Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանն այցելել է Իջևան՝ ծանոթանալու տեխնոլոգիական կրթական ծրագրերին

Մայիս 07,2025 13:05

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ԱՏՁՄ (Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն) հրավերով մայիսի 6-ին այցելել է Իջևան՝ ծանոթանալու տեղում իրականացվող տեխնոլոգիական կրթական ծրագրերին, հաջողված նախաձեռնություններին և ոլորտի առաջատար կազմակերպությունների գործունեությանը։

Նախարարի առաջին կանգառը «ԻննոԻջևան» հանգույցն է եղել, որտեղ մի շարք տեխնոլոգիական կրթական ծրագրեր արդեն կյանքի են կոչվել։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել հանգույցում, ծանոթացել հնարավորություններին և կարևորել մարզերում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերի ներդրումը և իրականացումը։

Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամը, որը քառամյա կրթությամբ տեխնոլոգիական ուսումնարան է՝ նախատեսված 9-րդ դասարանը ավարտած աշակերտների համար։ ԱՏՁՄ կրթական հիմնադրամի տնօրեն Վահե Խաչատրյանը նախարարին ներկայացրել է դպրոցի առանձնահատկությունները՝ նշելով, որ առաջին կուրսի ուսանողները հիմնականում սովորում են դպրոցական՝ 10-12-րդ դասարանների ծրագրով, իսկ հետագա տարիներին անցնում են գործնական աշխատանքի և ավարտում ուսումը 2-3 տարվա մասնագիտական փորձով։ Սաները հիմնականում ընտրում են բարձր տեխնոլոգիաների ոլորտի մասնագիտություններ՝ ծրագրավորում, էլեկտրոնային սարքերի մշակում, կառավարման համակարգեր, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն և այլն։ Վահե Խաչատրյանը շեշտել է, որ «Իրական դպրոցը» իր սաներին առաջարկում է աշխատաշուկա մուտք գործելու արդյունավետ ճանապարհ՝ որպես բարդ համակարգերի օգտագործող կամ ծրագրավորող՝ ըստ ընտրած ուղղության։

Հաջորդ կանգառը եղել է Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը, որտեղ նախարարը զրուցել է սաների հետ, լսել նրանց գաղափարներն ու նախագծերը։ Մխիթար Հայրապետյանը կարևորել է այս կրթական ծրագրի բացառիկությունը՝ ընդգծելով այն մարզերում տեխնոլոգիական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանման և զարգացման տեսանկյունից։

Այնուհետև նախարարն այցելել է միկրոէլեկտրոնիկա նախագծող և մշակող «Microchip Technology» ընկերության Իջևանի մասնաճյուղ։ Ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Անի Սաֆարյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է մասնաճյուղի տարածքով, ծանոթացել աշխատակիցների հետ, մասնաճյուղի գործունեության առանձնահատկություններին։

Մխիթար Հայրապետյանը շեշտել է, որ «Microchip Technology»-ի նման ընկերության ընդլայնված ներկայացվածությունը Հայաստանի մարզերում առանցքային նշանակություն ունի մեր երկրի տնտեսության առաջընթացի համար։

Տեղի ունեցած քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության կարևորությանը։ Քննարկվել և պարզաբանվել են նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցությունների տրամադրման, նոր ծրագրերի ընձեռած հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031