Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորաբնակ պոետի «Խրամատի սրտագիր» ժողովածուն 44-օրյա պատերազմի ամենաինքնատիպ գեղարվեստական արձագանքներից է

Մայիս 07,2025 16:27

Վերջերս լույս տեսավ վանաձորաբնակ պոետ Ռաֆ Բարաթյանի բանաստեղծությունների ընտրանին։ Սա, կարծում ենք, առիթ է անդրադառնալու նրա ստեղծագործությանը, քանի որ ընտրանին միշտ ունենում է հանգրվանային նշանակություն. այն գրողի ստեղծագործական կյանքի կամ դրա որևէ պարբերափուլի ամփոփումն է։ Այս առիթով խոսք խնդրեցինք գրականագետ Կարեն Մանուչարյանից:

Կարեն Մանուչարյան

Ըստ ձեզ՝ որո՞նք են Ռաֆ Բարաթյան բանաստեղծի բնութագրական առանձնահատկությունները, ի՞նչ նորույթ է նա բերում հայ պոեզիա։

-Ռաֆ Բարաթյանի գրական գործունեությանը հետևել եմ նրա ստեղծագործական կյանքի առաջին տարիներից։

Նրա բանաստեղծական մտածողությունն ինքնատիպ է ու թարմ։ Այսօր, երբ շատ հաճախ բանաստեղծությունը վերածում են կամայականորեն տողատված տեքստի, Ռաֆը գիտակցում է գեղարվեստական պատկերի կարևորությունն իբրև բանաստեղծության կառուցման հիմնաքար։ Նրա պատկերամտածողությունը գնալով ավելի է հարստանում՝ ներառելով այլևայլ գեղարվեստական հնարներ ու արտահայտչական միջոցներ։ Ռաֆը կարողանում է փոքր ծավալի մեջ ներկայացնել հնարավորինս ընդգրկունն ու համապարփակը։ Նա հետևում է գեղարվեստական խնայողության սկզբունքին, պոեզիան չի վերածում շատախոսության։ Դրա փոխարեն կարողանում է առանձնացնել դիպուկը, ընդհանրացնողը և կարևորը։ Նա գիտի դետալի արժեքը։

Նրա բանաստեղծություններում մեծ դիտողունակությունը համադրված է վառ երևակայությանը։ Հենց սա է լավ բանաստեղծության կառուցման հիմնաքարը։ Այս հատկանիշների շնորհիվ է Ռաֆն ստեղծում գեղարվեստական կառուցվածքի տեսանկյունից ամբողջական ու ավարտուն բանաստեղծություններ։

Ինչպես ցանկացած ճշմարիտ բանաստեղծ, Ռաֆը նույնպես կանգնած է ավանդույթի և նորարարության խաչուղիներում։ Նա միանշանակ գալիս է հայ դասական պոեզիայից, շատ բան է սովորել մեր դասական գրողներից, բայց այդ ամենը կիրառում է նորարարական շնչով, ստեղծում է մի քնարերգություն, որ իր հիմնական շերտերով արդյունք է նոր գեղարվեստական մտածողության։

– Բարաթյանի պոեզիայում հանդիպում ենք և՛ հանգավոր, և՛ ազատ բանաստեղծություններ։ Ըստ ձեզ՝ նա կարողանու՞մ է հաղթահարել տարբեր տաղափաչական համակարգերի բարդությունները։ Ժամանակակից բանաստեղծական մտածողությունը, կարծես թե ավելի մեծ նախապատվություն է տալիս ազատ բանաստեղծությանը։

 -Ռաֆը պոեզիա մտավ ազատ բանաստեղծություններով։ Ինչ-որ առումով նրա պոետական մտածողությունը ձևավորվեց այդ տաղաչափական համակարգի ներքո։ Եթե նրա առաջին գրքերում գերակշռում էին ազատ բանաստեղծությունները, ապա վերջին գրքերում տրամագծորեն փոխվեց այդ հարաբերակցությունը. սկսեցին գերակշռել հանգավոր բանաստեղծությունները։ Սովորաբար հակառակն է տեղի ունենում հատկապես ժամանակակից պոետների ստեղծագործական կյանքում. սկսում են հանգավորից, այնուհետև անցում են կատարում դեպի ազատ բանաստեղծություն։ Ռաֆի մոտ հակառակը տեղի ունեցավ։ Բայց բանաստեղծության կայացածության հարցում սրանք, ըստ իս, երկրորդական են։ Տաղաչափական այս կամ այն համակարգը պարզապես արտահայտչակերպ է։ Չպետք է նախապատվությունը տալ մեկին կամ մյուսին։ Չպետք է մեկը կամ մյուսը համարել հին կամ նոր։ Այս կամ այն բանաստեղծական տրամադրությունը հեղինակի ենթագիտակցության մեջ արդեն ծնվում է որոշակի հանդերձով։

Բանաստեղծության արժանիքները գնահատելիս՝ պիտի հաշվի առնել ոչ թե տաղաչափական համակարգը, այլ պատկերամտածողությունը, կառուցվածքային ամբողջականությունը, հուզական լիցքը, զգացմունքի և բանականության համատեղումը։ Ի պատիվ Ռաֆի՝ նա լավ է տիրապետում և՛ ազատ, և՛ հանգավոր բանաստեղծության տեխնիկային։ Բանաստեղծության էական հատկանիշներն առկա են նրա և՛ ազատ, և՛ հանգավոր գործերում։

-Անդրադառնանք պոետի բանաստեղծությունների թեմատիկ առանձնահատկություններին։ Ի՞նչ թեմաներով է նա ստեղծագործում։

 –Ռաֆը ստեղծագործում է մերօրյա մարդուն հետաքրքրող թեմաներով։ Ունի մայրերգության հրաշալի նմուշներ, հայրենասիրական, խոհափիլիսոփայական թեմայով բանաստեղծություններ։ Նրա «Խրամատի սրտագիր» ժողովածուն 44-օրյա պատերազմի ամենաինքնատիպ գեղարվեստական արձագանքներից է։ Դարձյալ պետք է ընդգծեմ Ռաֆի պատկերավորման զինանոցի հարստությունը։ Էականը ոչ թե թեման է, այլ դրա նորովի մատուցումը։ Նա կարողացել է հաջողությամբ հաղթահարել այս խնդիրը։

Նշեցի, որ Ռաֆը դետալի արժեքն իմացող բանաստեղծ է։ Հավելեմ նաև այն, որ նա բավականին մեծ վարպետությամբ է բանաստեղծության տարածության մեջ կառուցում ասվածի և չասվածի, տեսանելիի և անտեսանելիի հարաբերակցությունը։ Այս կամ այն երևույթի երկրորդական, երրորդական դետալները բերելով առաջին պլան՝ ամենայն ամբողջականությամբ ընթերցողին է փոխանցում երևույթի էական գծերը։ Փաստորեն, պոետը գեղարվեստական հարթության վրա տեղափոխում է երևույթի առաջին և երկրորդ պլաններում գտնվող դետալները։ Երկրորդականը հայտնվում է առաջին պլանում, առաջնայինը տեղափոխվում է «թիկունք»։ Բայց հենց սա է ստեղծում բանաստեղծությանն ու ընդհանրապես գեղարվեստին անհրաժեշտ «անուղղակիությունը»։ Այն բացառում է ճակատային խոսքը՝ փոխարենը կառուցելով բազմընդգրկուն պատկեր։ Ասվածն ապացուցելու համար անդրադառնամ ընդամենը մի բանաստեղծության.

Հայրս

Ամբողջ կյանքը

Զինվորական կոշիկներ

Ու հագուստ արտադրող

Միակ գործարանում էր աշխատում։

 

Այս տարի

Գործարանը

Հարստացավ

Ու լուծարվեց…

 

Գործարանը պատերազմական ողբերգության առաջնապլանային դետալներից չէ։ Բայց Ռաֆն այն տեղափոխել է գլխավոր պլան։ «Այս տարի»-ն 2020 թվականն է։ «Գործարանը հարստացավ»-ը պետք է կարդալ «բոլորը զինվորագրվեցին»։ «Ու լուծարվեց»-ը պետք է կարդալ «բոլորը զոհվեցին»։ Սա ընդամենը մեկ օրինակ է Ռաֆի դետալային բարձր մտածողության բազմաթիվ դրսևորումներից։ Բանաստեղծը կոշիկներ ու հագուստ արտադրող գործարանի (երկրորդական դետալ՝ բերված առաջին պլան) միջոցով ամբողջությամբ ներկայացրել է համաժողովրդական ողբերգությունը։

– «Ընտրանին» ամբողջացնու՞մ է նրա ստեղծագործական դիմանկարը։ Ըստ ձեզ՝ այստեղ ընդգրկված ստեղծագործությունների ընտրությունը ճի՞շտ է։

 -«Ընտրանին» կազմել է հենց Ռաֆ Բարաթյանը։ Առաջաբանի հեղինակը հայ ժամանակակից մեծատաղանդ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն է։ Նրանց համատեղ աշխատանքը, իրոք, տվել է լավ արդյունք։ Բանաստեղծական տարբեր ժողովածուների լավագույն ստեղծագործություններն ամփոփված են այստեղ։ Կարծում եմ՝ այս գիրքն ամբողջությամբ ներկայացնում է Ռաֆ բանաստեղծի ստեղծագործական աշխարհի ուրվապատկերը։

Զրույցը` Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031