Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակն ու նրանց հուշարձանները ոչ միայն հայկական, այլև համամարդկային արժեք են։ Այս հիշատակների պաշտպանությունը պետք է լինի միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունը. Հովիկ Ավանեսով

Մայիս 07,2025 23:03

Արցախի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող գործողությունները, այդ թվում՝ Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների պղծումն ու համակարգված ոչնչացումը, լուրջ հանցագործություն են ինչպես մարդկության մշակութային ժառանգության, այնպես էլ պատմական արդարության դեմ։ Այս գործողությունները բացահայտ կերպով հակասում են միջազգային հումանիտար իրավունքին, մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ միջազգային համաձայնագրերին և երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակի նկատմամբ հարգանքի համընդհանուր սկզբունքին։

Հայրենական մեծ պատերազմը, որում հայ ժողովուրդը տվել է անհաշվելի զոհեր ընդհանուր հաղթանակի համար, հանդիսանում է համաշխարհային պայքարի կարևորագույն էջերից մեկը` ընդդեմ նացիզմի ։ Արցախում վեր խոյացած հուշարձաններն ու հուշակոթողները խորհրդանշում էին համազգային զոհողության և պայքարի գաղափարները։ Ադրբեջանի կողմից այս հուշարձանների միտումնավոր ոչնչացումը հանդիսանում է ոչ միայն հայ ժողովրդի մշակութային և պատմական ժառանգության դեմ ուղղված գործողություն, այլև պատմության աղավաղում և նացիզմի դեմ տարած հաղթանակի հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք։

Այս քաղաքականությունը համապատասխանում է Ադրբեջանի կողմից տասնամյակներով վարվող հետևողական հայատյաց քաղաքականությանը, որի նպատակն է Արցախի հայկական ինքնության, պատմության և մշակույթի լիակատար ջնջումը։ Հուշարձանների ոչնչացումը նույնքան ծանր հանցանք է, որքան կենդանի մարդկանց դեմ ուղղված ոտնձգությունները, քանի որ այն ուղղված է ժողովրդի հիշողության, ինքնության և պատմական իրավունքների դեմ։

Միջազգային իրավունքի, մասնավորապես՝ Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի և ՅՈւՆԵՍԿՕ-ի մի շարք փաստաթղթերի համաձայն, ռազմական կամ օկուպացիոն իրավիճակներում մշակութային արժեքների ոչնչացումը հանդիսանում է` որպես միջազգային հանցագործություն։ Այս համատեքստում Արցախի տարածքում Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների և հուշահամալիրների ոչնչացումը պետք է որակվի որպես միջազգային հումանիտար իրավունքի խախտում, որին միջազգային հանրությունը պարտավոր է անհապաղ արձագանքել։

Ցավալի և մտահոգիչ է արձանագրել, որ միջազգային կազմակերպությունների և ազդեցիկ պետությունների կողմից այս հանցագործությունների հանդեպ դրսևորվող լռությունը, համարժեք արձագանքի բացակայությունը և անտարբերությունը միայն խորացնում են անպատժելիության մթնոլորտը՝ խրախուսելով հետագա հանցագործությունները։ Այսօր տեղի ունեցող մշակութային ցեղասպանությունը, ներառյալ Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացումը, վտանգում է ոչ միայն հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը, այլև ամբողջ մարդկության պատմական Հիշողությունը։

Պահանջվում  ենք.

  • Միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի և այլ մարմինների կողմից անհապաղ, հրապարակային և հստակ դատապարտում,
  • Միջազգային փորձագիտական առաքելությունների ուղարկում Արցախի օկուպացված տարածքներ՝ հուշարձանների ոչնչացման փաստաթղթման և գնահատման համար,
  • Ադրբեջանի նկատմամբ իրավական և քաղաքական ճնշումների իրականացում՝ նման ոտնահարումները կանխելու և պատասխանատվություն ապահովելու նպատակով,
  • Միջազգային հանրության լայնածավալ իրազեկման ծրագրերի նախաձեռնում՝ Արցախի տարածքում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության մասշտաբների վերաբերյալ։

Հայ ժողովրդի զոհաբերությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է համաշխարհային ազատության համար մղվող համընդհանուր պայքարի մի մասը։ Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակն ու նրանց հուշարձանները ոչ միայն հայկական, այլև համամարդկային արժեք են։ Այս հիշատակների պաշտպանությունը պետք է լինի միջազգային հանրության ընդհանուր պատասխանատվությունը։

Լռությունը հանցակից դարձնող հանգամանք է։ Ժամանակն է, որ քաղաքակիրթ աշխարհը գործի անցնի՝ պաշտպանելով պատմության արդարությունը, մարդկային արժանապատվությունը և համընդհանուր խաղաղությունը:

Լուսանկարում պատկերված է Բերձոր քաղաքում ադրբեջանցի զավթիչների կողմից ավերված Փառքի հուշահամալիրը:

 

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031