Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, թյուրքական աշխարհի դերը զգալիորեն կմեծանա, նշում են Թուրքիայում
«Ալիեւի հեռատես քաղաքականության շնորհիվ ռուսական ուժերը դուրս եկան տարածաշրջանից վաղաժամ։ Այս ձեռքբերումն արժանի է, որ ընդգրկվի պատմության դասագրքերում». թուրք գեներալի խոստովանությունը
Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերումը Ղարաբաղից Ադրբեջանի պատմական ձեռքբերումն է, նման կարծիք է հայտնել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական նախկին կցորդ, պահեստազորի գեներալ-մայոր Յուջել Կարաուզը Oxu.az լրատվական կայքին տված հարցազրույցում։
Նա հիշեցրել է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով եւ նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եռակողմ հայտարարության ստորագրմամբ։ Այդ համաձայնագրի շրջանակում տարածաշրջանում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ՝ հրադադարի պահպանման համար։
Կարդացեք նաև
«2024թ. ապրիլի 17-ին սկսվեց ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերումը Ադրբեջանի տարածքից, իսկ ապրիլի 26-ին փակվեց Աղդամում գտնվող ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգային կենտրոնը։ Սա կարեւոր իրադարձություն է աշխարհաքաղաքական տեսանկյունից», -նկատել է թուրք գեներալը։
Կարաուզի խոսքով՝ հիմնական հարցերից մեկը այն էր, որ ռուս խաղաղապահները կարող էին մնալ տարածաշրջանում իրենց մանդատի ժամկետի՝ հինգ տարվա ավարտից հետո եւս, ինչպես դա տեղի է ունեցել այլ առաքելությունների դեպքում, օրինակ՝ Կիպրոսում, որտեղ ՄԱԿ-ի խաղաղապահները գտնվում են արդեն 60 տարի։ «Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեռատես քաղաքականության, փափուկ եւ կոշտ ուժի հմտորեն կիրառման, ինչպես նաեւ միջազգային իրավիճակի ճշգրիտ գնահատման շնորհիվ ռուսական ուժերը դուրս եկան տարածաշրջանից վաղաժամ։ Այս ձեռքբերումն արժանի է, որ ընդգրկվի պատմության դասագրքերում»,- շեշտել է նա։
Թուրք գեներալը նաեւ հայտարարել է, որ Հայաստանը երեք տարվա ընթացքում փորձել է Ռուսաստանին եւ նրա զինվորականներին ներքաշել Ադրբեջանի դեմ սադրանքների մեջ։ «Ադրբեջանի բանակի գործողությունները եւ 2023թ. սեպտեմբերին իրականացված մեկօրյա հակաահաբեկչական գործողությունը դարձան պատմության հերոսական էջեր», -եզրափակել է Յուջել Կարաուզը։
Իսկ Բաքվում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը խոսել է «խաղաղության համաձայնագրի կնքման» եւ «Զանգեզուրի միջանցքի բացմամբ` թյուրքական աշխարհի դերի մեծացման» մասին:
Աքգյունը նախ արձանագրել է, որ նախագահներ Էրդողանի եւ Ալիեւի իշխանավարումը կարեւոր դեր է խաղացել երկկողմ կապերի ամրապնդման գործում։ Ապա ընդգծելով Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային միջանցքի աշխարհաքաղաքական նշանակությունը՝ Աքգյունն ասել է, որ դրա ամբողջ ներուժը կախված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկարատեւ խաղաղության համաձայնագրի կնքումից։ «Եթե մշտական խաղաղության համաձայնագիր կնքվի եւ Զանգեզուրի անցումային ճանապարհը բացվի Չինաստանից դեպի Լոնդոն, թյուրքական աշխարհի դերը` Միջին միջանցքով զգալիորեն կմեծանա, կընդլայնվի։ Մենք աջակցում ենք դրան»,- նշել է Թուրքիայի դեսպանը։
Դեսպանը նաեւ շեշտել է էներգետիկ ոլորտում բարձր մակարդակի համագործակցությունը եւ տրանսպորտի ու կապի ոլորտում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը, նշել է, որ այս ամռանը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վերաբացումը կարող է զգալիորեն մեծացնել արեւելք-արեւմուտք բեռնափոխադրումների հոսքը, հնարավոր է՝ հնգապատկելով ներկայիս հզորությունը։
Ահա, Թուրքիայի ներկայացուցիչների վերոնշյալ խիստ ուշագրավ գնահատականները հիմք ընդունելով, կարելի է եզրակացնել, թե Անկարայում ինչ արժեք ուներ Էրդողան-Պուտին բարեկամությունը: Դա ունեցել է գին, եւ այժմ ռուսական վտանգը չեզոքացրած համարելով` Թուրքիայում պոստֆակտում թուրք-ադրբեջանական տանդեմի համար արդեն դրական արդյունքներն են հանրայնացնում:
Մոսկվան շարունակում է զգուշացնել, Փաշինյանը հանդարտեցնում է ռուսներին
Մինչ Թուրքիայից ոգեւորված պատմում են, թե ինչպես են կարողացել Ռուսաստանին հեռացնել հայ-ադրբեջանական հակամարտությունից, Մոսկվայի ուշադրությունը սեւեռված է Հայաստանի ուղղությամբ:
Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երեւանի ձգտումներով, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ պնդելով, որ Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արեւմուտքն այդ երկիրը «ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ»։
Գրուշկոն նշել է, որ ԵԱՏՄ-ի անդամակցության շնորհիվ «դինամիկ զարգանում է Հայաստանը, եւ տնտեսական աճ է նկատվում Երեւանի համար բոլոր կարեւոր ոլորտներում»։ «Եվ սա հսկայական ակտիվ է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արեւմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից եւ այլ բնական դաշնակիցներից», – նախազգուշացրել է ՌԴ փոխարտգործնախարարը:
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար. «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«Եթե Երեւանը, այնուամենայնիվ, քայլեր ձեռնարկի, որոնք հակասում են ԵԱՏՄ իրավունքին, ինչը, ինչպես մենք հույս ունենք, տեղի չի ունենա, այլ կերպ ասած՝ խախտի ԵԱՏՄ մասին պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ՝ միության մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է Աղասանդյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը երբեք՝ ոչ հրապարակայնորեն, ոչ էլ երկկողմ շփումների ընթացքում, չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին, ընդհակառակը՝ ակտիվորեն մասնակցում է միության ներսում բանակցություններին, ինչը վկայում է եվրասիական ինտեգրացիայի զարգացման նկատմամբ նրա հետաքրքրվածության մասին:
Աղասանդյանը նաեւ շեշտել է, որ Եվրամիությունը չի կարող փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները, եթե հանրապետությունը դուրս գա ԵԱՏՄ-ից։ Նա հավելել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ընթացքում բացատրում է ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում միաժամանակ անդամակցելու անհնարինությունը՝ կանոնների անհամատեղելիության պատճառով, եւ Երեւանում գիտակցում են ինչպես ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետեւանքները:
Նկատենք, որ ապրիլի 28-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալիի հետ ասուլիսում նշեց, որ Հայաստանը նպատակ չունի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել կամ փչացնել, ի պատասխան էստոնացի լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը պատրա՞ստ է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց: «Ուզում եմ հստակ լինել։ Երբեմն, նույնիսկ Հայաստանում արվող հայտարարություններ ճիշտ չեն մեկնաբանում իրականությունը։ Մենք ամենեւին էլ Ռուսաստանի հետ հարաբերությունները լարելու, խզելու կամ փչացնելու մտադրություն չունենք։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք պահպանել եւ զարգացնել լավ հարաբերություններ մեր բոլոր միջազգային գործընկերների հետ»,- ասաց Փաշինյանը։
Ըստ ամենայնի, ոչ Փաշինյանը մտադրություն ունի փչացնել, առավելեւս խզել հարաբերությունները Մոսկվայի հետ, դե իսկ Ռուսաստանն էլ իր քայլերով, հայտարարություններով ցույց է տալիս, որ ոչ միայն Հայաստանից չի հեռանալու, այլեւ` ամրապնդվելու է:
Օրերս հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն ստանձնել է Հայաստանի հարցերի համակարգումը: Ռուսաստանյան «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով դաշնային մակարդակի չորս պաշտոնյաների եւ ՌԴ նախագահի աշխատակազմի հետ աշխատող երկու զրուցակցի, հայտնել էր այդ տեղեկությունը։
Համաձայն հրապարակման՝ Հայաստանի ուղղությամբ աշխատանքների համակարգման գործառույթը Կրեմլի ներքաղաքական բլոկին է անցել նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակից: Ավելի վաղ Կիրիենկոյին հանձնարարվել էին արտաքին ուղղությամբ այլ աշխատանքներ: Մասնավորապես, այժմ նրա թիմը պատասխանատու է Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոլդովայի (ինչպես նաեւ Մերձդնեստրի, որը չի ճանաչել ՌԴ-ն) հետ աշխատանքների համար:
Չնայած 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին, ըստ հրապարկման, Հայաստանի պարագայում ներկա փուլում իրականացվելու է տեղեկատվական, այլ ոչ թե նախընտրական աշխատանք։ «Հայաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արեւմուտք, ինչն անթույլատրելի է ռուսական պետական քաղաքականության տեսանկյունից», – նկատել է զրուցակիցներից մեկը:
Հոդվածում նշվում է նաեւ, որ այս փուլում աշխատանք է տարվում Հայաստանում տեղեկատվական օրակարգի հետ: Աղբյուրը նշում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026-ին եւ «դրանց մոտենալուն զուգընթաց նոր խնդիրներ կառաջադրվեն»:
Ռուսաստանի նախագահի վարչակազմին մոտ կանգնած մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Հայաստանում Կիրիենկոյի առջեւ դրվելու է «փափուկ ուժի» կիրառման միջոցով ռուսական շահերի առաջմղման խնդիր. «Աշխատելու են մոտավորապես այնպես, ինչպես Աբխազիայում վերջին ընտրությունների ժամանակ»:
Այնուհետեւ, թերթի աղբյուրը ուշագրավ կանխատեսում է արել ու գնահատական հնչեցրել: Ահա նա նշել է, թե առաջիկա ընտրություններում միեւնույն է՝ հաղթելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Բայց հիմա խնդիրն ընտրությունները չեն, այլ Ռուսաստանի ներկայությունն այնտեղ»: Աղբյուրը նշում է, որ ներկայում Հայաստանում ռուսամետ քաղաքական գործիչներ չկան, բացի նախկին նախագահներից՝ Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից. «Հետեւաբար, այնտեղ ոչ ոք չկա, որը կարող է խոսել Ռուսաստանի անունից»:
Փաստորեն, հայաստանյան իրականությունում Մոսկվայի շահերի սպասարկողների առատության պայմաններում անգամ` Ռուսաստանում համարում են, որ բացի Սերժ Սարգսյանից եւ Ռոբերտ Քոչարյանից, Հայաստանում «ռուսամետ» այլ գործիչներ չկան:
Պերճախոս «հաճոյախոսություններ»` Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, ինչ խոսք…
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2025