Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեությունը կապահովագրվի. նախագիծ

Մայիս 08,2025 13:07

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության կարգի նախագիծը:

Իրավական ակտի ընդունումը բխում է 2024 թվականին ընդունված «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններից:

Ներկայում մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրության իրավական դաշտը կարգավորված չէ: Նախագիծը միտված է պաշտպանելու ինչպես մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների և պետության,  այնպես էլ  փորձաքննության պատվեր ներկայացնող անձի շահերը մշակութային արժեքների փորձաքննության արդյունքում առաջացող հնարավոր վնասներից:

Մշակութային արժեքների փորձաքննություն իրականացնող մասնագետների գործունեության ապահովագրումը կիրականացվի մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագրի կնքմամբ: Ըստ այդմ՝ հնարավորություն կստեղծվի փոխհատուցելու փորձաքննության պատվեր ներկայացրած անձին, ինչպես նաև պետությանը հասցված վնասները, որոնք առաջացել են փորձաքննող մասնագետի ոչ կանխամտածված գործողությունների (անփույթ արարքի, սխալմունքի կամ բացթողման) հետևանքով:

Կսահմանվեն նաև փորձագետի ապահովագրության վճարները՝ ըստ տվյալ մասնագետի նախորդ տարվա ընթացքում մատուցած ծառայությունների  շրջանառության ծավալի: Ըստ այդմ՝ կարող  է սահմանել 500 հազարից մինչև 15 մլն ՀՀ  դրամ տարեկան ապահովագրության ընդհանուր սահմանաչափ:  Նոր գրանցված փորձագետների համար կսահմանվի 5 մլն դրամ սահմանաչափ:

Կարգի ընդունման արդյունքում փորձագետներն իրենց գործունեության իրականացման ողջ ընթացքում կունենան մասնագիտական ապահովագրության  պայմանագիր:

Նախագծի քննարկումն Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում կշարունակվի մինչև մայիսի 23-ը: Քաղաքացիները, շահագրգիռ կազմակերպությունները, մասնագետներն ու կառույցները կարող են ներկայացնել իրենց կարծիքները, դիտողություններն ու առաջարկները:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031