«Լսեք, որպեսզի հստակ լինի՝ ցանկացած մեկը, ով պետական բյուջեից կոռուպցիոն սխեմա է ձեռնարկում եւ գումար է տանում, իմ անձնական թշնամին է։ Ցանկացած մեկը, ով ուզում է՝ լինի։ Էդ մնացածը․․․ լսեք, հերիք է ինձ քննիչի, դատախազի, օպերի․․․ մի կողմից՝ առավոտից իրիկուն ասում եք՝ սուպերվարչապետական համակարգ ա, հեռախոսը վերցրեց՝ էս արեց, էն արեց․․․ Ես ասում եմ՝ Ձեր ասած դեպքի մասին լսում եմ առաջին անգամ, որովհետեւ պատկերացրեք, ես ավելի կարեւոր գործեր ունեմ։
Երկրում ստեղծված են ինստիտուցիոնալ համակարգեր, իրավապահ համակարգը գալիս է, այդ թվում՝ Քննչական կոմիտեն, Հակակոռուպցիոն կոմիտեն ԱԺ-ում հաշվետվություն են տալիս, եթե որեւէ մեկը կասի, որ վարչապետն ինձ ասել է, որ կոռուպցիայի դեմ չպայքարես եւ ընդհակառակը, եթե որեւէ մեկը կասի, որ ես չեմ ասել բոլորին՝ ով որ կոռուպցիայով է զբաղվում իմ անձնական թշնամին է․․․
Դուք հիմի եկել եք՝ ինձ ասում եք՝ բա գիտես, Մասիվի սադում, էն օրն անցնում էինք, չերս հոգի նստած էին, մեկը՝ պպզած․․․բա սենց ո՞ց կլինի։ Այ քեզ բան։ Դա ձեր զբաղվելու գործն ա, պատգամավոր եք՝ զբաղվեք, ինստիտուտներ կան երկրում»,- խորհրդարանում՝ կառավարության հետ հարցուպատասխանի նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին։
Նա հետաքրքրվել էր օրերս Նոր նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպից, երբ իշխանության ներկայացուցիչները՝ թաղապետի գլխավորությամբ, ծեծել էին կոռուպցիոն բացահայտումներ անող քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին։
Կարդացեք նաև
«Ես դատապարտում եմ բռնությունը, դատապարտում եմ էդ կոնկրետ դեպքը։ Ինչքան տեղյակ եմ, Երեւանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ խնդիրը նաեւ կոմունիկացրել են մեր կոալիցիոն գործընկերների հետ։ Հիմա դուք ի՞նչ եք ուզում։ Ես թաղապետի հարցով չեմ զբաղվում, բայց թաղապետի հարցով պետք է զբաղվեն այն ինստիտուտները, ովքեր զբաղվում են թաղապետի հարցով»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ