Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ունեք գնահատականներ, բայց չեք նշել բուհն ու մասնագիտությունը, դուրս կմնաք մրցույթից․ ԳԹԿ փոխտնօրենի զգուշացումը

Մայիս 07,2025 13:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2025 թվականի բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման ժամանակահատվածում բոլոր դիմորդները պարտավոր են նշել բուհը, մասնագիտությունը, իսկ եթե ցանկանում են հանձնել նաեւ ներբուհական քննություններ, բնականաբար, պետք է նշեն նաեւ այդ քննությունները։ Հայտագրմանն գործընթացն ավարտվում է մայիսի 10-ին, եւ օրեցօր նկատում ենք, որ դիմորդների թիվն ավելանում է»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։

«Եթե 2025թ․ հունվարին ունեցել ենք 11608 դիմորդ, ապա այսօր արդեն ունենք 12820 դիմորդ, եւ սա փոփոխական է ամեն րոպե, միայն 7780 միասնական քննություններ հանձնող ունենք։ Երկրորդ տարին է, զգուշացնում ենք մեր դիմորդներին, որոնք չեն կատարում մի պարզ, հասարակ գործողություն․ երբ առաջին փուլում՝ հունվար-փետրվար ամիսներին իրենք քննություն են հանձնում, ապա երկրորդ փուլում պարտավոր են նշել բուհը եւ մասնագիտությունը, սակայն ոմանք մոռանում են նշել բուհն ու մասնագիտությունը, նույնիսկ հաճախ չեն էլ հայտագրվում։

Նախորդ տարիներին ունեցել ենք դեպքեր, երբ դիմորդը, որը ցանկանում էր ուսումը շարունակել բուհի առկա ուսուցման համակարգում, պարզապես դուրս մնաց մրցույթից, որովհետեւ երկրորդ փուլում չէր նշել բուհը, մասնագիտությունը։ Իսկ ԳԹԿ-ում, բնականաբար, համակարգիչը չի կարողանում ընկալել՝ ինչի համար է դիմորդը հանձնել միասնական քննությունները, ինչ կա դիմորդի մտքին։ Ունենք տարբեր տեղեր, որտեղ նա կարող է օգտագործել միասնական քննությունների միավորները, թեկուզ հեռակա ուսուցման համակարգում։

Մենք ունենք 4240 դիմորդ, որոնք ունեն գնահատականներ, բայց չեն նշել բուհն ու մասնագիտությունը, ուստի հորդորում եմ, պահանջում եմ, խնդրում եմ, որ այս 4 օրվա ընթացքում անպայման ընտրեն բուհն ու մասնագիտությունը, այլապես նախորդ տարվա նման կլինեն դիմորդներ, որոնք դուրս կմնան մրցույթից։ Մենք նույնիսկ հաղորդագրություններ ենք ուղարկում իրենց հեռախոսահամարներին, որ դուք ձեր բուհը չեք նշել, եւ եթե ցանկանում եք ուսումը շարունակել առկա ուսուցման համակարգում, ապա ընտրեք բուհն ու մասնագիտությունը»,-մանրամասնեց Կարո Նասիբյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031