Լրահոս
Օրվա լրահոսը

7 տարվա կառավարություն լինի ու այդպես էլ չսովորի՞, թե ինչպես պետք է կառավարել պետական բյուջեն. «168 ժամ.

Մայիս 08,2025 10:33

Նիկոլ Փաշինյանը վերջերս շատ է խոսում կրթվելու ու սովորելու կարևորության մասին, բայց այդպես էլ ինքն ու իր ղեկավարած կառավարությունը ո՛չ կրթվում են, ո՛չ էլ մի բան սովորում։ 7 տարի մնացել են նույն դասարանում։ Մնացել են նույն անկարողների կառավարությունը, ինչպես կային 7 տարի առաջ, երբ նոր էին եկել իշխանության։

Յոթ տարվա կառավարություն լինի ու այդպես էլ չսովորի, թե ինչպես պետք է կառավարել պետական բյուջեն։ Ամեն տարի նույն պատմությունն է. չեն կարողանում նախատեսված ժամանակացույցում կատարել բյուջեի ծախսերը։ Պլանավորում են ու չեն կատարում։ Ոչ թե խնայում են բյուջեի փողերը, այլ անկարող են, ի վիճակի չեն կատարել իրենց առաջ դրած խնդիրները։

Ծախսերը ժամանակին չկատարելն անմեղ թերացում չէ. դրանով բյուջեով նախատեսված ծրագրերն են հետ մնում։ Արդյունքում՝ այն, ինչ այդ ծրագրերի իրականացման միջոցով պիտի ստանար քաղաքացին, չի ստանում։

Տնտեսությունն է տուժում։ Փողը տնտեսությունից հանում են, որպեսզի նախատեսված բյուջետային ծրագրերի միջոցով վերադարձնեն տնտեսությանը, իրենց անկարողության պատճառով՝ քնեցնում են բանկերում, ավանդ են դնում։ Երբ տնտեսությունից հավաքվող գումարները ժամանակին չեն ծախսվում, դա ի վնաս տնտեսության է, սեղմում է տնտեսության ակտիվությանը, ազդում է շրջանառությունների վրա։

Թե սրա հետևանքով ամեն անգամ ինչքա՞ն կորուստներ է կրում տնտեսությունը, որևէ մեկը չի հաշվում։ Չնայած այդ կորուստները հսկայական են։

Բյուջեի թերակատարումը կամ ծախսերի ժամանակին չկատարումը լուրջ վնաս է տնտեսության համար։ Բայց դրանից կառավարությունն այդպես էլ հետևություններ չի անում, քայլեր չի ձեռնարկում իրավիճակը շտկելու համար։ Այնինչ՝ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանն այդ երևույթը պետական միջոցների վատնում էր համարում։ Ասում էր՝ վատնումը միայն պետական գանձարանից փողը տանելն ու աննպատակ օգտագործելը չէ։ Վատնում է նաև պետական, հանրային նպատակի համար նախատեսված միջոցները ժամանակին չծախսելը։

Բայց այդ առումով տարիներ հետո էլ բան չի փոխվել։ Այսօր էլ կառավարությունն իր «բարձրության» վրա է։ Այս տարվա առաջին եռամսյակի համար նախատեսել են իրականացնել 818 մլրդ դրամից ավելի ծախս, կատարել են ընդամենը 576 միլիարդը։

Բյուջեի եռամսյակային ծախսերի թերակատարումը հասնում է 30 տոկոսի։

242 մլրդ դրամի կամ 615 մլն դոլարի ծախսեր, որոնք նախատեսել էին իրականացնել, չեն կարողացել կատարել։

Կապիտալ ծախսերի թերակատարումն առաջին եռամսյակում անցնում է 67 տոկոսից։ Նախատեսված աշխատանքների ընդամենը 32,9 տոկոսն են կատարել։

Սարսափելի վատ է արտաքին նպատակային վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքը։ Կարելի է ասել՝ զրոյական վիճակ է։ Միլիարդներով վարկեր են վերցնում, բարձր տոկոսներ, երբեմն՝ տույժ-տուգանքներ են վճարում, իբր ծրագրեր են իրականացնում։

Նպատակային վարկային ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքներն առաջին եռամսյակում թերակատարվել են գրեթե 95 տոկոսով։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031