Գլենդելի հեղինակաւոր կրթօջախներից` Գլենդելի հանրային քոլեջը, ամէն տարի, Ապրիլը յայտարարում է «Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման եւ Ժառանգութեան ամիս», եւ բազմաբնոյթ ձեռնարկների միջոցով յիշատակում է Ցեղասպանութեան զոհերին ու միաժամանակ նշում հայ ժողովրդի տոկունութիւնն ու հարուստ ժառանգութիւնը:
2025թ.ի միջոցառումները ներառում էին պարային ծրագիր, շարժապատկերի ցուցադրութիւն, դասախօսութիւն, մոմավառութիւն, որ կազմակերպուել էին Քոլեջի` Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման յանձնախմբի եւ համայնքի կազմակերպութիւնների ու խմբերի հետ գործընկերութեամբ:
«Հայ մանուկների փառատօն» նախաձեռնութեան հետ համագործակցութեամբ, Ապրիլի 29ին, Գլենդելի Հանրային քոլեջի «Աուդիտորիում»ում կայացաւ «Հայ Երաժշտական Ժառանգութիւնը» թեմայով համերգ` նուիրուած հայ մշակոյթի հիմնասիւներից հայ երաժշտութեանը, որն իր մէջ ամփոփում է հայոց պատմութիւնը, լեզուն, աւանդոյթներն ու յիշողութիւնը: Հայ երաժշտութիւնը նաեւ այն բացառիկ գործիքն է, որ ներկայացնում է հայ մշակոյթի բազմադարեայ աւանդոյթներն ու ստեղծում կամուրջ մշակոյթների միջեւ երաժշտութեան համաշխարհային լեզուով:
«Այսօր Գլենդելի Հանրային քոլեջում նշում ենք հայ երաժշտութեան հարուստ պատմութիւնն ու ոգին: Այս ձեռնարկը բացառիկ համագործակցութիւն է, որի ընթացքում կը վայելէք հայկական մեղեդիների գեղեցկութիւնը, մեղեդիներ, որոնք կրում են հայ ժողովրդի յոյսերն ու պայքարը», ձեռնարկի բացման խօսքում նշեց Հայոց Ցեղասպանութեան Ոգեկոչման յանձնախմբի ներկայացուցիչ, Մշակութային բազմազանութեան բաժնի համակարգող Կարլա Ռուիզը:
Կարդացեք նաև
Յանձնախմբի անդամ, քոլեջի Ուսանողական հաւասարութեան եւ նուաճումների բաժնի (Student Equity & Achievement) ծրագրերի եւ ծառայութիւնների մասնագէտ Արփի Ամիրեանն էլ երախտագիտութիւն յայտնեց կրթօջախի ղեկավարութեանը, գործընկերներին, ուսանողներին` հայերին համերաշխութիւն յայտնելու համար ոչ միայն յիշատակի արարողութեան, նաեւ` հայկական այլ հարցերում: «Ձեր աջակցութիւնն այսօր ուժի, միասնութեան եւ մեր հզօրացման կենդանի վկայութիւնն է: Մշակութային ձեռնարկները միայն յիշողութեամբ կիսուելու միջոց չեն, նաեւ` տոկունութեան դրսեւորում: Հայոց Ցեղասպանութիւնը միայն պատմութեան էջ չէ, այն վէրք է, որ շարունակում է արնահոսել: Նոյնիսկ 110 տարի անց, հայերը բախւում են շարունակական հալածանքների եւ տեղահանութեան` սկսած 2020 թուականի Արցախի վրայ յարձակումից մինչեւ 2023 թուականին աւելի քան 120,000 մարդկանց բռնի տեղահանումն ու հայ ռազմագերիների շարունակուող ապօրինի բանտարկութիւնը: Սրանք հեռաւոր պատմութիւններ չեն, այլ` յիշեցումներ, որ արդարութեան համար պայքարը դեռ շատ հեռու է աւարտից», նշեց Ամիրեանը` յաւելելով, որ Ցեղասպանութիւնը վերապրած իր նախնիներից ժառանգել է նաեւ տոկունութիւն, կրթուելու պահանջ, արդարութեան զօրեղ զգացում եւ դրան հասնելու նուիրում եւ պատասխանատուութիւն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» թերթում: