Լրահոս
Օրվա լրահոսը

Սկզբունքները նման են ծառի արմատներին՝ նրանք պետք է կայուն լինեն, մինչդեռ կարծիքները պետք է թարմացվեն, զարգանան և վերանայվեն՝ ինչպես տերևները. Ռուբեն Բաբայան

Մայիս 07,2025 20:45

Այսօր Մատենադարանում կայացավ «Կրթվելը Նորաձև է» շարժման հերթական հանդիպումը, որը վերածվեց խորքային մտքերի բարձրաձայնման, փոխադարձ անկեղծ զրույցի և լուսավոր մարդկանցով լի միջոցառման։

Երեք բանախոսները՝ ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, գործարար Բակուր Մելքոնյանը և ՀՀ վարչապետի տիկին,  շարժման ղեկավար Աննա Հակոբյանը ներկայացրին իրենց բանախոսությունները, որոնց բոլորին միավորում էր մեկ գաղափար` կրթության դերը՝ որպես անհատի ձևավորող ուժ և հասարակության զարգացման շարժիչ։

Տիկին Աննա Հակոբյանը հանդիպման մեկնարկին ներկայացրեց շարժման ռազմավարական հիմքը՝ հիշեցնելով, որ Շարժումը Հայաստանի Հանրապետությունում բոլոր քաղաքացիների շրջանում կրթվելու մոտիվացվածության բարձրացման անհրաժեշտության գաղափարի և ռազմավարության սկզբունքների շուրջ համախոհության հիման վրա միավորված անձանց խումբն է:

Շարժման նպատակը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն կրթվելու և նորովի մտածելու մոտիվացիա հաղորդելն է։ Այն չի ձևավորում պետական գրանցման ենթակա կազմակերպություն։  Նրա հիմնական բանախոսությունը կրում էր «Մնացել ենք 5-րդ դարում» խորագիրը, և անդրադառնալով մեր մեծերին` փաստում, որ եթե 16 դար շարունակ մեր մոտեցումներն ու կենսակերպը չեն փոխվում, ուրեմն մենք շատ լուրջ մտածելու տեղ ունենք:

Հանդիպման ընթացքում բանախոսները միմյանցից տարբեր, սակայն գաղափարապես լրացնող ելույթներով ձևավորեցին այն հիմնական ուղերձը, թե կրթությունը ոչ միայն կրթական համակարգի խնդիր է, այլև արժեհամակարգի, ինքնաճանաչման, ընտրության և կամքի հարց։

Բակուր Մելքոնյանն իր «Ոչ թե բախտ, այլ կամք» բանախոսությունում պատմեց իր անձնական օրինակով, թե ինչպես է շարունակաբար կրթվում՝ նույնիսկ գործուղումների ժամանակ հասցնելով մասնակցել սեմինարների ու դասընթացների։ Նա շեշտեց, որ բիզնես սկսելը միայն երազանք չէ, այլ գիտակցված ընտրություն, որը պահանջում է ամենօրյա քրտնաջան աշխատանք և հստակ գործողությունների պլան։ Նրա խոսքով՝ մարդու վարքագիծը  շատ է փոխվում, երբ նա հստակ պատկերացնում է իր նպատակն ու վերջնակետը։

Ռուբեն Բաբայանն իր «Կենտրոնում մարդն է » բանախոսության ընթացքում անդրադարձավ անհատի կենտրոնական դերին՝ ընդգծելով, որ երբ մշտապես խոսում ենք աբստրակտ հասկացություններով՝ ժողովուրդ, հասարակություն, մոռանում ենք, որ դրանց հիմքում կանգնած է մարդը՝ իր սկզբունքներով, կարծիքներով և որոշումներով։ Նա ասաց, որ սկզբունքները նման են ծառի արմատներին՝ նրանք պետք է կայուն լինեն, մինչդեռ կարծիքները պետք է թարմացվեն, զարգանան և վերանայվեն՝ ինչպես տերևները։

Միջոցառման մշակութային հատվածում ելույթ ունեցավ «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը՝ Հասմիկ Վարդանյանի ղեկավարությամբ: Իսկ դրան հաջորդող ընդմիջման ժամանակ մասնակիցներն արդեն հնարավորություն ունեցան անմիջական հաղորդակցվել, լուսանկարվել և շփվել բանախոսների հետ:

Օրը ամփոփվեց մասնակիցների կողմից շատ սիրելի հարցուպատասխանի հատվածով, որի ընթացքում երիտասարդները շտապեցին հղել իրենց հետաքրքիր հարցերը: Դրանք վերաբերում էին թե՛ դպրոցներում սովորելու մոտիվացիայի պակասին, թե՛ կրթական համակարգի կողմից տրամադրվող արժեքներին, թե՛ սեռային կարծրատիպերի հաղթահարմանը։ Քննարկվեց նաև այն փաստը, որ սովորող աշակերտների մեծ մասը հետագայում լքում է Հայաստանը, ինչը հնչեց որպես կրթական միջավայրի վերաիմաստավորման հրատապության ազդակ։

«Կրթվելը նորաձև է» շարժման յուրաքանչյուր հանդիպում դառնում է  սերնդափոխության, արժեհամակարգի վերագնահատման, իմացածը վերանայելու, ինքնակրթվելու և նոր ժամանակակից մշակույթների ձևավորման հարթակ։ Այսօրվա հանդիպումն էլ բացառություն չէր։

 

Առաջիկա հանդիպումները կկայանան Կապանում, Քաջարանում, Տաթևում, Վանաձորում, Սիսիանում, Գորիսում, Արտաշատում, Մարալիկում և Երևանում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031