«Այսօրվա անհանգիստ աշխարհում Հայաստանի համար ծանր աշխարհաքաղաքական պայմաններում, հայ դատավորների բազմաթիվ հայցերի պայմաններում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ձեր ներկայությունն այստեղ, թերեւս, թերագնահատել հնարավոր չէ: Նման հավաքները կարող են ունենալ որոշակի դրական ազդեցություն ոչ միայն դատավորների ազգային միությունների կայացման, նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացման, այլեւ դատավորների անկախության իրական ապահովման եւ դատարանների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացման համար»,-Դատավորների եվրոպական միության ամենամյա համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի ՍԴ նախկին դատավոր, ՄԻԵԴ նախկին դատավոր, ՀՀ դատավորների միության նախագահի առաջին տեղակալ Ալվինա Գյուլումյանը:
Նա մի դրվագ հիշեց. «Տարիներ առաջ, երբ ԵԽ-ում նախագահում էր Ֆրանսիան, ԵԽ անդամ երկրների բարձրագույն դատարանների ներկայացուցիչները հրավիրվել էին Փարիզ, որտեղ հանդիպում ունեցան նախագահ Մակրոնի հետ։ Նա ասաց, որ այսօրվա Եվրոպայում պոպուլիստ քաղաքական ուժերը փորձում են հարվածի տակ դնել դատական իշխանությանը, որը իհարկե, մենք թույլ չենք տա։ Բայց այդ պոպուլիզմը Հայաստանում որոշակի արդյունքների հասավ»:
Ալվինա Գյուլումյանի ձեւակերպմամբ, այդ ամենի հետեւանքով Հայաստանը ՄԻԵԴ-ում դատավորների պաշտոնավարման հետ կապված հարցեր ունի: Նա նաեւ ընդգծեց. «Ունենք արդեն գրանցած արդյունք, երբ դատավորի դիմումը ՄԻԵԴ-ը հիմնազուրկ չհամարեց ու խախտում արձանագրեց»։
Հավելենք, որ Երեւանում անցկացվող Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովին մասնակցում է ավելի քան 70 պատվիրակ՝ 34 երկրից։ Համաժողովի ընթացքում ի թիվս այլնի՝ կքննարկվեն Եվրոպայում եւ տարածաշրջանում դատական իշխանության անկախությանը, արդարադատության մարտահրավերները:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ