«Մենք թույլ չենք տա, որ Ձեզ վրա ծիծաղեն»
Մայրս՝ մանկավարժ, 352 զենիթային-հրետանային գնդի հրետանավորը, կամավոր է մեկնել ռազմաճակատ, Բաթումիից հասել Հեռավոր Արեւելք: Նա մինչեւ իր կյանքի վերջը՝ 2002 -ը համակարգում էր մանկավարժ-վետերանների, նրանց ընտանիքների հետ աշխատանքները, հանդիպում հրետանային գնդի իր մարտական ընկերների հետ:
Մայիսի 9-ը նրա ծննդյան օրն էր, եւ նաեւ՝ իր սիրած օրը:
Հրետանավորները պատերազմից հետո չորս անգամ հանդիպեցին իրար:
Առաջին անգամ 1982թ. սեպտեմբերի 2-8-ը՝ Կիրովականում, երկրորդ անգամ Բաթում քաղաքում՝ 1985թ., Երեւանում՝ 1987թ., երբ Երեւան էր ժամանել Լենինգրադի վետերանների խորհրդի նախագահ Կիրիլովը եւ՝ 1988-ին՝ կրկին Բաթում քաղաքում, որտեղ կազմավորվել է նրանց գունդը, պաշտպանել են Հյուսիսային Կովկասը, քաղաքն ու նավահանգիստը:
«Թեպետ մենք չունեինք անհրաժեշտ զինվորական պատրաստվածություն, չէինք տիրապետում ռազմական տեխնիկային, շատերս լիարժեք չգիտեինք ռուսաց լեզուն, սակայն ունեինք հաստատ կամք՝ միասին կանգնելու երկրի պաշտպանության դիրքերում: Աղջիկների համար հեշտ չէր զինվորի կյանքը, քիչ էինք քնում, այն էլ գետնափոր հյուղակներում, ծղոտե ներքնակների վրա, ծածկվելով անձրեւներից թրջված թաց շինելներով: Հարկ էր լինում օրերով կիսահագնված կանգնել հրանոթների մոտ, ետ մղել օդային հարձակումները», -հիշում եմ մորս պատմածներից:
Մայրս տպավորված էր: 1988-ի սեպտեմբերի 6-ի հանդիսությանը նա ներկայացրեց Հայաստանը. նախագահությունում էր: Հարյուրից ավելի վետերաններ էին այդ ժամանակ ներկա, Աջարիայի ինքնավար մարզի քաղաքական վերնախավը, նախագահողը հրամանատարներից էր՝ Կուզնեցովը, որի հետ նամակագրական կապը շարունակվեց մինչեւ վերջ:
Մայրս «Հաղթանակ» զբոսայգում գտնվող «Մայր Հայաստանի» զինվորական թանգարանին նվիրել է բազմաթիվ արխիվային նյութեր, իրենց գնդի հայազգի աղջիկների մասին պատմող լուսանկարներ, վավերագրություններ, նա ուներ օրագրություններ, որոնցից մեկը ներկայացում եմ ի հիշատակ, ի փառս մայրիկիս մարտական ընկերների՝ 352 զենիթային-հրետանային գնդի զինվորների:
Ռոզա Մինասյանի ռազմաճակատային օրագրից
Մեր զենիթային-հրետանային զորամասը մյուս զորամասերի հետ պաշտպանում էր կարեւոր նշանակություն ունեցող նավահանգստային քաղաքը եւ նրա օդանավակայանը:
1943 թվականի նոյեմբեր ամսի սկիզբն էր:
Առավոտյան տողանի ժամանակ ընթերցվեց մարտկոցի հրամանատարի հրամանը՝ մեկ ջոկատ տասներկու հոգուց բաղկացած, սերժանտ Անտոնովի գլխավորությամբ պետք է գնար մեր զորամասի դիրքերից 15 կիլոմետր հեռավորության վրա գտնվող օդանավակայան՝ գիշերային հերթապահության: Իմ եւ ընկերուհուս՝ Ռոզայի, որին «փոքր Ռոզա» էին ասում՝ ինձնից տարբերելու համար, քանի որ ազգանունները նույնպես նման էին, անունները մեկնողների ցուցակում էին:
Մեզ հանձնարարվեց արագ պատրաստվել, մաքրել ավտոմատները, կարգի բերել հագուստը, ժամանակին ներկայանալ հավաքատեղի:
Երկաթուղային կայարանը մեզնից երեք-չորս կիլոմետր հեռավորության վրա էր գտնվում, պետք է գնայինք ոտքով, իսկ դեպի օդանավակայան՝ գնացքով:
Ժամանակին տեղ հասանք:
Բարձրանալով գնացք՝ տեղ գրավեցինք առաջին վագոնում պատահած դատարկ նստարանին: Տղաները տեղավորվեցին մեզանից քիչ հեռու գտնվող ազատ տեղերում: Սերժանտ Անտոնովը տեղավորվեց աղջիկներիս մոտ: Մենք մի քանի ամիս էր, ինչ գրեթե չէինք քնել թշնամու հաճախակի հարձակումների պատճառով, այժմ գնացքի համաչափ կտկտոցի տակ սկսեցինք ննջել:
Որքան էլ աշխատում էինք չննջել, սակայն քնելու ցանկությունն այնքան անհաղթահարելի էր, որ աչքերս փակվում էին եւ գլուխներս թեքվում առաջ: Նկատելով այդ՝ դիմացի նստարանին նստած երկու երիտասարդ կանայք, որոնք հագնված էին շատ գեղեցիկ, թվում էր, թե նրանց համար պատերազմը գոյություն չուներ, սկսեցին շշնջալ եւ նայելով մեզ ծիծաղել: Սերժանտը, որ մինչ այդ լուռ նստել եւ հետեւում էր ջոկատի զինվորներին, նկատելով մեր ննջելը եւ դիմացիների քչփչալն ու ծիծաղը, դիմելով նրանց՝ կես կատակով ասաց.
-Ի՞նչն է Ձեզ այդքան զվարճություն պատճառում, գեղեցկուհիներ, որ քնո՞ւմ են աղջիկները: Ապա պատասխանի չսպասելով, շարունակեց.
-Գիտե՞ք, որ նրանք չեն քնում գիշերները, որպեսզի պաշտպանեն Ձեզ, որ դուք հանգիստ քնեք…
Սերժանտ Անտոնովը Ռուսաստանից էր: Խորհրդային բանակ էր զորակոչվել 1939 թվականին: Եվ պատերազմի պատճառով չէր զորացրվել:
Մեզնից մի քանի տարով մեծ էր: Միշտ լուրջ, խիստ, պահանջկոտ, որի համար էլ շատերիս թվում էր, թե նա չար է, չի հարգում հատկապես հայ աղջիկներին: Սակայն դժվար է միանգամից մարդուն հասկանալ…
Ապա դիմելով մեզ՝ շարունակեց.
-Ոչինչ, աղջիկներ, կվերջանա պատերազմը, կգնաք տուն եւ կքնեք, որքան կուզեք:
Մի զայրացեք եւ ճնշվեք, դուք ավելի լավ կհագնվեք, ավելի բարձր կծիծաղեք, քանի որ արժանի եք դրան: Օրինակ, ես որոշել եմ պատերազմը վերջանալուց հետո ամուսնանալ անպայման զինվոր աղջկա հետ, որովհետեւ նա շատ դժվարություններ է հաղթահարում այժմ, կյանքում էլ այդպիսին կլինի: Մենք թույլ չենք տա, որ Ձեզ վրա ծիծաղեն:
Մեզ թվաց, թե այդ պահին մեր կողքին նստած է ոչ թե խստապահանջ հրամանատարը, այլ մեր հարազատը, եղբայրը…
Անտոնովն, իրոք, կատարեց իր որոշումը: Նա պատերազմից հետո եկավ Հայաստան, ամուսնացավ ընկերուհուս՝ Ռոզայի հետ, երկար տարիներ աշխատեց Արթիկի շրջանի Արեւշատ գյուղում, որպես ռուսաց լեզվի ուսուցիչ՝ հայ երեխաներին սիրով ուսուցանելով Պուշկինի, Տոլստոյի… լեզուն: Սակայն նա չկարողացավ կատարել իր մյուս որոշումը. լռեցնել ծաղրողներին, որոնք դեռ երկար ժամանակ քչփչացին, ծիծաղեցին զինվոր աղջիկներիս վրա:
Մի Անտոնով կամ մի քանի Անտոնովներ չէին կարող ոչնչացնել այն կենսունակ, թույն արտադրող ու կծոտող երեւույթը, որի անունն է բամբասանք:
Մեզ՝ պատերազմ տեսածներիս մնում էր արհամարհել եւ լռել, քանի որ բամբասողները հասու չեն հասկանալու զինվորագրված աղջիկներիս վեհ զգացմունքները, իսկ չհասկացողներին չեն առարկում:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.05.2025