Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու բժշկական տուրիզմի կարևոր կենտրոն. Պապոյան

Մայիս 07,2025 15:49

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մայիսի 7-ին մասնակցել են «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» խորագրով համաժողովին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը, պետական, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, առողջապահական և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։

«Վերջին տարիներին բժշկական զբոսաշրջությունը զգալի զարգացում է ապրում ամբողջ աշխարհում, և այս համատեքստում Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները՝ դառնալու բժշկական տուրիզմի կարևոր կենտրոն, քանի որ մենք արդեն իսկ ունենք որակյալ բժիշկներ և բուժանձնակազմ, որոնցից շատերը կրթություն են ստացել եվրոպական և ամերիկյան լավագույն համալսարաններում, ունենք միջազգային հավատարմագրում ստացած բժշկական կենտրոններ, և իհարկե՝ մրցունակ գներ», – նշել է Գևորգ Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարը նաև ընդգծել է, որ նախարարությունը ուշադրության կենտրոնում է պահում առողջապահական ենթակառուցվածքների զարգացումը՝ հանրային և մասնավոր ներդրումների միջոցով, ոլորտում գործող ընկերությունների համար դյուրին ու ապահով գործարար միջավայրի ապահովումը, ինչպես նաև Հայաստանի առաջխաղացումը որպես բժշկական տուրիզմի միջազգային բրենդ։

Միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման հեռանկարները, ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարմանն հնարավոր ուղիները։

Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունների համագործակցությամբ՝ Զբոսաշրջության կոմիտեի և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031