Միայն Եղեգիս խոշորացված համայնքում 2022 թվականից մինչեւ այսօր արջի հասցրած վնասը կազմում է մոտ 29 մլն դրամ. «Մտել են գյուղ, հիմնականում մեղվաընտանիքներ են ջարդել, անասուններ են հոշոտել, նույնիսկ մեկ դեպք ունենք, որ մարդու են վնասել։ Բայց մինչեւ 2022 թվականը մեկ անգամ փոխհատուցվել է, 2022 թվականից հետո մինչեւ հիմա փոխհատուցում չի տրվել»։
Վայոց ձորի մարզի գյուղերի բնակիչներին վերջին տարիներին անհանգստացնում է արջերի վարքագիծը. համայնքների մերձակա ձորերից արջերն իջնում են գյուղեր ու մեծ վնաս հասցնում գյուղացիներին, ահ ու սարսափի մեջ պահում բնակչությանը։ Մարդիկ ասում են՝ մութն ընկնելուն պես վախենում են տնից դուրս գալ։
«Արջերի գյուղից չենք կարողանում քշել, իմ 120 հատ ճագարներին են կերել, հարեւանիս հավերն են կերել, բերքն են փչացրել»,- ասում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի նախկին ղեկավար Հարություն Գեւորգյանը։
Նախկին համայնքապետը նշում է՝ վերջին տարիներին արջերը շարունակաբար մտնում են գյուղ, հետո կատակում է՝ իսկ, օրինակ, նախկինների օրոք գյուղ չէին իջնում։ Արջերի այս վարքագծի պատճառը, ըստ Վերնաշենի բնակիչների, այն է, որ նախկինում արջերի քանակը քիչ էր, իսկ հիմա շատացել են, բացի դա, վայրի կերն այսօր չի հերիքում արջերին, ստիպված իջնում են գյուղ։
Կարդացեք նաև
«Հենց մութն ընկնում է, արջերն արդեն գյուղում են՝ խմբերով, երկուսով, երեքով, առանձին-առանձին ու տարբեր տնտեսությունների վնաս են հասցնում։ Հավերն են ոչնչացնում, մեղվի փեթակները, ծառերն են ջարդում, երբ բերքն սկսում է հասունանալ, բերքն են ուտում, ուտում են մեկ-երկու կիլոգրամ, բայց հարյուրավոր կիլոգրամ բերքը ոչնչացնում են, ջարդում-փշրում գնում են։ Մարդիկ գիշերը չեն կարողանում տնից դուրս գալ արջերի վախից։ Իսկ ամառվա ընթացքում օրը ցերեկով մենք արջերին տեսել ենք գյուղում, էս ձեւի չի լինի։ Տարիներ շարունակ եւս մեր սարերում արջեր եղել են, բայց իրենք նախկինում գյուղ չեն մտել։ Իսկ էսօր անարգել խմբով՝ երկու-երեք արջով գյուղի մեջ ման են գալիս, ըտենց ո՞նց կլինի։ Վախենում ենք, ես մի 80 սանտիմետրի վրա իրեն տեսել եմ, մի ամբողջ օր սթրեսի մեջ եմ ընկել»,- ասում է Հարություն Գեւորգյանը։ Հետո հավելում է. «Հեսա մայիսին գիլասը հասունացավ, համատարած ծառերի ջարդ է լինելու»։
Լուծումը, ըստ գյուղացիների, այն է, որ պետությունը պետք է արգելոցներ կառուցի ու արջերին առանձնացնի։ Կամ էլ մարդիկ ծայրահեղ լուծում են առաջարկում՝ ոչնչացնել արջերին։ Գյուղացիներն առաջարկում են նաեւ, որ հատուկ ծրագրով արջերին կերակրեն, որպեսզի գյուղ չիջնեն։ «Պետությունը պետք է մտածի իր ժողովրդի մասին, հիմա էս տարածքում ուզում են մարդ ապրի, թե՞ արջ ապրի։ Էս ի՞նչ ձեւ է, պետության պետքն էլ չի, բողոքում ես, ոչ վնասի հատուցում են տալիս, ոչ էլ հետաքրքրվում են»,- նշում է Հարություն Գեւորգյանը։
Եղեգնաձոր խոշորացված համայնքի բնակիչ Հայկ Իսախանյանն ասում է՝ ինչ-որ մոտեցում պետք է լինի, որ արջերը գյուղ չմտնեն, մարդիկ վախենում են։ «Ջհանդամը էդ ճագարն ու հավը, մարդիկ են վախենում, իրիկունը դուրս չեն գալիս տանից։ Եթե մենք չկերանք էդ ճագարներին, հալալ է արջերին, թող իրենք ուտեն, բայց մարդկանց վնաս չտան։ Մենք ուզում ենք, որ մեր տարածաշրջանում լինեն արջեր, բայց նրանց պետք է որոշակի տարածքում խնամել ու կերակրել։ Կոնկրետ երեկ հանդիպել ենք մի շատ մեծ արջի, իր համար էնպես հանգիստ էր մեր արոտավայրերում քայլում, որ էլ չասած։ Հիմա նրանք սոված են, շուտով հենց թութը հասունանա, կլցվեն գյուղ։ Կոնկրետ անցած տարի մեր գյուղացի Բաղդասարյան Խաչիկը թութը հավաքել էր, որ չորացներ ու օղի թորեր, առավոտյան ելել էր, ամբողջը մաքուր էր։ Հետո մտածել էին՝ շունն է քնած դռանը, կինը կանչել էր շանը, տեսել էր արջն է։ Ամուսինն էլ վախից տնից փախել էր»,- նշում է Իսախանյանը։
Արջերը միայն Վերնաշենում չեն, հարակից գյուղեր եւս իջնում են։ Գյուղացիներն ասում են՝ հարեւան Արփի գյուղում մի արջ իր ընտանիքով շատ մեծ վնասներ է հասցրել։ «Այդ արջը մասնագիտացել էր կենդանիներ ուտելու հարցում, իսկ արջ էլ կա մասնագիտացել է միրգ ուտելու հարցում։ Անցած տարի Շատին գյուղում արջը մեծ վնաս տվեց, մարդիկ անեկդոտ են ասում՝ շատինցիներն արջին բռնել ծեծել են, գետն անցկացրել ու ուղարկել են Վերնաշեն»,- ասում է Հայկ Իսախանյանը։
Գյուղացիները քննարկել են հարցը ու եկել են եզրակացության, որ այս տարածաշրջանին այսքան արջ պետք չէ։
Բնության համաշխարհային հիմնադրամի ներկայացուցիչը հակադարձում է՝ արջը կենսաբազմազանության մաս է, պետք է մնա այս տարածաշրջանում ու բազմանա։
Կենսաբանական շղթայի մասին, եթե խոսում ենք, ցանկացած կետում, որտեղ այդ շղթան խախտվում է, բոլոր մյուս կետերում այդ խախտման հետեւանքը նկատվում է։ «Մենք իրականացնում ենք մարդ ու արջ կոնֆլիկտի մեղմանն ուղղված միջոցառումներ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արջերի դեմ պայքարելու լավագույն միջոցը էլեկտրական հովիվների տեղադրումն է։ Էլեկտրական հովիվը էլեկտրականության ցանկապատ է, որը շատ թույլ հոսանք է տալիս կենդանուն, երբ կենդանին ուզում է մոտենալ այգիներին ու մեղվափեթակներին։ Եվ կենդանին հետ է գնում, ոչ մարդն է տուժում, ոչ էլ նրա բիզնեսը։ Մենք Վայոց ձորում, Արարատում եւ Սյունիքում արդեն տեղադրել ենք որոշ էլեկտրական հովիվներ։ Եվ Արենի համայնքի հետ վերջերս կնքել են համաձայնագիր, որով ներդրվելու է փոխհատուցման մեխանիզմ։ Այսինքն՝ այս ամենը լինելու է, երբ գյուղացիներն ասում են՝ փոխհատուցում չի լինի, մենք ասում ենք՝ կլինի։ Ուղղակի կա խնդիր՝ ապացուցելու՝ դա արջի արածն է, թե չէ։ Մենք դրանով զբաղվում ենք, այսինքն՝ լինում են շատ դեպքեր, երբ մենք ահազանգ ենք ստանում, մոտենում ենք, հետո պարզվում է, որ դա արջի արածը չէ։ Մարդիկ ինչ-որ բանից տուժել են, որոշել են, որ պետք է փոխհատուցում ստանան»,- ասում է գյուղ այցելած WWF-ի ներկայացուցիչը՝ WWF Հայաստանյան գրասենյակի հասարակական հետ կապերի մասնագետ Արփինե Թավաքալյանը:
«Ամեն ծառի կողքը հո էլեկտրական հովիվ չենք դնելու, մենք ապրում ենք, չէ՞ էս գյուղում։ Եթե ուզում եք էդ արջերին ըտենց բուժեք ու պահեք, պիտի կերակրեք։ Լավ, ինչքա՞ն արջ պետք է ունենա էդ փոքրիկ գյուղը՝ 5 հա՞տ, 10 հա՞տ, 4-5 հոգով խմբերով լցվում են գյուղը։ Վերջը դրա դեմը պիտի առնվի, թե՞ չէ։ Էսքան արջերն էս տարածքի համար չափազանց շատ են, դեմը պետք է առնել»,- հակադարձեցին մեր զրուցակից գյուղացիները։
«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ) ծրագրի տուրիզմի պատասխանատու Լիլյա Թորոսյանն ասում է. «Կենսաբազմազանության պահպանությունը դառնալու է արդյունք տուրարտադրանքի ձեւավորման համար։ Դա բերելու է շատ մեծ տուրիստական հոսք։ Այսինքն՝ եթե մենք ուզում ենք ցույց տալ արջ, դա մեր հարստությունն է դառնում, տուրիստը գալիս է համայնք՝ արջ տեսնելու համար։ Խնդիրները հետեւյալ կերպ պետք է լուծվեն՝ ճիշտ կառավարում պետք է լինի։ Եթե արջը մտնում է գյուղ, նշանակում է ինքը փնտրում է կեր։ Այսօր կեր չկա անտառում, ո՞րն է պատճառը՝ մարդիկ անխնա ոչնչացնում են կերային բազան, հավաքում ենք մասուրը, տանձը, մանդակը, որը արջի կերն է։ Պետք է այդ տարանջատումը լինի, որ արջը կեր ունենա։ Պետք է լինեն բուֆերային գոտիներ, պետք է լինի բնապահպանական տարածք՝ արգելոցային կարգավիճակով, ունենք նաեւ էկոկրթական ու մարդկանց գիտակցության բարձրացման խնդիր»,- նշում է Լիլյա Թորոսյանը։
Գյուղացիները պնդում են՝ հարցը պետք է լուծվի կառավարության մակարդակով. «Օրական երեւի 100 մարդ ոտքով գնում է Սպիտակավոր վանք, եւ այդ ամբողջ ճանապարհին ամեն քայլափոխի արջի կեղտ ենք տեսնում։ Այսինքն՝ արջերն ապրում են այդ տարածքում, ո՞նց անենք, որ կարողանա եւ տուրիստը գա, եւ արջն ապրի։ Մտածեք, մեզ ասեք, սա ենք ձեզանից պահանջում։ Մենք գյուղում ունենք երեխաներ, որոնք գյուղում պետք է շատ հանգիստ նույնիսկ գիշերով տնից տուն գնան, ինչպե՞ս անենք, մենք վախենում ենք։ Մենք գնում ենք սունկ ու բանջար հավաքելու, ո՞նց անենք, որ անվտանգ լինի, մենք չենք հասկանում»։

Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյան
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության ու շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանի խոսքով՝ արջը գոյության կռիվ է տալիս այս տարածաշրջանում։ «Մարդու եւ արջի միջեւ խնդիր է առաջացել, մարդը մեղր է արտադրում, արջն էլ է ուզում ուտել դրանից։ Եվ այդ միջտեսակային գոյության արանքում փաստացի առաջացել է այսպիսի իրավիճակ։ Մենք չենք կարող այդ կենդանուն ոչնչացնել, չի կարելի»,- նշում է մարզպետարանի պաշտոնյան։
Նրա խոսքով՝ 2018 թվականից սկսած վերլուծել են իրավիճակն ու բնապահպանական կազմակերպությունների հետ ուսումնասիրություններ արել, կարճաժամկետ ծրագրով էլեկտրական հովիվներ են տեղադրվել։ «Տեսախցիկ ենք դրել, որ հասկանանք՝ էս ի՞նչ է կատարվում արջի հետ, էս ի՞նչ արջ է, որ խելքը կորցրել է ու հավ է ուտում, արջը հավի հետ ի՞նչ կապ ունի, աղվեսի խելքի արջ էլ կա՞։ Պարզվեց, որ այդ արջը ժամանակին հավի թափոններ ու միս է կերել, ինքը սովոր է դրան, հիմա էլ գնացել մտել է հավերի թառը»,- հավելեց Գեղամ Մարգարյանը։
Նրա հավաստմամբ՝ արջերի հասցրած վնասի ծավալը կրճատվել է՝ 2019-2020 թվականներին տարեկան մինչեւ 12 մլն դրամի վնաս է հասցրել մարզին, իսկ հիմա տարեկան 4 մլն դրամ է կազմում վնասի չափը։ Նրա խոսքով՝ գյուղացիների վնասը փոխհատուցելու են։ Թե երբ են փոխհատուցելու, ոչ ոք չի ասում։
«Բնության համաշխարհային հիմնադրամը Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում հիմա տնկում է մոտավորապես 50 հա վայրի պտղատեսակներ՝ նուշ, խնձոր, տանձենի եւ կաղնի։ Երկու տարի հետո պտուղը կլինի, արջերը կուտեն ու չեն գա գյուղ»,-ասաց մարզպետարանի պաշտոնյան։
Եղեգիս խոշորացված համայնքում եւս բնակիչներին շատ է մտահոգում արջերի ներկայությունը։ Խոշորացված համայնքը ներառում է Շատին, Աղնջաձոր, Արատես, Արտաբույնք, Գետիկվանք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Կալասար, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Սալլի, Սեւաժայռ, Վարդահովիտ եւ Քարագլուխ գյուղերը։
Եղեգիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ահարոն Գաբրիելյանը հերքում է մարզպետարանի պաշտոնյային, թե արջի հասցրած վնասը նվազել է։ Գաբրիելյանն ասում է՝ միայն Եղեգիս խոշորացված համայնքում 2022 թվականից մինչեւ այսօր արջի հասցրած վնասը կազմում է մոտ 29 մլն դրամ։ «Մտել են գյուղ, հիմնականում մեղվաընտանիքներ են ջարդել, անասուններ են հոշոտել, նույնիսկ մեկ դեպք ունենք, որ մարդու են վնասել։ Բայց մինչեւ 2022 թվականը մեկ անգամ փոխհատուցվել է, 2022 թվականից հետո մինչեւ հիմա փոխհատուցում չի տրվել։ Կառավարությանն ենք ներկայացրել վնասի չափը, դիմել ենք մարզպետարան, նախարարները եկել են համայնք։ Ասում են՝ նաեւ կենդանու պահպանության հարց կա։ Գիտեք՝ արջերը շատ պաշտպանված են, եւ նրանց վնասել հնարավոր չէ»,- ասում է Ահարոն Գաբրիելյանը։
Նա նշում է, որ այս տարի արջերն արդեն հասցրել են մտնել բնակավայրեր. «Օրը ցերեկով արջը մտել է գյուղ, նույնիսկ էնքան է սովոր եղել, որ բնակիչներից չի վախեցել։ Լկտի արջեր կան, որ ոչ վախենում են, ոչ էլ»։
Ահարոն Գաբրիելյանի խոսքով՝ իրենք եւս կարծում են, որ արջի կերի հարցը պետք է լուծվի, որ չմտնեն գյուղ։ «Բնականաբար սովորել են համեղ ու հյութալի կերերի, մտնում են բնակավայր ու վնաս են հասցնում բնակիչներին։ Մենք ունենք հանձնաժողով, բնակիչներից զանգ ենք ստանում, մոտենում ու հանձնաժողովի սանդղակներով վնասը հաշվարկում ենք։ Բնապահպանական ծրագրերով հնարավոր է մեղմել իրավիճակը։ Մեր ունեցած տեղեկություններով՝ Վայրի բնության հիմնադրամը կերակրում է արջերին, նույնիսկ խնձոր ու սատկած կենդանիների են տարել լցրել, որ արջերն ուտեն ու չիջնեն բնակավայրեր»,- նշում է Գաբրիելյանը։
Եղեգիս բնակիչները, սակայն, համաձայն չեն այն տեսակետի հետ, որ կերի պակասի հետեւանքով են արջերն իջնում բնակավայրեր։ Գյուղացիներից մեկն ասաց. «Մարդը արջի կերի ընդամենը 5-10 տոկոսը կերած կլինի։ Անցած տարի դաշտի շլորը, խնձորը էնքան առատ էր, բայց մեկ է՝ արջն ասում է՝ ես եթում եմ խորոված ուտելու, ոչ թե գիլաս ուտելու»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ