Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 30․04․2025 թ․ N 510-Ն որոշումը, որի համաձայն սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգում կատարվել են որոշակի փոփոխություններ։ Մասնավորապես սահմանվել են․
- 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն նաև այն դեպքերում, երբ սոցիալական ծախսերի դիմաց փաստացի վճարումը կատարվել է այլ անձի կողմից, սակայն հայտարարատուի միջոցներով։ Այս դեպքում անհրաժեշտ է հիմնավորել հայտարարատուի միջոցներից սոցիալական ծախսերի կատարումը, որը կարող է հիմնավորվել ծառայություններ մատուցող հարկ վճարողին սոցիալական ծախսերի կատարումը հայտարարատուի միջոցներից կատարված լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, այդ թվում՝ վճարող ֆիզիկական անձի անունով կատարված վճարումը հիմնավորող փաստաթուղթ կամ վճարման հանձնարարական (որտեղ նշված է վճարումը տվյալ ֆիզիկական անձի միջոցներից կատարված լինելու վերաբերյալ) կամ ֆիզիկական անձի համապատասխան հաստատում (հայտարարություն) ներկայացնելու միջոցով։
- 2025 թվականի հունիսի 1-ին և դրանից հետո կատարված սոցիալական ծախսերը կփոխհատուցվեն, եթե սոցիալական ծախսերն անմիջականորեն կատարվել են հայտարարատու ֆիզիկական անձի կողմից։ Բացառություն են կազմում դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերը, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առնվում և աշխատողից հատուցում ստանալու պայմանով գործատուի կողմից ապահովագրական փաթեթների ձեռքբերման գծով կատարված ծախսերը։
- Համայնքների պատվերով համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից մատուցվող կրթական ծառայությունների մասով հաշվարկային փաստաթղթերը համայնքների անունից կարող են դուրս գրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները։
- Եթե առողջության ապահովագրության փաթեթի ապահովագրական պայմանագրի համաձայն որպես ապահովադիր հանդես է եկել գործատուն` հայտարարատու հանդիսացող աշխատողի կամ վերջինիս ընտանիքի անդամների համար ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց աշխատողից հատուցում ստանալու պայմանով, ապա սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել հայտարարատու հանդիսացող աշխատողը՝ ապահովագրավճարի գծով կատարված ծախսերի դիմաց գործատուին տրամադրված հատուցման գումարի մասով: Այս դեպքում ապահովագրական փաթեթի մասով հաշվարկային փաստաթուղթն ապահովագրական ընկերության կողմից դուրս է գրվում ապահովադիր անձի անունով, որտեղ որպես սոցիալական ծախս կատարող նշվում են հայտարարատու հանդիսացող աշխատողի տվյալները։
- Սոցիալական փաթեթի շահառուներից բացի, ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշման 1-ին կետով հաստատված N1 հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողները ևս առողջության ապահովագրական փաթեթի գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող են օգտվել միայն սոցիալական փաթեթի շահառու և նշված կազմակերպությունների աշխատող չհամարվող ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթի ձեռքբերման ծախսերի մասով, իսկ ատամնաբուժական ծառայությունների գծով՝ նաև իրենց համար կատարված ծախսերի մասով։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին