ապահովում նման հանդիսություններին, որտեղ հայերը փառապանծ պատմություն են կերտել, հերոսացել: Այդ պատերազմի հերոսներն ասես մեղավոր լինեն, որ ծնվել են այդ ժամանակահատվածում, մասնակցել հանրային, քաղաքական կյանքին: Իսկ լուսավոր երիտասարդների պատմությունը չի խամրում…

Ներքին կարմիրաղբյուրցի Սերգո Լալայանը վերքերն ապաքինվելուց հետո նորից մեկնում է ռազմաճակատ: Դա 1942-ի աշնանն էր: Ծանր օրեր էին: Առաջադրանք էին տվել հայազգի սակրավորին: Ու մինչ նա կմեկներ մարտական հերթական առաջադրանքը կատարելու, գրպանից հանում է նամակները, հետո հանում մի բուռ սեւ հող պարունակող թաշկինակը՝ 12-ամյա դստեր գերեզմանից վերցված, համբուրում ու անհետանում գիշային խավարում:

1943թ. ապրիլի 30-ը նրա կյանքի վերջին ներկան էր…

«Մի քանի օր հետո երկու նամակներ հանդիպեցին իրար. մեկը Կարմիր աղբյուրից Նովոռոսիյսկ Սերգո Լալայանին, մյուսը՝ Նովոռոսիյսկից գյուղ՝ Հայկանուշ Լալայանին:

«Ձեր ամուսինը՝ կարմիր բանակային Սերգո Լալայանը, արիաբար կռվել ու զոհվել է Մալայա Զեմլյայում: Նա թաղված է եղբայրական գերեզմանում»:

Այս մասին գրվում է «Հայրենիքի կանչով» (Սաղումյան Հ. Մ.) գրքում, որում հեղինակը ներկայացրել է Շամշադին գյուղի մասնակցությունը մեծ Հայրենականին (այդ գրքում խոսք կա ուսուցիչների, պատերազմի կին մասնակիցների մասին, նրանց ու հարազատների նամակներն են-Ռ.Մ.):

Զրուցակիցս շարունակում է ներկայացնել հոր մասին, հայրը կռվել է Դոնբասում, 107-րդ հրաձգային բրիգադի 3-րդ գումարտակում: Զոհվել էին բոլոր կապավորները, իսկ նա առաջին վաշտի հրամանատարի հրամանից հետո վերականգնել է հրամանատարական կետի հետ ընդհատված կապը, միացնելով արկի պայթյունից հետո կտրտված հեռախոսալարերը, սակայն խրամատին չհասած, վիրավորվել է…ապա խրախուսական կարճատեւ արձակուրդ ստացել, մեկնել Թբիլիսի, Իջեւան, ձիաֆուրգոնով հասել Շամշադին, երկու օր հետո կրկին մեկնել ռազմաճակատ:

Արամայիս Լալայանը պատմում է, որ հորն այդ ժամանակ, ըստ նրան ճանաչողների, հարցրել են ռազմաճակատ մեկնած համագյուղացիների մասին, իսկ նրա մարտական ընկերներից մեկը իրեն տվել է մի «հուշագիր» ձեռագիր, որում նա ներկայացրել է, թե ովքեր են 1943թ. փետրվարի 11-ին Շամշադինից Մալայա Զեմլյայում եղել. Լալայան Սեգո, Ներքին կարմիր աղբյուրից, Այդինյան Արմենակ, Նավուր գյուղից, Պապյան Ենգիբար, Բերդ գյուղից, Հարությունյան Բագրատ, Նավուր գյուղից, իսկ Ուզունթալա, ներկայիս Այգեհովիտից եղել են Եսայան Սահակ Սարգսի, Վարդանյան Սրաֆել Գարեգինի, Ղեվոնդյան Շաքար Տիգրանի, Դալլաքյան Լեւոն Հովհաննեսի:

«Զոհվելու մասին մայրս չի իմացել, քանի որ սեւ թուղթը պահել է պապս, խնայելով մորս», հայրն այդ ժամանակ 34 տարեկան էր…

Ամուսնու կորստից հետո Կարմիր աղբյուր գյուղի մայրիկը, կամ՝ Որբերի մայրիկը, ինչպես ասում են նրան, յոթ երեխա է մեծացնում, դառնալով թիկունքի հերոսներից մեկը: «Շատ տխուր է անցել մանկությունս, ավելի շուտ մորս կյանքն է տխուր անցել: Երբ տանը ցուրտ էր լինում, վառարանն անկրակ, մայրս իր թեւերի տակ էր առնում եղբայրներիս, ինձ, հայրիկիս անունն ասում, նա անթեղ մեկն էր, ով մեծացրեց մեզ»,-ասում է զրուցակիցս, վերհիշելով պատերազմի երեխայի իր մանկությունը, որը նման է բոլոր պատերազմների ժամանակ մեծացած երեխաների մանկությանը:

Տարիների հեռվից նրան մխիթարողն այն է, որ հոր արածը չի մոռացվել, քարե մատյանին նրա անունը կա, իսկ ինչքան պատերազմներ եղան հետո, ու ինչ անուններ մնացին անգերեզման, անգիր, մոռացված:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.05.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031