Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, պետք է լինի սոցիալական արդարություն: Պետք է ապահովել մարդկանց արժանապատիվ կեցությունը՝ մինչ կլինի Արցախ վերադառնալու հնարավորությունը». Մետաքսե Հակոբյան. «Փաստ»

Մայիս 08,2025 10:51

Կառավարությունը հայտարարել է, որ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը երկու ամսով երկարաձգվելու է։ Մարտի 29-ի հանրահավաքից հետո դրա նախաձեռնողները 12 կետից բաղկացած պահանջագիր ներկայացրեցին կառավարությանը: Կարծիք կա, որ սոցիալական հարցում զիջման գնալով՝ ներկայիս իշխանությունները փորձում են Արցախի հիմնախնդիրը սոցիալական դաշտ տանել ու մոռացության տալ ամենակարևոր՝ Արցախ վերադառնալու հարցը:

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է՝ Ազատության հրապարակում հավաքված 10 հազարից ավելի հայերի միայն մի փոքր մասը եկել էր սոցիալական խնդիրների պահանջով: «Կա գիտակցումը, որ այն պայմանների պարագայում, որոնք ստեղծում են Հայաստանի իշխանությունները, անհնար է գոյատևել: Իրականում դա հատուկ ստեղծված սոցիալական իրավիճակն է, և դա իրենց քաղաքականությունն է, որի արդյունքում արցախցիներն այստեղ իրենց օտար, լքված զգան: Միտումն այն է, որ նրանք արտագաղթեն: Այդ բոլոր խնդիրները հասկանալով՝ արցախցիների գերակշիռ մասը հասկանում է, որ գերնպատակը ոչ թե հարուստ, լավ, բարեկեցիկ կյանքն է Հայաստանի Հանրապետությունում, այլ արժանապատիվ կեցության հնարավորությունն այստեղ՝ մինչ բնօրրան վերադառնալը: Մարդկանց մեծ մասն Ազատության հրապարակ էր եկել հենց այդ նպատակով: Ի սկզբանե տարբեր խմբեր նպատակ են ունեցել հանրահավաք, բողոքի ակցիաներ կազմակերպել բացառապես սոցիալական նպատակներով: Հիմնականում նման ուղղությամբ մտածող խմբերը թիրախավորվել են հենց արցախցիների կողմից: Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց իր գոյության մասին, խոսեց հանրահավաքի մասին: Չեմ կարող չխոսել նաև բացթողումների մասին, օրինակ՝ խորհրդի կողմից համարում եմ թերացում, երբ թույլ տվեցին հանրահավաքի և հաջորդիվ ակցիաների ժամանակ բեմում լինել այնպիսի մարդկանց, որոնք բացառապես խոսում էին սոցիալական խնդիրներից: Չկար հիմքում մեր վերադարձի իրավունքի պահանջը: Սա միանշանակ իրենց թերացումն էր: Առաջին իսկ հանդիպման ժամանակ փոխվարչապետը հայտարարեց, որ հայտարարված 12 կետերից որևէ կետի քննարկում չի կարող լինել, բացի սոցիալական խնդիրների քննարկումը, այն էլ՝ վերադարձ նախկին աջակցություններին չի լինելու: Այնուհետև պահանջ դրեցին վրանի հանումը և խմբերի ստեղծումը: Որպես քաղաքական գործիչ՝ չեմ կարողանում ընկալել խորհրդի կողմից արվող այս գործողությունների տրամաբանությունը, որովհետև նույնիսկ սոցիալական խնդիրները կամ գործընթացները քաղաքական գործընթացներ են: Ամեն վայրկյան, կարծես թե, արդարանալու համար ասել, որ քաղաքական չէ մեր պայքարը, դա թուլացնում է այն, անլրջացնում: Շատ ավելի ազնիվ կլինեին, եթե հայտարարեին, որ պայքարում են միայն սոցիալական խնդիրների համար, որովհետև այն ոգևորությունը, որը նույնիսկ ես ունեի առաջին օրերին, ցավոք, հիմա չունեմ: Կմերժեմ որևէ աշխատանքային խմբում ընդգրկվելու առաջարկ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ ձևակերպումներն ու շեշտադրումները պետք է այլ կերպ արվեին: «Այո, պետք է լինի սոցիալական արդարություն: Մեր հայրենակիցները պետք է դիտարկվեն որպես բռնի տեղահանվածներ, որոնց չի կարելի հավասարեցնել Հայաստանում մեր՝ սոցիալապես ավելի անապահով հայրենակիցների հետ: Պետք է ապահովել մարդկանց արժանապատիվ կեցությունը՝ մինչ կլինի Արցախ վերադառնալու հնարավորությունը»,-նշում է մեր զրուցակիցը:

Մոտենում է Մայիսի 9-ը: Դատարկության զգացում կա ցանկացած բանական մարդու սրտում: Զրույցի վերջում տիկին Հակոբյանից հետաքրքրվում ենք, թե ինչպիսի՞ն են զգացողությունները հատկապես այս հատկանշական օրերին, այն էլ՝ Արցախից հեռու գտնվելիս: «Ցավոք, իշխանությունների դավաճանության արդյունքում ժողովուրդը կորցրել է, բայց արժեքը դրանից չի նվազել, հաղթանակը մնացել է որպես հաղթանակ, և դա պետք է վերաիմաստավորել՝ հետագա հաղթանակը կերտելու ուժ ու եռանդ ունենալու համար: Այդպիսին է եղել 2020 թվականից հետո այն երեք տարին, որ դեռ Արցախում էինք: Արցախի հայաթափումից, վերջնական հանձնումից հետո շատ ավելի ծանր է, բայց յուրաքանչյուր հայ չպետք է կորցնի հաղթանակի զգացումը, այն պիտի լինի յուրաքանչյուր հայի մեջ՝ անկախ նրանից՝ նա մի քանի տարեկան է, նոր է ծնվել, թե մասնակցել է Արցախի ազատագրմանը: Դա համայն հայության հավաքական հաղթանակն էր, և այն կորցնելը հավասար է նույն դավաճանությանը, ինչ արեցին այս իշխանությունները: Չպետք է թույլ տալ, որ այն կորչի, պետք է վերաիմաստավորել և ամբողջ խորությամբ հասկանալ դրա խորհուրդն ու փոխանցել: Այս օրերը պետք է առիթ լինեն հատիկ առ հատիկ հիշելու բոլորի անունները, իրադարձությունները, գործողությունները, այն ոգին, որ կար հայի մեջ, նորից մեր մեջ դնելու և փոխանցելու այն սերնդին, որ դա չի տեսել, չգիտի դրա մասին: Այդ սերունդը չպետք է տրվի այս մանիպուլյացիաներին, սուտ ու կեղծ պատմությանը, որ իրենք են կերտում: Յուրաքանչյուրիս մեջ պետք է լինի արդարության գիտակցումը: Դա է ինձ ուժ տալիս այս ընթացքում: Արդարությունը չի կարող մեռնել և, ի վերջո, այն հաստատվելու է, վերադառնալու եմ իմ հայրենիք: Շատ կարևոր է, որ այդ ճանապարհին վառ պահենք հաղթանակի զգացումը: Գլուխներս կախ ման չգանք: Եթե կախ ման եկողներ պիտի լինեն, ապա դրանք պետք է լինեն այս իշխանության ներկայացուցիչները, իրենց սատարող շրջանակները, այն զինվորականները, որոնք գնացին առուծախի, դարձան ենթակա և հավասարապես դավաճանեցին Արցախին ու հային: Որևէ մեկս իրավունք չունենք գլխիկոր քայլելու: Պարտք ունենք, մեր հայրենիքը ոչ թե մեր նախնիներից ենք ժառանգություն ստացել, այլ մեր սերունդներից պարտք ենք վերցրել, պարտավոր ենք փոխանցել իրենց: Պարտք ունենք զոհվածների առաջ, մի օր պիտի կարողանանք ասել՝ ձեր գործը շարունակեցինք»,-եզրափակում է Մետաքսե Հակոբյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031