«Կամ ասեք՝ իմպիչմենտի ենք գնում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կամ ասեք՝ Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ»,- այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախաձեռնությամբ հանդես եկողների նպատական այսպես մեկնաբանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
Ըստ նրա՝ «Պառլամենտական երկրներում, որտեղ ուժերի հարաբերակցությունը պարբերաբար կարող է փոխվել, իմպիչմենթը, նույնիսկ փոքր սխալի դեպքում, վարչապետին անվստահություն հայտնելու իրական գործիք է։
Այդպիսի՞ն է Հայաստանի պառլամենտը։ Ոչ։ Հայաստանում մեկ մարդու եւ մեկ խմբակցության բացարձակ իշխանություն է։ Մեկ մարդու դիկտատուրա քաղաքական մեծամասնություն ՔՊ-ի վրա»:
Աղվան Վարդանյանը կարծում է. «Այսօրվա Հայաստանում իմպիչմենթի գործընթացը հնարավոր է եւ պետք է սկսել միայն այն ժամանակ, երբ երկրում կա իրական երկիշխանություն։ Երբ այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, թելադրողը փողոցն ու ընդդիմությունն են, երբ ուժային կառույցները չեն համարձակվի արյունահեղության հրաման կատարել։ Այսօր նման իրավիճա՞կ է։ Ոչ»։
Կարդացեք նաև
Այս առումով նա համամիտ է ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի հետ, որ պետք է փորձել հզոր հանրային ճնշման իրավիճակ ստեղծել. «Դավիթ Հարությունյանն էլ էր ասում՝ Հայաստանում իմպիչմենթը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է հզոր հանրային ճնշում։ Պե՞տք է փորձել նման իրավիճակ ստեղծել։ Այո»:
Անդրադառնալով Դավիթ Հարությունյանի մեկ այլ մտքի՝ որ իմպիչմենտի նախաձեռնողները ճկուն են, միամիտ չեն եւ իր կարծիքով՝ խնդիրը վարչապետի միասնական թեկնածու որոշելն է, առանց որի հնարավոր չէ իմպիչմենտի գործընթաց սկսել Աղվան Վարդանյանն ասաց․ «Եթե իրոք այդպես է, այդ նպատակով էր պետք նախաձեռնություն-քննարկումներ սկսելը։ Միասնական թեկնածուն որոշվում է կամ փողոցում՝ հզոր ճնշման արդյունքում, կամ ընտրություններով։
Քայլերի հերթականությունը խառնելը ավանտյուրա է, կամ՝ սադրանք, կամ՝ ծրագիր, որի նպատակը այլ բան է: Ի՞նչը կարող է լինել նպատակը։ Փորձել շանտաժի ենթարկել «Հայաստան» խմբակցությանը։ Կամ ասեք՝ իմպիչմենթի եք գնում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությամբ, կամ ընդունեք՝ Ռոբերտ Քոչարյանը ձեր թեկնածուն չէ»։
Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ «Իմ համոզմամբ, «Հայաստան» խմբակցության առաջնորդը 2-րդ նախագահն է, «Պատիվ ունեմ»-ինը՝ 3-րդ նախագահը»: Եվ հետաքրքրվեց՝ Սերժ Սարգսյանը համամի՞տ է իմպիչմենտի գործընթացն անհապաղ սկսելու հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Աղվան Վարդանյանը մանրամասն անդրադարձավ իմպիչմենտի նախաձեռնությունը պաշտպանողների հայտարարություններին, իսկ նախաձեռնության հեղինակներից Նարեկ Մալյանի հայտարարությանը, որ ճնշում կգործադրեն այն պատգամավորների վրա, ովքեր իրենց ընդառաջ չեն գնա, ասաց․ «Էդգա՞րն ու Նարե՞կն են ինձ պարտադրելու այսօր անել մի բան, ինչին ես չեմ հավատում։ Ո՞ւմ են պարտադրելու։ Ես կճնշեմ այդ պատգամավորին.- ասում է Նարեկը։ Դե արի, ինձ ճնշիր»։
Ու հավելեց. «Թող չափերն իմանան։ Կեղծ օրակարգով հասարակությանը մոլորեցնող ՔՊ-ն հերիք է։
Վերջերս ՀՀ 3-րդ նախագահը ասաց, որ իշխանափոխության ծրագիր ունեն մինչեւ 2026 թվականը։ ՀՀԿ-ն հայտարարել է, որ ոչ մի ընդդիմադիր ուժ միայնակ իշխանափոխություն չի կարող անել։ Ուրեմն այդ ծրագիրը կներկայացվի՝ կտեսնենք։ Վստահ եմ՝ այդ ծրագիրը հենց այսօր իմպիչմենթ սկսելը չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ