Ադրբեջանն ու Թուրքիան ժամանակակից նացիստական գաղափարներով են առաջնորդվում, Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած «Նացիստական գաղափարախոսության սարսափները եւ Երկրորդ աշխարհամարտի դասերը․ ոճրագործությունից կանխարգելում» խորագրով պանելային քննարկման ժամանակ փաստեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւ դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը։
Գեղամ Ստեփանյանը վկայակոչում է Արցախում գտնվող Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշակոթողների ոչնչացումը, հակահայկական քարոզչությունն, այդ թվում՝ կրթական համակարգի միջոցով, Վահրամ Տեր-Մաթեւոսյանն էլ հիշեցնում է թուրքական Սահմանադրության 66-րդ հոդվածը, ըստ որի՝ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի համարվում է ազգությամբ թուրք։
«Ադրբեջանի կողմից պղծվում են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիզմի դեմ հայ ժողովրդի մղած պայքարի հուշարձանները։ Վանդալիզմի վերջին դեպքը կատարվեց Վանք գյուղում, որը հավուր պատշաճի չի դատապարտվում հետխորհրդային հանրապետությունների եւ կոնկրետ Ռուսաստանի կողմից», – նշում է Արցախի ՄԻՊ-ը՝ շեշտելով, որ նացիզմը կանխարգելելու համար անհրաժեշտ է կանխարգելել նաեւ նացիզմի դեմ պայքարի խորհրդանիշների դեմ վանդալիզմը։
Թուրքիան շարունակում է պահպանել ազգայնամոլական հիմքերը
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է մեր մյուս հարեւան Թուրքիային, Տեր-Մաթեւոսյանը տարակուսանք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները երկու միլիոն դրամ են ծախսել Մարգարայի անցակետում սահմանային մաքսատուն կառուցելու համար, երբ Գյումրիի տնակների խնդիրը երեք միլիոն դրամով կարելի է լուծել։ «Մենք՝ հարկատուներս, գումար ենք տվել մի մաքսատան կառուցման եւ սպասարկման համար, որտեղով անցնելու են երրորդ երկրների քաղաքացիներ, ընդ որում, հայտնի էլ չէ, թե երբ դա կլինի», – ընդգծում է Ամերիկյան համալսարանի դասախոսը՝ հավելելով, որ Հայաստանի հասարակությունը պետք է գնահատի՝ որքանո՞վ է պատրաստ, սահմանի բացման դեպքում, հարաբերվել պահպանողական, ազգայնական եւ ազգայնամոլական հիմքերի վրա կառուցված Թուրքիայի հասարակության հետ։
Քննարկմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը եւ դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։ Բանախոսները չսահմանափակվեցին միայն Երկրորդ աշխարհամարտի թեմայով։ Անդրադարձներ կատարվեցին նաեւ Ադրբեջանում պահվող հայ պատանդներին, այդ հարցով Նիկոլ Փաշինյանի կառավարության կրավորական կեցվածքին եւ իրավավագիտական հարցերի։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ