Լրահոս
Օրվա լրահոսը

«Բան ունե՞ք ասելու՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, եկեք գնանք ուղիղ եթերում խոսենք»․ Նիկոլ Փաշինյանը կրկնում է նախկին նախագահների հետ բանավիճելու առաջարկը

Մայիս 07,2025 18:08

«Ազնիվ բան եմ, չէ՞, առաջարկում, ասում եմ՝ մեկն՝ ընդդեմ երեքի եկեք բանավեճի․ դուք ինչի՞ չեք գալիս»,- այսօր խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ ՀՀ երեք նախկին նախագահներին կրկին դիմեց Նիկոլ Փաշինյանը՝ վերահաստատելով արցախյան հարցի շուրջ նրանց հետ ուղիղ եթերում բանավիճելու իր առաջարկը։

Առիթը օրերս «Հայկական համալսարանի» ուսանողների հետ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումն էր, որի ժամանակ երկրորդ նախագահը հայտարարել էր՝ 44-օրյա պատերազմը հայկական կողմն է հրահրել։

«Այդ մարդկանց ասել եմ՝ հերիք է կամ միամիտ, կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու լուրջ դեմքով բաներ պատմեք։ Բան ունե՞ք ասելու՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Լեւոն Տեր-Պետրոսյան, եկեք գնանք ուղիղ եթերում խոսենք։ Ինչի՞ չեք գալիս»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ կրկին պնդելով, որ 2017 թվականի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, որ մենք այլեւս պետք է սպասենք պատերազմի, որ բանակցային գործընթացը թեւակոխել է պատերազմական փուլ։

«Ինչի՞ մասին եք ուզում խոսանք, ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասին խոսա՞նք, պատերազմը հետաձգել-չհետաձգելու մասին խոսա՞նք, ինչի՞ մասին եք ուզում խոսանք, եկեք գնանք՝ խոսանք։ Ինչքա՞ն պետք է գնան թաքուն, ըստեղ-ընդեղ, էս պատի տակ, էն ծառի տակ, էն անկյունում, ինչքան մութ՝ այնքան լավ, նստեն խոսեն։ Բան ունե՞ն խոսելու՝ Լևոն Տեր-Պետրոսյա՛ն, Ռոբերտ Քոչարյա՛ն, Սերժ Սարգսյա՛ն, ասում եմ՝ գնանք ուղիղ եթերում կանգնենք խոսանք, ինչի՞ չեք գալիս»,-ասաց Փաշինյանը։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատառմանը, որ 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը՝ Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով՝ «Ռուսաստանի տակից հանեց միջնորդի աթոռը», Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես խոսել եմ, որ դրան նախորդող շրջանում տեսնելով զարգացումները․ ՀԱՊԿ-ին ասել եմ, որ ես տեսնում եմ ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա հարձակման ռիսկ։ ՀԱՊԿ-ից ասել են, որ դա հնարավոր չեն համարում, բայց ՀՀ սահմաններն իրենց համար կարմիր գիծ են։ Երբ որ տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերյան պատերազմը, երբ ՀՀ տարածք ներխուժում է տեղի ունեցել, դրանից առաջ էլ է եղել, ես այդ երկխոսությունը համարել եմ ՀՀ համար անհարգալից։ Ես, այո, որոշում եմ կայացրել, որ ՀՀ կառավարությունը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Այո, նաև հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետև մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031