Հավանաբար, հիշում եք, որ 2021 թվականի ընտրություններից առաջ առաջին նախագահն առաջարկում էր միավորել երկրի երեք նախկին ղեկավարների ԹԻՄԵՐԸ՝ միեւնույն ժամանակ հայտարարելով, որ ԱՆՁՆԱՊԵՍ երեք նախագահներից ոչ մեկը չի պատրաստվում առաջադրվել: Դա, ըստ ամենայնի, առաջարկվում էր հետեւյալ նկատառումով. Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը կարող են շատերին դուր չգալ, եւ բոլորը պետք է հասկանան, որ նրանք իշխանություն վերադառնալու հավակնություններ այլեւս չունեն: Փոխարենը՝ նրանք ունեն փորձ, շարքեր եւ ռեսուրսներ, որոնք ի վիճակի են դուրս բերել երկիրը ողբալի վիճակից:
Տեր-Պետրոսյանի նախագիծը չիրականացվեց եւ դժվար թե իրականացվի 2026 թվականին: Բայց եթե այդ թիմերը չեն կարող միավորվել, ապա դա բացարձակապես չի նշանակում, որ դրանք պետք է իրար վրա հարձակվեն: Այդ առումով պետք է ասել, որ առավել ակտիվ է Ռոբերտ Քոչարյանի թիմը, որն ասպարեզ նետեց «ո՞վ է բերել Նիկոլին» անիմաստ, անհեռանկարային եւ, իմ կարծիքով, չափազանց ոչ արդիական թեման: Չեմ հավատում, որ երկրորդ նախագահն ի վիճակի չէ այդ թեման փակել:
Նման երկրորդական կամ, ավելի շուտ, տասներորդական թեմաները շեղում են հիմնական խնդրից: 2026 թվականի ընտրությունները նման չեն լինելու նախորդ ընտրություններին: Նախ՝ երկիրը շատ ավելի ողբալի վիճակում է: Երկրորդ՝ այժմ արդեն պարզ է, որ Փաշինյանի թիմը բացահայտորեն, ըստ էության, առանց թաքցնելու զբաղված է Երրորդ հանրապետության ապամոնտաժմամբ: Մի քանի տասնյակ ապացույցներ բերելու փոխարեն նշեմ միայն մեկ փաստ՝ ՀՀ Անկախության հռչակագրի «չեղարկումը»:
Համոզված եմ, որ Հայաստանում շատ են մարդիկ, որոնց առանձնապես չի հուզում հայկական պետականության լինել-չլինելու հարցը; Բայց բոլոր նրանք, ում համար այդ հարցը կարեւոր է, պետք է կողմնորոշվեն ոչ թե իրենց համակրանք-հակակրանքներով, ոչ թե նրանով, թե ինչ է արել այս կամ այն գործիչն անցած 35 տարիների ընթացքում:
Կարդացեք նաև
Հարցը պետք է դրվի միայն այսպես՝ ո՞վ կկարողանա իշխանությունից հեռացնել Փաշինյանին: Մնացած բոլոր խնդիրների մասին ընդդիմադիրները պետք է մոռանան:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ «Սրբազան պայքար» շարժման ֆեյսբուքյան էջից