«Հետք». Հայաստանի գործող օրենսդրությունը հնարավորություն է տալիս համայնքապետերին, առանց իրավական խոչընդոտների, պայմանագրեր կնքել իրենց հարազատներին պատկանող ընկերությունների հետ։ Թեպետ նման իրավիճակներն ակնհայտ շահերի բախման օրինակներ են՝ օրենքը դրանք համարժեք չի կարգավորում։
2022-2024 թվականներին Հրազդանի համայնքապետ Սևակ Միքայելյանը 156 մլն դրամի պայմանագրեր է կնքել եղբորը պատկանող «Լարգո-Վինչ» ՍՊԸ-ի հետ։ «Հետքի» հրապարակումից հետո Միքայելյանը տուգանվել է, սակայն 2025-ին՝ հայտարարելով շահերի բախման մասին, կնքել է ևս մեկ՝ 54 մլն դրամի պայմանագիր և խուսափել պատասխանատվությունից։
2021 թվականին Կապանի համայնքապետարանը սեղմված բնական գազի մատակարարման նպատակով պայմանագիր է կնքել «Գրիգ-Բիզնես» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 4.5 միլիոն դրամ, սակայն ընկերությանը փաստացի վճարվել է 3.9 միլիոն դրամ։ Ընկերության սեփականատերը Գրիգորի Փարսյանն է՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի եղբայրը։
Հաջորդ տարիներին նույնպես սեղմված բնական գազի մատակարարընույն ընկերությունն է եղել։ 2022-ին համայնքապետարանը «Գրիգ-բիզնեսին» վճարել է ընդհանուր 6.4 մլն դրամ, 2023-ին՝ 6.3 մլն դրամ, 2024-ին՝ 5.5 մլն դրամ։
Կարդացեք նաև
2025 թվականին Կապանի համայնքապետարանը «Գրիգ-Բիզնես»-ի հետ կնքել է ևս մեկ՝ 7.5 մլն դրամի պայմանագիր, որի վճարումը դեռևս չի կատարվել։
Այսպիսով, 2021-2025 թվականների ընթացքում համայնքապետարանը շուրջ 30 մլն դրամի սեղմված գազ է գնել, որից 29.7 մլն դրամը վճարվել է համայնքապետի եղբորը պատկանող ընկերությանը։
«Գնումների մասին» օրենքը չի կարգավորում նման դեպքերը։ Օրենքը շահերի բախման սահմանափակումներ նախատեսում է միայն գնահատող հանձնաժողովների անդամների համար։
Մյուս կողմից՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածը պարտավորեցնում է պաշտոնատար անձանց խուսափել այնպիսի գործողություններից կամ որոշումների ընդունումից, որոնք կարող են հանգեցնել շահերի բախման։
Սակայն օրենքը նման դեպքերի համար նախատեսում է միայն վարչական պատասխանատվություն։ Եթե պաշտոնյան, մինչև պայմանագրի կնքումը, տեղեկացնում է իր վերադասին (կամ վերադաս չունենալու դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին), ապա կարող է ազատվել պատասխանատվությունից։ Հակառակ դեպքում սպառնում է մինչև 300 հազար դրամի տուգանք, ինչը գործնականում թույլ է տալիս շրջանցել պատասխանատվությունը՝ «օրինական ճանապարհով»։
Իսկ այսպիսի օրինակները բազմաթիվ են։
Արմեն Ղազարյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: