«Այսօր Երկրապահի օրն է, առիթից օգտվելով` ուզում եմ շնորհավորել բոլոր երկրապահներին, դիրքերում կանգնած տղերքին, նաեւ մեր ժողովրդին»,-լրագրողների հետ զրույցում ասաց Եռաբլուր պանթեոն այցելած ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Լրագրողի հարցին, որ այս օրը նաեւ Շուշիի ազատագրման օրն է, Շուշիի օպերացիան ի՞նչ տվեց մեր հաղթանակներին, եւ այսօր արդյոք արժեզրկվա՞ծ չէ այդ հաղթանակը, Սասուն Միքայելյանն այսպես արձագանքեց. «Այդ հարցը կտաք ուրիշ տեղ: Ինչ վերաբերվում է Շուշիին, Շուշիի ազատագրմանը ես էլ եմ մասնակցել 1992թ., վիրավորվել եմ, եւ իմ երջանիկ օրերից մեկն է եղել Շուշիի ազատագրումը… Մենք երկրապահներս նույն առաքելությունն ենք տանում, այսօր էլ Վազգենի թողած պատգամն ենք տանում, մինչեւ վերջ էլ կտանենք»:
Նա հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց՝ ասելով, որ իրեն ուղղվող հարցերը վերաբերվեն միայն Երկրապահին:
Հարցին՝ «Հարսանիք լեռներում» կրկին լինելո՞ւ է, հատկապես, որ երկրապահների մեծ մասն ասում է, որ լինելու է, եւ Արցախը կրկին ազատագրվելու է, Սասուն Միքայելյանն այսպես պատասխանեց. «Եթե մի քիչ խելոք լինենք, համախմբվենք, դեռ ճամփա ունենք հասնելու, պետք չի քաղաքականացնել, ուրիշ ուղղությամբ գնալ… »:
Կարդացեք նաև
Կառավարությունն ինչի՞ համար է հատկացում արել Երկրապահին: ԵԿՄ վարչության նախագահն այս հարցի վերաբերյալ հայտնեց, որ 2020 թվականից մինչեւ այսօր Երկրապահը Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում է. «Արցախյան ազատամարտին Երկրապահը 4000 հոգով մասնակցել է, տվել ենք 74 զոհ, 113 վիրավոր, այսօր էլ Պատանի Երկրապահներ ունենք, երեխաներ ենք պատրաստում, որ վաղը զինվոր դառնան: Այսօր երկրապահներից շատերը ծերացել են, սոցիալական, առողջական եւ այլ խնդիրներ ունեն, նաեւ նրանցով ենք զբաղվում: Մարտունիում գտնվող մեր ճամբարում էլ տարեկան 1500-2000 երեխա է հանգստանում, որտեղ ապրում են բանակի առօրյայով»:
Վերջին օրերին ադրբեջանական կողմի կրակոցներին էլ անդրադարձ եղավ. «Վերջին օրերին տարբեր ուղղություններով կրակոցներ կան, չգիտեմ իրենք ինչ են ուզում ասել դրանով, ինչ վերաբերվում է երկրապահներին, տարբեր ուղղություններով կանգնած են սահմանին»:
Դիտարկմանը, որ 1992-ին ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, բայց կարողացանք Շուշին ազատագրել, ո՞րն էր հաղթանակի գրավականը, Սասուն Միքայելյանը նշեց՝ համախմբվածությունը եւ Վազգեն Սարգսյանը. «Այդ ժամանակ տարբեր հավատքի, տարբեր կուսակցությունների ջոկատներ կային, անհատներ կային, Սպարապետը կարողացավ բոլորիս համախմբել, ու չունենալով բանակ՝ մենք տարանք հաղթանակ, եւ Երկրապահի հիմքի վրա ձեւավորվեց բանակը»:
Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարցի առնչությամբ էլ ընդամենն ասաց, որ Մանվել Գրիգորյանը իր մարտական ընկերն է եղել: Դիտարկմանը, որ Մանվել Գրիգորյանի հետ կապված քննարկումները այս օրերին ակտիվացել են, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է նաեւ խոսել նրա մասին, ԵԿՄ վարչության նախագահը հետեւյալը պատասխանեց. «Երրորդ նախագահը, որ խոսացել է… Մանվել Գրիգորյանին, որ բռնեցին, երրորդ նախագահի կուսակցական անդամ է, իրենից թող ճշտի»: Նա չցանկացավ անդրադառնալ այն թեմային, որ Մանվել Գրիգորյանին մեղադրում էին «տուշոնկա ուտելու» հայտնի պատմության մեջ։
Իսկ Շուշին դժբախտ դժգո՞ւյն էր (արտահայտությունը Նիկոլ Փաշինյանինն է-Գ.Հ.), թե ռազմավարական կարեւոր հենակետ՝ լրագրողի այս հարցը եւս ակնհայտորեն դուր չեկավ Սասուն Միքայելյանին. «Դու արդեն ուրիշ տեղ տարար»:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ