«Առավոտի» իրավական էջը ներկայացնում է Ֆիրդուսի թաղամասի բնակիչ Անահիտ Սաֆարյանի նամակը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պրն Բերսե, Ձեզ հասցեագրված 08.04.2025 թ. եւ 13.02.2025թ. բողոքներով դիմել եմ քաղ. Վ, Սաֆարյանի` մորս Հայաստանի Հանրապետության դեմ գործով կայացված Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման համար, ինչպես նաեւ Վ. Սաֆարյանին վերապահված ՄԻԵԴ կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի եւ 6-րդ հոդվածի խախտումները վերացնելու համար:
Բողոքներիս ի պատասխան՝ ստացել եմ «ԵԿՆ ԾԻԳ» ՀՈԱԿԻ 16.04.2025թ. գրությունը, որում նշված է. «Վարչական աշխատակազմ հասցեագրված 13.02.2025թ. բողոքը ուսումնասիրվել է՝ Ձեզ պատասխանելու նպատակով: Դիմումում բարձրացված խնդրո առարկայի վերաբերյալ Երեւանի քաղաքապետի կողմից իրավասու ստորաբաժանումներին հանձնարարվել է մանրակրկիտ ուսումնասիրություն կատարել օրենքով սահմանված կարգով հարցը կարգավորելու առնչությամբ»:
Նշված է նաեւ. «Դրանց վերաբերյալ քանիցս տրվել է պարզաբանումներ եւ պատասխաններ, սակայն հարցը տեղափոխվել է դատաիրավական դաշտ, որտեղ ներկայումս դատաքննություն է ընթանում»:
Կարդացեք նաև
Հարկ եմ համարում պատմել կատարվածի մասին իրականությունը, որից պարզ կդառնա, թե ինչո՞ւ է հասցեիս չգրանցված 59 քմ եւ 244.44 քմ տարածքների հարցը քննվում դատարանում: Այդպիսով, պարզ կդառնա Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի իրավասու ստորաբաժանումների պատմության կեղծիքը:
2007թ. -ին Ֆիրդուսի 33 թաղամասը ճանաչվեց հանրային գերակա շահ, անհրաժեշտություն առաջացավ վերականգնել քաղ. Վ. Սաֆարյանի սեփականության իրավունքը հասցեի չգրանցված ցանկապատված տարածքների նկատմամբ: Թաղամասում իրականացվում էր բնակիչների սեփականության իրավունքի վերականգնման գործընթացը:
Ուշագրավն այն է,որ նշված գործընթացում չգրանցված տարածքներիս հարցի լուծման փոխարեն, քաղաքապետարանի հանձնառությամբ կադաստր կոմիտեի կեղծիքներով 2007թ.-ին կազմվեցին գրություններ: Եվ կեղծիքներով կազմված գրություններով մերժվեց հասցեիս ցանկապատված չգրանցված տարածքների պետական գրանցման հարցս, որի պատճառով 2007թ.-ին անհրաժեշտություն առաջացավ դիմել ՀՀ վարչական դատարան «Կադաստրային գործիս հիմքերը վերականգնելու պահանջով»: Դատարանը անտեսեց հայցիս հիմք հանդիսացող 1928թ. Գույքաթերթը եւ դատարանին հասցեագրված 11.02008թ. Միջնորդությունս, որը ներկայացրել էի վեճի օբյեկտիվ լուծման համար: Միջնորդությամբ դատարանից խնդրել եմ պատասխանող կադաստր կոմիտեին հանձնարարել կազմել հասցեիս հողամասի հատակագիծը 1928թ. գույքաթերթին համապատասխան: 1928թ. գույքաթերթը հանդիսանում է հասցեիս կադաստրային գործի հիմքը (հարկ եմ համարում նշել, որ չափագրող կազմակերպությունները սկսել են գործել 2012թ.-ից): Վարչական դատարանը 04.062008թ. վճռով մերժեց պահանջս, որով վեճը թողնվեց չլուծված: Վճռով հասցեիս 1928թ. գույքաթերթի մաս հանդիսացող ցանկապատված 59 քմ տարածքը գնահատվեց 60-րդ հոդվածի հող: Առ այսօր վեճը լուծված չէ: Հայտնում եմ, որ 2022թ.-ին հասցեիս չգրանցված տարածքների նկատմամբ քաղ. Վ. Սաֆարյանի սեփականության իրավունքը վերականգնելու հարցով քաղաքապետ Ավինյանին հասցեագրված դիմումներս թողնվել են անպատասխան: ՀՀ վարչական դատարանում ֆիկցիայի հիմքով ներկայացված հայցս մերժվել է, առանց դատաքննության: Վեճին կողմ հանդիսացող քաղաքապետարանը դատարան չի ներկայացել եւ վեճի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ գործող քաղաքապետի՝ Ավինյանի որոշմամբ հասցեիս ցանկապատված 59 քմ տարածքը հատկացվել է իշխանական կոռուպցիոներ «Էլիտ-Հոլդինգ» ՍՊԸ-ին:
Ավինյանի կատարածը արդարացում չունի: 2018թ.-ին արդարության կոչով վարչակազմ եկած Ավինյանի պատճառով կրել եմ ծանր ապրումներ: Ավինյանը իր գործելաոճով միջամտեց արդարության իրականացմանը, որով ապացուցեց ինձ, որ դատարանը անկախ չէ:
Հայտնում եմ նաեւ, որ 2007թ.-ից գնահատված չեն վեճի վերաբերյալ ներկայացված հետեւյալ ապացույցները.
- Անփոփոխ են մնացել կադաստրային պաշտոնական քարտեզով հաստատված հասցեիս հողամասի սահմանակից հասցեների սահմանները:
Երեւանի քաղաքային խորհրդի 1937թ. մայիսի 16-ի թիվ 10 արձանագրությամբ նշված հասցեիս սահմանակից հասցեները մնացել է անփոփոխ: Հասցեիս տնատիրության հողամասի սահմանները եւ սահմանակից հասցեները չեն փոփոխվել: Սա վկայում է փաստն առ այն, որ չգրանցված 59 քմ եւ 244.44 քմ տարածքները երբեւէ չեն գտնվել որեւէ անձի փաստացի օգտագործման տակ, այնպիսի ձեւով, որը կարող էր ստեղծել սեփականության կամ իրավունքի վաղեմության հիմք: Հետեւաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածի հիմքով իրավունք չի կարող առաջանալ այն տարածքի վրա, որը փաստացի եւ իրավական կերպով պատկանել է այլ անձի, այսինքն 1894թ.-ից չգրանցված տարածքները պատկանել են քաղ. Վ. Սաֆարյանի իրավանախորդին: Եվ իրավունքը փոխանցվել է քաղ. Վ. Սաֆարյանին 1967թ. առուվաճառքի պայմանագրով: Թաղային լիազորի հաստատմամբ հարեւաններիս հայտարարությունները վկայում են, որ վիճարկվող 59քմ եւ 244,44 քմ տարածքների նկատմամբ քաղ, Վ. Սաֆարյանի սեփականության իրավունքի պետական գրանցմամբ որեւէ անձի իրավունք չի խախտվի: Հետեւաբար, վաղեմության հիմքով մորս՝ Վ.Սաֆարյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը տվյալ դեպքում իրավաչափ է:
Հարգարժան պրն Բերսե, Ձեզ եմ դիմել, որ չլսեմ գործը դատարանում է:
Խնդրում եմ Ձեր լիազորությունների շրջանակում բարձրացնել այս հարցս Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում եւ հորդորել Հայաստանի պատվիրակությանը՝ ուշադրություն դարձնել տվյալ խնդրին ու արձագանքել դրա վերաբերյալ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների:
Շատ կարեւոր է, որ այս գործը ուսումնասիրվի թափանցիկ եւ անկախ ձեւով՝ արդարության վերականգնման եւ մեր ընտանիքին պատճառած տարիների վնասի փոխհատուցման նպատակով:
ՀՀ/ԱՄՆ քաղաքացի
Անահիտ Սաֆարյան
Հասցե՝ Հայաստան, Երեւան
Ֆիրդուսի 33 թաղամաս, Հանրապետության նրբ. 8ա
«Առավոտ» օրաթերթ
06.05.2025